Սարգիս Գրիգորյանը՝ «Որոգայթ»-ի վերադարձի, դուստրերի կարիերայի և նոր նախագծերի մասին

16:50 • 29.09.26

Սկսվել են «Որոգայթ․ Նոր սկիզբ» սերիալի նկարահանումները։ Նկարահանման ընթացքից կադրերով սոցիալական ցանցերում կիսվել է նաև դերասան Սարգիս Գրիգորյանը։ Նոր նախագծի գործողությունները տեղի են ունենալու «Որոգայթ»-ի նախորդ իրադարձություններից 15 տարի անց։

Սերիալում ընդգրկված են Հարություն Մովսիսյանը, Խորեն Լևոնյանը, Բորիս Մելքոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Ադրինե Աճեմյանը և այլ դերասաններ։ Tert.am Life-ը զրուցել է Սարգիս Գրիգորյանի հետ նոր նախագծի, դերասանական աշխատանքի, «Որոգայթ»-ի նկատմամբ տարիներ շարունակ պահպանվող հետաքրքրության, դուստրերի կարիերայի և առաջիկա ծրագրերի մասին։

Դերասանը պատմեց, որ նոր «Որոգայթ»-ի ստեղծման մասին որոշակիորեն տեղյակ էր, իսկ առաջարկը ստանալուց հետո սիրով է համաձայնել մասնակցել նախագծին։

«Քաղաքը փոքր է, և այդ նախաձեռնության մասին տեղյակ էի։ Երբ հասկացա, որ պատրաստվում են նկարահանել, բնականաբար ուրախացա։ «Որոգայթ»-ը կարող եմ նաև իմ նախագիծը համարել, որովհետև անմիջական մասնակցություն եմ ունեցել առաջին նախագծում։ Ինձ համար այդ պատմությունը շատ հարազատ է։ Եթե համեմատենք մյուս քրեական դրամաների հետ, «Որոգայթ»-ը, իմ կարծիքով, առավել ուսուցողական բնույթ ունի և հիմնված է մարդկային արժեքների վրա։ Նույնիսկ եթե այն անդրադառնում է քրեական ենթամշակույթին, հերոսների պայքարը շատ դեպքերում կառուցված է մարդկային արժեքների և արդարության շուրջ։ Այդ պատճառով սիրով ընդունեցի հրավերը»,- ասաց նա։ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ նոր սեզոնի սցենարն իրեն այնքան է հետաքրքրել, որ 24 սերիան կարդացել է ընդամենը հինգ ժամում։ «Երբ ստացա 24 սերիան, հինգ ժամում ամբողջը կարդացի։ Այնքան հետաքրքիր էր ինձ համար, այնքան էր ինձ գրավել, որ չկարողացա ընդհատել»,- նշեց դերասանը։

Նա, սակայն, չցանկացավ բացահայտել նոր սեզոնի հիմնական զարգացումները՝ նշելով միայն, որ հեռուստադիտողին սպասվում է բավականին դինամիկ պատմություն։ «Շատ չեմ ցանկանում փակագծեր բացել, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ հետաքրքիր է լինելու։

Սցենարիստը այնպես է կառուցել պատմությունը, որ անընդհատ նոր զարգացումներ են տեղի ունենում։ Չես կարող նույն տրամաբանությամբ առաջ գնալ և կանխատեսել՝ ինչ է լինելու հաջորդ տեսարանում»,- ասաց նա։

Դերասանն անդրադարձավ նաև քրեական ենթամշակույթին վերաբերող ֆիլմերի և սերիալների նկատմամբ հասարակական վերաբերմունքին։ Նրա խոսքով՝ այդ ժանրը ներկայացնելը ինքնին չի նշանակում այն դրականորեն քարոզել։

«Ամբողջ աշխարհում տարբեր ֆիլմեր են նկարահանվում։ Եթե խոսում ենք քրեական թեմաների մասին, կարելի է հիշել բազմաթիվ հայտնի ֆիլմեր։ Կարևորը մատուցման ձևն է։ Կարելի է նույն թեման ներկայացնել շատ բարձր որակով և ճաշակով։ Ես «Որոգայթ»-ը բակային մակարդակի պատմություն չեմ համարում։ Այն իր ժանրից դուրս է գալիս և ավելի լայն ասելիք ունի»,- նշեց նա։

