Կյանքն Instagram-ի հետ. Առաջ և հետո
Instagram աշխարհում ամենահայտնի սոցցանցերից մեկն է դարձել: Այն հոկտեմբերին տոնեց իր 5-ամյա հոբելյանը: Ամփոփելով արդյունքները` փորձենք պարզել` ի՞նչ է տվել աշխարհին այս կայքն իր գոյության ընթացքում, ի՞նչ յուրահատուկ բաներ կան հրատարակված այդ 40 մլրդ լուսանկարներում, որոնց մասին մենք նախկինում չգիտեինք, չէինք տեսել և լսել:
«Մինչև չնկարեմ, չեմ ուտի». Instagram-ի օգտատերերի համար հայտնի արտահայտություն: Այս կայքում ախորժելի (երբեմն էլ ոչ այնքան) ուտեստների լուսանկարներն ավելի հաճախ են հանդիպում, քան դաքֆեյսների։

Instagram-ի ամենահայտնի լուսանկարներն այսպես կոչված դաքֆեյսն է` արտափքված շրթունքներով լուսանկարները, որոնք համբույր են ցույց տալիս: Շատերի կարծիքով` դա շատ գեղեցիկ է և ցանկահարույց: Թեև այս ֆենոմենն ընդամենը մի քանի տարեկան է, բայց ինչպես երևում է, այն այլևս չես կարող ո՛չ խեղդել, ո՛չ սպանել։
Նախկինում ճանապարհորդությանը վերաբերող ժուռնալիստիկայի ոլորտում աստղ դառնալու համար պետք էր գոնե 10 տարի աշխատել որևէ մասնագիտական պատկառելի ամսագրում: Իսկ այժմ կարելի է պարզապես ճանապարհորդել աշխարհով, Instagram-ի սեփական էջում գեղեցիկ լուսանկարներ տեղադրել, «լայքեր» հավաքել, և դու TrevelStar ես:
Instagram-ի շնորհիվ կարելի է նաև աստղ դարձնել սեփական չորքոտանի բարեկամին: Պետք է ընդամենը կենդանու համար էջ բացել և նրա լուսանկարները տեղադրել: Instagram-ում այդպիսիք շատ են, բայց ամենահանրահայտ կենդանին «Մռայլ կատուն» է (@realgrumpycat). նա արդեն ավելի քան 923 հազար հետևորդ ունի:

Instagram-ով կարելի է գումար վաստակել, որից չեն հրաժարվում նույնիսկ առաջին մեծության աստղերը: Դրա համար առանձնապես ջանքեր չեն պահանջվում. ապրանք արտադրողները, ովքեր գովազդի կարիք ունեն, իրենք են գտնում նրանց, այն հայտնի և անհայտ մարդկանց, ովքեր շատ հետևորդ ունեն և առաջարկում են հոնորարի դիմաց գովազդ տեղադրել իրենց էջերում: Նմանատիպ անուղղակի գովազդներ հաճախ են անում մասնավորապես ռուսական շոու բիզնեսի աստղերը: Եթե դուք հանդիպում եք նրանց առավոտյան լուսանկարին, որտեղ աստղը ինչ-որ քսուք է քսում դեմքին, վստահ եղեք, դա, ամենայն հավանականությամբ, այդ քսուքի գովազդն է, ոչ թե առավոտյան սելֆի:

Instagram-ը փոխել է հանրահայտության պատճառների ու հետևանքների տեղերը: Այժմ նորաձև ապրանքանիշները ձգտում են գովազդային պայմանագրեր կնքել ոչ թե այն մոդելների հետ, ովքեր սիրված են կամ հայտնի, այլ այն մոդելների հետ, ովքեր նաև սոցցանցերում շատ հետևորդներ ունեն, որովհետև դա ապրանքաշրջանառության լրացուցիչ հնարավորություն է:
Instagram-ն առանձնահատուկ հրապարակ է` իրենց արձակուրդով պարծենալ ցանկացողների համար: Մայրամուտներ, երկնքի ֆոնին արմավենիներ, գունավոր կոկտեյլներ, լողազգեստով ֆոտոշարքեր, մի խոսքով` թող աշխարհն իմանա, թե դուք որտեղ եք հանգստացել:

Իսկ ամենակարևորը` Instagram-ն իրար ավելի մոտ լինելու հնարավորություն տվեց մարդկանց: Այսպես` երբ առավոտյան նոր բացելով աչքերդ տեսնում ես, որ, ասենք, Մադոննան իր լոգարանում ատամներն է լվանում և 5 րոպե առաջ այդ գործողությունը կատարելու լուսանկար է տեղադրել իր էջում, ակամայից նրան զգում ես, ասես, կողքի սենյակից, ինչը անչափ հետաքրքիր է, որը 5 տարի առաջ հաստատ անբացատրելի զգացողություն կլիներ:







