Ռուբեն Զաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական. Արմեն Ամիրյան

14:07 • 09.12.15

Աշխատանքից ազատվելու իմ դիմումի առթիվ տարատեսակ մեկնաբանություններ սկսվեցին, որոնցից որևէ մեկն իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին գրել է հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը՝ Facebook-ի իր էջում։

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,
Հանրային ռադիոյի սիրելի ունկնդիրներ, աշխատակիցներ,

Երեկ աշխատանքից ազատվելու իմ դիմումի առթիվ տարատեսակ մեկնաբանություններ սկսվեցին, որոնցից որևէ մեկն իրականության հետ որևէ աղերս չունի:

Հանրային ռադիոյի աշխատակիցներին ուղղված իմ շնորհակալական խոսքում շատ հստակ շարադրել էի աշխատանքից ազատվելու դիմումիս դրդապատճառը, մեջբերում եմ. «Սիրելի գործընկերներ, ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին»:


Խնդրում եմ դադարեցնել տարատեսակ մեկնաբանությունները: Աշխատանքից ազատվելու դիմումս սահմանադրության հանրաքվեի հետ որևէ կապ չունի, կառավարության աշխատակազմի հետ ես որևէ խնդիր չունեմ, Ռուբեն Զաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական են: 

Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում իմ երեք տասնամյակից ավել կուտակած փորձը, մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները ես ցանկանում եմ օգտագործել մեր ոլորտի ավելի լայն շրջանակի համար: Ուստի աշխատանքից ազատվելու և խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկությունն ու որոշումը բացառապես իմն է:

Եվ քանի որ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքն արգելում է հանրային լրատվամիջոցի տնօրենին մասնակցել հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթին, հետևաբար, ես իմ կամքով ներկայացրեցի աշխատանքից ազատման դիմում:


Կրկին խնդրում եմ չշահարկել այս հարցը, չթիրախավորել և անհիմն չմեկնաբանել: Այլապես նոր աշխատանքի հետ կապված իմ բարի և դրական ցանկությունը արժեզրկվում է: 

Հուսով եմ, որ սա կլինի թեմայի շուրջ վերջին գրառումը ոչ միայն իմ, այլ նաև զանգվածային լրատվամիջոցների իմ գործընկերների կողմից:

Հարգանքներով`
Արմեն Ամիրյան»։

 

Ռուբեն Զաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական. Արմեն Ամիրյան