Սոֆյա Պողոսյանը՝ Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ 7 տարվա ամուսնության, ճգնաժամերի և փոխադարձ վստահության մասին

16:09 • 19.09.26

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ու դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը նշում են ամուսնության 7-ամյակը։ Այս առիթով Սոֆյան ամուսնու հետ լուսանկար է հրապարակել և անկեղծ գրառմամբ անդրադարձել իրենց անցած ճանապարհին՝ խոստովանելով, որ այս տարիներին իրենց հարաբերություններում եղել են թե՛ երջանիկ պահեր, թե՛ դժվարություններ և ճգնաժամեր։

Tert.am Life-ը Սոֆյա Պողոսյանի հետ զրուցել է ամուսնության 7 տարիների, հարաբերությունների ընթացքում ունեցած փոփոխությունների, ճգնաժամերի և փոխադարձ վստահության մասին։

Դերասանուհու խոսքով՝ տարիների ընթացքում յուրաքանչյուր մարդ որոշակիորեն փոխվում է։ Իր դեպքում էլ փոփոխություններից մեկը դարձել է ավելի քիչ իմպուլսիվ լինելը։

«Կարծում եմ՝ բոլորս էլ տարիների ընթացքում որոշ չափով փոխվում ենք։ Էմոցիան մնում է նույնը, բայց շատ բաներ նույնպես փոխվում են։ Մեծանում ես, հասունանում և տարբեր երևույթների սկսում ես այլ կերպ նայել։ Իմ դեպքում, երևի, դարձել եմ ավելի քիչ իմպուլսիվ»,- ասել է Սոֆյան։

Խոսելով տարիների ընթացքում սիրո փոփոխության մասին՝ դերասանուհին նշել է, որ իրենց դեպքում այն չի մարել, այլ, ընդհակառակը, տարբեր դժվարություններ հաղթահարելուց հետո ավելի է ամրապնդվել։

«Մեզ մոտ, ընդհանուր առմամբ, սերը չի փոխվել։ Պարզապես տարբեր ճգնաժամեր հաղթահարելուց հետո հիմա կարող եմ ասել, որ այն ավելի է ամրապնդվել, դարձել ավելի հասուն և խորը։ Բայց կարևոր է կարողանալ ճիշտ անցնել այդ ճգնաժամերի միջով։ Երբ գտնվում ես բուն ճգնաժամի մեջ, նույնիսկ կարող է թվալ, թե սերն է մարել։ Այդ փուլում գտնվող մարդկանց խորհուրդ կտամ զգոն լինել, ուշադիր լինել և չտրվել տվյալ պահի բացասական ազդեցությանը։ Հնարավոր է՝ դա պարզապես ճգնաժամային շրջան է, և այն հաղթահարելուց հետո հարաբերությունները նոր փուլ են մտնում։ Տևական հարաբերություններում հաճախ այդպես է լինում»,- նշել է նա։

Սոֆյան չի թաքցրել, որ իրենց հարաբերություններում նույնպես եղել են պահեր, երբ իրավիճակը կարող էր թվալ անհաղթահարելի։

«Այո՛, եղել են նման փուլեր։ Ճգնաժամի ժամանակ բոլոր էմոցիաները սկսում ես այլ գույներով տեսնել։ Նույնիսկ կարող է թվալ, թե սերը մարել է կամ որ ամեն ինչ կա, բայց դու պարզապես այդ շրջանի ազդեցության տակ ես և ամեն ինչին այդ տեսանկյունից ես նայում։Ցանկացած ճգնաժամ կամ քանդում է հարաբերությունները, կամ ավելի է ամրապնդում։ Դրանից դուրս գալու երկու ճանապարհ կա»,- ասել է դերասանուհին։

Նրա խոսքով՝ հարաբերությունների ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել միայն մեկ մարդու ջանքերով։ Այդ հարցում կարևոր է զույգի համատեղ աշխատանքը։

«Դերակատարումը երկուսինն է։ Եթե խոսում ենք զույգի հարաբերությունների ճգնաժամի մասին, այն միակողմանիորեն հաղթահարել հնարավոր չէ։ Անպայման պետք է երկուսով անցնել դրա միջով։ Հարաբերություններում ամեն ինչ պետք է լինի փոխադարձ»,- ընդգծել է Սոֆյան։

