Ինչպես անցկացնել Ամանորը` ծախսելով քիչ գումար
Ամանորը դադարում է լինել ամենասիրված տոնը, երբ բախվում եք ֆինանսական խնդրին: Ամեն տարի որոշում եք չնշել այն, բայց դեկտեմբերի 20-ից սկսում ամանորյա գնումները` հաճախ ուրիշից պարտքով վերցված գումարով, վարկային քարտերով: Իսկ հետո ամիսներ վատնում` փակելով «ապառիկ» Ամանորի գումարը:
Ասում են` Ամանորն ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի ամբողջ տարին: Պարտքերով տարին սկսելը, վստահաբար, լավագույն տարբերակը չէ: Իսկ ինչպե՞ս նշել Ամանորը, երբ չունես բավարար չափով գումար:
Կարդացեք Tert.am-ի առաջարկները և թող այս Ամանորն ամենահիշվողը լինի…
Նոր տարին ընտանեկան տոն է: Հարկ չկա մեծ գումարներ ծախսել շքեղ սեղան ունենալու համար: Համացանցում գտեք հետաքրքիր ուտեստների բաղադրատոմսեր, պատրաստեք թեթև աղցաններ` հսկայական խոզի բդի փոխարեն: Պատրաստեք ավանդական կոպեկով գաթա, գնեք մրգեր ու քաղցրավենիք: Ձեր ամանորյա սեղանը այսպիսով կլինի տարբերվող ու ավելի առողջարար սննդով:
Եթե չեք ուզում Ամանորը դիմավորել տանը, ապա գնեք շամպայն, վերցրեք բաժակներն ու ընկերների կամ ընտանիքի հետ միասին բարձրացեք Կասկադի ծայրը: Տասներկուսը զարկելուն պես մեկ գավաթ շամպայնով շնորհավորեք միմյանց և հենց վերևից դիտեք շքեղ հրավառության մեջ լողացող քաղաքը:
Կամ վերցրեք ձեզ հետ ձեր իսկ պատրաստած անուշեղեններն ու անակնալ հյուրընկալվեք ձեր ծնողներին: Նրանք, միանշանակ, ուրախ կլինեն Նոր տարին դիմավորել ողջ ընտանիքով:
Եթե ունեք փոքրիկներ և չեք կարող նրանց թողնել որևէ մեկի խնամքին, ապա նրանց քնեցնելուց հետո ձեր կողակցի հետ միացրեք ցածրաձայն մեղմ երաժշտություն, բացեք հատուկ առիթների համար պահված գինին, վառեք մոմեր ու վերհիշեք ձեր անցած բոլոր երջանիկ պահերը:
Համացանցի օգնությամբ գտեք ամենահետաքրքիր երեկույթներն ու սկսեք Նոր տարին ինքնամոռաց պարելով: Ի դեպ` այդ գիշեր ժամանցի շատ կենտրոններ առաջարկում են ամանորյա ակցիաներ և կարելի է ընդամենը մի քանի հազար դրամով հոյակապ ժամանակ անցկացնել:
Այս տարի սպասվում է ձնառատ Ամանոր: Հավաքվեք ընկերներով, պատրաստեք համեղ կերակուրներ, վերցրեք տաք հագուստ, սիրելի ֆիլմերի սկավառակներ ու մեկնեք ամառանոց: Կտրվեք քաղաքային իրարանցումից ու Ամանորն անցկացրեք միասին` առանց համացանցի, համակարգիչների, բազմաթիվ հեռախոսազանգերի: Ձմեռն առավել քան հեքիաթային է գյուղական միջավայրում:
Կամ ընկերախմբով նշեք Ամանորը որևէ մեկի տանը` սեղանի պատրաստման ծախսերը հոգալով հավասարաչափ: Պարեք ամբողջ գիշեր, հետաքրքիր խաղեր կազմակերպեք և ուղղակի վայելեք հարազատ մարդկանց ներկայությունը:
Հ.Գ. Եվ ի վերջո, ինչպես հայտնի «Տղամարդիկ» ֆիլմում, կարող եք հյուրընկալվել ձեր հեռավոր բարեկամներին` գառան փոխարեն ավանդական շոկոլադե կոնֆետների տուփ նվիրելով …
Նելլա Սիմոնյան







