Ճանաչված դեմքերի ոճային երեխաները «Փոքրիկ թիթիզները»
«Եթե աղջիկ ունենայի, նրան հենց այսպես կհագցնեի»,- օրերս սոցցանցում գրել է երգչուհի-մոդելագործ Անահիտ Սիմոնյանը` ցուցադրելով այս աղջնակին, որի զգեստը, պետք է ենթադրել, ինքն է ստեղծել:
Չխորանալով փոքր տարիքում մեծահասակների, այն էլ սև զգեստներ կրելու նպատակահարմարության մեջ, այդուհանդերձ փաստենք, որ հայտնի ծնողները, գիտակցելով, որ երեխաներն իրենց աստղային կարգավիճակի շարունակությունն են, ուշիուշով հետևում են նրանց զգեստապահարանի մոդայիկ լինելուն: Ըստ այդմ, փորձեցինք պարզել, թե մեր աստղերը խաղալիքներից ու գաջեթներից զատ ինչ բրենդային հագուստներով են «երես տալիս» իրենց զավակներին:

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստր Լիլիթը
Իննամյա աղջնակի հագուստը Լուիզան հիմնականում Լիլիթի հետ է ընտրում: Իհարկե, հարկ եղած դեպքում մայրը ուղղորդում և խորհուրդներ է տալիս դստերը: Գնումներ կատարելիս նա առավել ուշադրություն է դարձնում հագուստի որակին: «Դստերս զգեստապահարանն անընդհատ է թարմացվում: Որպես կանոն` այնտեղ գերակշռում են նարնջագույնը, սպիտակ և կանաչ գույները»,- ասում է դերասանուհին: Իսկ ժամացույցները, վզնոցներն ու թևնոցները Լիլիթի ամենասիրած աքսեսուարներն են:

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդի Ալբերտոն
Վեցամյա տղան, ինչպես պարզվում է, բավական համառ ու բծախնդիր է: ՙԱլբերտոն սիրում է ինքնուրույն ընտրել իր հագուստը,- ասում է Հռիփսիմեն,- իսկ նախապատվությունը տալիս ենք Zara-և Next ապրանքանիշներին, քանի որ գնահատում եմ որակը»։ Տղայի զգեստապահարանը հաճախ է համալրվում` չափսերի փոփոխվելուն համընթաց: «Որդիս սիրում է ժամացույցներ, ակնոցներ, իսկ վերջերս նաև թևնոցներ կրել: Վերջիններս հիմնականում պատվիրում ենք` նրա դաստակին համապատասխան: Այդ ամենին գումարած` նա առանց օծանելիքով օծվելու տնից դուրս չի գալիս, բացի այդ, մեր ավտոմեքենայում ամեն դեպքում մի սրվակ պահում ենք»,- ասում է մայրը:

Նունե Եսայանի և Ավո Խալաթյանի որդի Հենրին
Յոթամյա տղայի զգեստապահարանը հիմնականում մայրն է համալրում` մոտավորապես ամիսը մեկ: «Հենրին հագնում է այն, ինչ դեռևս ես եմ նրա համար ընտրում, ընդ որում, այդ առումով նա ամենևին քմահաճ չէ,- ասում է երգչուհին, ապա ժպիտով հավելում,- փոխարենը` տղաս ավելի ուշադիր է իմ հագուկապի հանդեպ, և ամեն անգամ տնից դուրս գալուցս առաջ նա ինձ տեղին խորհուրդներ է տալիս, ինչը վկայում է նրա` արդեն իսկ ձևավորված ճաշակի մասին»։ Նունեն հավատացնում է, որ որդու համար հագուստ ընտրելիս բրենդների հետևից չի ընկնում, սակայն հատուկ ուշադրություն է դարձնում աքսեսուարներին` շարֆերն ու գոտիները Հենրիի զգեստապահարանում ուրույն տեղ են զբաղեցնում:
.jpg)
Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի Արմանը
Որդու հագուստները, բնականաբար, մոդելագործ մայրն է ընտրում: «Հաճախ լինելով արտերկրում` ես կամ ամուսինս հիմնականում այնտեղից ենք Արմանի համար հագուստ գնում: Ընդ որում, բրենդներին կարևորություն չենք տալիս, այլ ընտրում ենք որակը»,- ասում է Անահիտը: Տղայի զգեստապահարանում մուգ գույներն են գերակշռում, բայց կան նաև վառ ամառային շապիկներ ու բլուզներ: Մոդելագործ մայրը փոքր-ինչ ափսոսանքով է նշում, որ Արմանը, հակառակ իր դասական ոճի սիրահար հորը, նախընտրում է սպորտային ոճը և չի սիրում աքսեսուարներ կրել:

Արմինկայի որդի Ալեքսը
Վեցամյա տղայի համար երգչուհին է հագուստ ընտրում: «Ալեքսի զգեստապահարանը թարմացվում է տարին 1-2 անգամ, սակայն կոշիկներ բավական հաճախ եմ գնում. որդուս ոտքերն արագ են մեծանում,- ժպիտով ասում է Արմինկան, ապա հավելում,- ի դեպ, բրենդներից առավել (թեև երգչուհու խոսքով` «Դոլչե Գաբանան» Ալեքսի արտաբերած առաջին բարդ բառն է եղել) նախընտրում եմ բնական նյութերն ու որակը: Արդեն զգացվում է, որ որդիս սիրում է լավ հագնվել, հատկապես գույների սիրահար է և սովոր է համադրել դրանք»: Ըստ երգչուհու` Ալեքսն արդեն իր ճաշակն ունի: Իսկ թիթեռնիկ-փողկապները տղայի ամենասիրելի աքսեսուարներն են:

Աղբյուրը՝ TV Մոլ