Ամուսնության տարիների ընթացքում դերասանուհին նաև նորովի է գնահատել հարաբերություններում փոխզիջումների և միմյանց հասկանալու կարևորությունը։ Նրա խոսքով՝ երկու տարբեր մարդիկ, սկսելով միասին ապրել, անխուսափելիորեն բախվում են միմյանց տարբերություններին, և հենց այդ ընթացքում են հարաբերությունները հղկվում։

Սոֆյան Աշոտի մեջ տարիների ընթացքում հատկապես գնահատել է նրա նվիրվածությունը, բարությունն ու վստահելիությունը։

«Նրա նվիրվածությունը, բարությունն ու վստահելիությունը։ Կարծում եմ՝ դրանք նրա ամենահիմնարար դրական հատկանիշներն են։ Նրա կողքին ես կարողանում եմ իսկապես թուլանալ, հանգիստ լինել և որոշ ժամանակ կտրվել  ամեն ինչից»,- ասել է դերասանուհին։

Զույգի հարաբերություններում տարիների ընթացքում փոխվել է նաև վեճերից հետո հաշտվելու գործընթացը։

«Մի շրջան կար, երբ առաջին քայլն ավելի հաճախ ես էի անում, իսկ հիմա դա դարձել է փոխադարձ»,- նշել է Սոֆյան։

Դերասանուհին անդրադարձել է նաև ամուսնու՝ հանրության շրջանում ձևավորված կերպարին։ Նրա խոսքով՝ Աշոտին դրսից հաճախ կարող են ընկալել որպես խիստ ու սառը մարդ, մինչդեռ ընտանիքում նրա կերպարը բոլորովին այլ է։

«Մեր երկուսի մասին էլ կողքից կարող է շատ տարբեր կարծիք ձևավորվել՝ մեզ կարող են սառը համարել։ Բայց մտերիմները գիտեն, որ իրականում ամեն ինչ բոլորովին այլ է»,- ասել է նա։

Սոֆյան խոսել է նաև ընտանիքում փոխադարձ աջակցության կարևորության մասին։ Նրա խոսքով՝ այսօր ամենից շատ գնահատում է այն, որ ամուսինները կարողանում են միմյանց համար թև ու թիկունք լինել։

«Իրար թև ու թիկունք լինելը, ամեն հարցում կողք կողքի կանգնելը և, իհարկե, միմյանց չխանգարելը։ Փոխադարձ աջակցությունը շատ կարևոր է, որպեսզի ընտանիքում կարողանաս իսկապես հանգստանալ և ուժ հավաքել առօրյա ու կենցաղային տարբեր խնդիրներից հետո»,- նշել է դերասանուհին։

Ամուսնության սկզբնական շրջանում զույգի հարաբերություններում եղել է նաև խանդ, սակայն տարիների ընթացքում այն, ըստ Սոֆյայի, փոխարինվել է վստահությամբ։

«Սկզբնական շրջանում խանդ եղել է, բայց տարիների ընթացքում դա, երևի, ամենաշատն է փոխվել։ Փոխադարձ վստահությունն ամենակարևոր հիմքերից մեկն է։ Եթե իսկապես վստահում ես մարդուն, դա բառի բոլոր իմաստներով է լինում։ Կողքիդ մարդուն ընկալում ես որպես հասուն, գիտակից անձ, որն ինքն է պատասխանատու իր որոշումների համար։ Այդ դեպքում խանդի համար այլևս տեղ չի մնում»,- ասել է Սոֆյան։

Իսկ եթե իրենց 7 տարվա ամուսնական կյանքը ֆիլմ լիներ, Սոֆյան այն կանվաներ «Պատմություն մեր մասին»՝ իր սիրելի ֆիլմերից մեկի անունով։

«Ինձ թվում է՝ այդ անվանումը շատ դիպուկ է հենց մեր մասին։ Իսկ ֆիլմից մեր հարաբերություններին ամենից շատ բնորոշ է փոփոխությունների և վերափոխումների նկատմամբ ճկուն լինելը»,- եզրափակել է դերասանուհին։

 

Հեղինակ ՝ Թամարա Քալանթարյան