Նոր հեռուստանովել՝ «Վերջին հայրիկը» և հեռուստապատումների շարք՝ «Երջանկության արցունքները» ATV-ի եթերում

12:15 • 10.11.15

ATV-ին սկսել է միանգամից երկու նոր հեռուստանախագիծ՝ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալը և «Երջանկության արցունքները» հեռուստապատումը։

 

«Վերջին հայրիկը» հեռուստասերիալը պատմում է տասնչորսամյա Ռուբենի մասին, ում մայրն ինքնասպան է լինում ու նրան նամակ թողնում, որ գտնի հորը: Հոր գոյության մասին ոչինչ չիմացող Ռուբենը զանգահարում է մոր թողած հեռախոսահամարով և իմանում, որ հայրը դատապարտված է սպանության համար, բայց առաջիկա օրերին լրանում է նրա ազատազրկման ժամկետը:

 


Թվում է, որ Ռուբենը կգտնի հորը, և երկուսն էլ կփորձեն լրացնել բացը, բայց ճակատագիրը նոր «անակնկալ» է մատուցում նրանց, և պատմությունը այլ ընթացք է ստանում:

 

«Ֆիլմի սյուժեի մասին այսքանը, չեմ ցանկանում չակերտները բաց անել, միայն հույս ունեմ, որ հեռուստասերիալը հաջողություն կունենա։ Սերիալը իր տեսակի մեջ նախադեպը չունի, գլխավոր հերոսները երեք տղամարդիկ են՝ պապիկ, հայր, որդի»,- Tert.am-ին պատմեց սերիալի պրոդյուսեր Անահիտ Մխիթարյանը։

 

Հեռուստասերիալի գլխավոր դերերում են Վարդան Հովսեփյանը, Գուժ Մանուկյանը, Ռոբերտ Հակոբյանը, Արման Մարտիրոսյանը։ Սերիալի սաունդթրեքը կատարել է Քրիստինե Պեպելյանը։  Երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը, ով հենց ինքը նույն սերիալի սցենարիստն է։

 

«Երբ հեռուստասերիալը պատրաստվում էր եթեր գնալ ինձ խնդրեցին, որ սաունդթրեքը ես երգեմ ու քանի որ ես այս երգն արդեն ունեի, որոշեցի ուղղակի նվիրել սերիալին։ Երգը անվանակոչեցինք «Աղոթք»։ Այն ինձ համար կարծես զրույց լինի Աստծո հետ, ուզում եմ անպայման նշել, որ ոչ մի անհույս վիճակ անհաղթահարելի չէ մարդու համար, բոլոր աղոթքները, որոնք ուղղված են առ Աստված, անպայման տեղ են հասնելու։ Տեսահոլովակը նկարահանվել է ֆիլմի կադրերի հիման վրա, հույս ունեմ, որ հաջողություն կունենա հեռուստասերիալը»,-Tert.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհի Քրիստինե Պեպելյանը։

 

«Երջանկության արցունքները» հեռուստապատումների շարքը ներկայացնելու է պատմություններ, որոնց հիմքում իրական դեպքեր են այսօրվա խնդիրների մասին:

 

Սոցիալական, կենցաղային և մարդկային հարաբերությունների մասին պատմող սերիաները ամեն անգամ հայտնվելու են նոր ընտանիքում, նոր իրավիճակի շուրջ, և վատ օրինակը ցույց տալով՝ փորձելու են մարդկանց տարբերակներ առաջարկել ընտանեկան ողբերգությունները կանխելու համար:

 

Լենա Մինասյան

Նոր հեռուստանովել՝ «Վերջին հայրիկը» և հեռուստապատումների շարք՝ «Երջանկության արցունքները» ATV-ի եթերում