5 ուշագրավ փաստ կենդանիների քնելու մասին (լուսանկարներ)
Բնությունը յուրաքանչյուր կենդանի էակի ստեղծում է յուրահատուկ ու ինքնատիպ, այդ իսկ պատճառով կենդանական աշխարհում կարելի է հանդիպել յուրահատուկ գծերով օժտված բազմաթիվ տեսակների:
Fishki.net կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել տարբեր կենդանիների քնելու սովորություններին` ներկայացնելով 5 հետաքրքիր փաստ.
1. Քնելու ժամանակ դելֆիններն անջատում են ուղեղի մի կիսագունդը` փակելով տվյալ կիսագնդի հակառակ կողմում գտնվող մի աչքը։ Մինչդեռ ուղեղի մյուս կիսագունդն այդ ընթացքում հետևում է շրջակա դրությանը, կառավարում շնչառությունն ու մյուս ֆիզիոլոգիական գործընթացները։ Նման քնի ընթացքում դելֆինները կարող են դանդաղ լողալ։

2. Հետաքրքրական է, որ աշխարհի ամենաբարձրահասակ կենդանիների` ընձուղտների խոր քունը տևում է ընդամենը 20 րոպե. նրանք իրենց երկար վիզը դնում են հետևի ոտքերի վրա:

3. Տարածված կարծիք կա, որ պինգվինները քնում են կանգնած, սակայն սա թյուր կարծիք է: Այս ծիծաղաշարժ կենդանիները` կախված տեսակից, քնում են կամ քարերին փռված, կամ էլ` «նստած»:

4. Գետաձիերը քնում են ջրի տակ` յուրաքանչյուր 5 րոպեն մեկ բարձրանալով ջրի մակերևույթ` շունչ քաշելու համար: Հետաքրքրական է, որ այդ ընթացքում նրանք չեն էլ արթնանում:

5. Աֆրիկյան փղերը քնում են կանգնած` ծառի բնին հենված կամ էլ կնճիթով դրան փաթաթված: Մինչդեռ հնդկական փղերը քնում են գետնին պառկած: Նրանց քունը տևում է 2-3 ժամ։