Սարգիս Գրիգորյանը խոսեց նաև տարիների փորձի մասին՝ նշելով, որ այսօր կերպար ստեղծելու գործընթացն իր համար ավելի բնական է դարձել։

«Արդեն մոտ 20-25 տարի է՝ այս մասնագիտության շրջանակում աշխատում եմ։ Երբեմն այդ հարցին շատ լուրջ էի մոտենում, հիմա ասում եմ՝ սա իմ աշխատանքն է։ Որքան երկար ես մասնագիտության մեջ, այնքան ավելի արագ ես հասկանում՝ ինչ պետք է անել։ Տեքստը կարդում ես, շփվում ես ռեժիսորի և սցենարիստի հետ, նկարահանման հրապարակում արդեն ինքնաբերաբար հասկանում ես՝ ինչ է պետք կերպարին»,- ասաց նա։

Դերասանը չհաստատեց երկրպագուների սպասումը՝ «Որոգայթ»-ում իր դուստրերի հետ համատեղ նկարահանվելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ աղջիկներն այս պահին այլ նախագծերում են զբաղված։

«Սերիալում իրենք չկան։ Իրենց նախագծերն ունեն, զբաղված են։ Ես չեմ ցանկանում նրանց տանել այն ճանապարհով, որ միայն իմ ճանաչվածության շնորհիվ ինչ-որ տեղ հայտնվեն։ Իրենք պետք է իրենց ճանապարհը կառուցեն»,- ասաց Սարգիս Գրիգորյանը։

Դերասանը նաև նշեց, որ որպես հայր հետևում է դուստրերի գործունեությանը և փորձում է այնպես անել, որ ճանաչվածությունը չխանգարի նրանց զարգացմանը։

«Հնարավորինս վերահսկողության տակ ենք պահում այդ ամենը։ Ես և կինս՝ Մանոն, ակտիվորեն հետևում ենք աղջիկների գործունեությանը, հաճախ նաև սոցիալական ցանցերն ենք ստուգում՝ հասկանալու համար, թե ում հետ են շփվում և ինչ միջավայրում են։ Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի հանկարծ ճանաչվածությունը չվերածվի աստղային հիվանդության և չշեղի նրանց։ Այսօր դա բավականին կարևոր է»,- ասաց նա։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ իր աշխատանքային օրակարգը բավական հագեցած է լինելու։ Բացի «Որոգայթ․ Նոր սկիզբ»-ից, նա զբաղված է թատրոնում և այլ կինոնախագծերում։ Դերասանը նաև անդրադարձավ տարիներ շարունակ կնոջ՝ Մանոյի հետ հանդիսություններ վարելուն՝ նշելով, որ իրենց համար կարևոր է եղել տարբերվող և որակյալ աշխատանք ներկայացնելը։

«Մենք փորձում էինք տարբերվող լինել, ինչ-որ բան անել, որ ավելի որակյալ դառնանք։ Հիմա միջոցառումների կազմակերպչական աշխատանքների մեջ չենք ցանկանում մուտք գործել, որովհետև ես անձամբ ավելի շատ ցանկանում եմ մուտք գործել թատրոնի դաշտ»,- ասաց նա։

Սարգիսը նշեց, որ այս փուլում ինքն ու Մանոն նաև նոր ուղղություններով են զարգանում։ Մանոն այժմ կրկին ուսանող է՝ սովորում է հոգեբանություն և մասնագիտությամբ խորացված զբաղվելու նպատակով շարունակում է կրթությունը։

«Մանոն հիմա հոգեբանություն է սովորում, գնում է համալսարան։ Ես հետևում եմ այդ ամենին, և նա բավական լուրջ ուսումնասիրում է հոգեբանությունը»,- նշեց դերասանը։ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ վերջին ամիսն իր համար բավական հագեցած է եղել․

«Վերջին վեց-յոթ ամիսների ընթացքում բավականին շատ աշխատանք եմ ունեցել։ Թատրոնում եմ ներգրավված, երկու ներկայացում արդեն արել ենք, երրորդի հրավերն էլ ստացել եմ։ Կան նաև ֆիլմեր, մի քանի բան էլ կա, որոնց մասին հիմա չեմ ցանկանում խոսել, որովհետև ընթացքում շատ բան կարող է փոխվել։ Մնացածը թող մնա հանդիսատեսի դատին»։

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան