Տեղի ունեցավ «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանի բացումը
Այսօր ավան վարչական շրջանում բացվեց «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանը, որը ֆինանսավորելու է բացառապես Երևանի կենտրոնում՝ Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկում օրերս բացված «Avenue 37» սրճարանի շահույթի և թեյավճարների հաշվին։ Մոտ ապագայում ճաշարանների թիվը կընդլայնվի։
Նախագծի գաղափարի հեղինակ Արամ Անտինյանը նշեց, որ առայժմ գործում է միայն մեկ ճաշարան, սակայն ցանցն ընդլայնելու ցանկություն ունեն։ «Սկսել ենք 40 հոգուց, նրանց ճաշ ենք տալու շաբաթական 5 օր: Հուսով ենք առաջիկայում կբազմապատկենք այս թիվը։ Դա արդեն կախված է «Avenue 37»-ում հաճախորդների ակտիվությունից. որքան շատ լինեն հանգանակությունները, այնքան կընդլայնվի «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանների ցանցը»,- ասաց նա ավելացնելով, որ ճաշարանը միայն սնվելու համար չէ նախատեսված, կա նաև հանգստի սենյակ, որտեղ մեծահասակները և անապահովները կարող են ստանալ բուժօգնություն և հոգեբանական ծառայություն։ Ինչպես նաև լինելու է սոցիալական աշխատող, ով կազմակերպելու է միջոցառումներ ճաշարանից օգտվողների համար։
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության հետ, որի օգնությամբ էլ ընտրվել են առավել կարիքավոր ընտանիքները։ «Աշխատում ենք սոցիալական ծառայության հետ, ունենք խոցելի խմբեր՝ միայնակ տարեցներ, հաշմանդամներ, բազմազավակ, գործազուրկ ընտանքիներ։ Մենք այցելել ենք նրանց տներ, տեսել իրավիճակն ու ընտրել նրանց, ովքեր իսկապես ունեն ճաշարանում սնվելու կարիք։ Տարիքային սահմանափակում չենք դրել»,- ասաց ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Կիրակոսյանը ու հավելեց, որ նրանց ցանկում ընդգրկված են նաև սիրիահայեր։ Տիկին Հռիփսիմեն նշեց նաև, որ կազմակերպությունը գործում է դեռ 1988 թվականից՝ երկրաշարժից հետո։
Նյութը՝ Լենա Մինասյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի







