Տեառնընդառաջն ամուսնացածների՞, թե՞ նշանվածների համար է

10:59 • 26.01.16

Տեառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է և այդ կարևորությունը պայմանավորված է Տիրոջն ընդառաջ գնալու, Աստծո սերն ու ողորմությունն ընդունելու և Տիրոջ պատվիրաններով ապրելու հոգևոր խորհրդով. գրում է Qahana.am-ը։

 

Հոգևոր այս խորհուրդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար է. այս իմաստով Տեառնընդառաջը պետք է տոնեն բոլոր քրիստոնյաները: Իսկ հարցը՝ Տեառնընդառաջը նորապսակների՞, թե՞ նշանվածների համար է, պետք է նայել ոչ թե հոգևոր այս խորհրդի, այլ ժողովրդական ավանդույթի տեսանկյունից:

 

Ըստ ժողովրդական ավանդույթի, Տեառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։

 

Տեառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով, ժողովրդական ավանդության մեջ, Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել:

 

Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին: Ինչպես նաև՝ Տեառնընդառաջը Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր:



Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան

Տեառնընդառաջն ամուսնացածների՞, թե՞ նշանվածների համար է