Հայոց բանակն այսօր դառնում է 24 տարեկան
Հունվարի 28-ը Հայոց բանակի և հայ զինվորի օրն է. Հայաստանի 3-րդ Հանրապետության Զինված ուժերը 24 տարեկան է։ ԶՈւ-ն կազմավորվեց այն բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունն ապրում էր իր գոյության վերջին ամիսները, Լեռնային Ղարաբաղում առաջին պլան էր մղվել ինքնորոշման իրավունքը, որը հաստատելու համար հայ ժողովրդին պետք էր անցնել կոնկրետ պատերազմի` Ղարաբաղյան պատերազմի թոհուբոհի միջով:
Թեև պաշտոնապես Բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, Հայոց բանակը կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովելու գործում:
Այս գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ինչպես Խորհրդային համակարգում ռազմական կրթություն ստացած ակտիվ և հայրենասեր սպաները, այնպես էլ հայ կամավորականությունը, որը դարձավ բանակի ողնաշարը:
Իսկ արդեն 1994թ.-ի հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները: Արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։
Tert.am-ի հետ զրույցում բանակի ստեղծման ակունքներում կանգնած ազատամարտիկները վստահորեն պնդեցին՝ Հայաստանն ունի այնպիսի բանակ, ինչի մասին այդ տարիներին երազել իսկ չէր կարող:
«Հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է, և դա փաստ է, որը հանդիսանում է մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց մահապարտների զորագնդի 3-րդ դասակի փոխհրամանատար, այնուհետև հրամանատար Սպարտակ Մաթևոսյանը:
Նա հիշեց՝ մահապարտների զորախմբին միացավ սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչից հետո, որ յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի հին տղաներից, փորձառուներից մահապարտներ գան, որոնք գնալու են կռվելու ամենադժվարին ճակատում: Փոխարենը հավաքվել են ավելին, քան սպասվում էր։
«Մեր պարտքն էր ոտքի կանգնել, երբ Ղարաբաղին սպառնում էր վտանգ, և մենք էլ ինչ-որ ձևով պետք է մասնակցեինք: Եռաբլուրում մոմերի լույսով կարդացինք առաջին երդման տեքստը գիշերը: Զինվորագրվեցինք, գնացինք ու փոխվեց պատերազմի ընթացքը»,- ասաց նա:
Սպարտակ Մաթևոսյանը նշեց, թե իրենք առաջինն էին, բայց լավագույնները դեռ եկան: «Այն ժամանակվա ոգին, անմնացորդ նվիրումը հայրենիքին այսօր էլ պետք եկած ժամանակ կա. ես հաճախ եմ լինում սահմանին, այսօր էլ լինելու ենք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, նույն պայծառ ու հայրենասեր տղաներն են, ավելի գրագետ մեզանից»,-ասաց նա:
Tert.am-ի հետ զրույցում Շուշիի ազատագրման ջոկատներից մեկի անդամ, դաշնակցական Իգոր Սարգսյանը, ով ուսանողական ջոկատների հետ միասին մասնակցել էր արցախյան պատերազմին և այդ թվում՝ Շուշիի ազատագրմանը, համակարծիք է՝ Հայկական բանակն այսօր իսկապես տարածաշրջանի ամենահզոր բանակն է:
«Ոչ թե գովասանքի համար եմ ասում, այլ իսկապես այդպես է, որովհետև վերջին 1.5-2 տարում սահմանային միջադեպերը վկայում են այն մասին, որ մեր զինվորներն ամուր են կանգնած: Ե՛վ ոգով են ամուր, և՛ կարգապահությամբ: Մեր զինվորն իր առաջադրանքը կատարում է լիարժեքորեն»,- ասաց ազատամարտիկը:
Իգոր Սարգսյանը չի թաքցնում, որ հայ ազատամարտիկները պատերազմի սկզբնական շրջանում ունեին այսպես կոչված` հող կորցնողի բարդույթ կամ գաղթականի հոգեվիճակ, որը շատ արագ փոխարինվեց հպարտության զգացումով:
«Մարդիկ գիտեին, որ հող են կորցրել, բայց Շուշիի ազատագրումից հետո մեր ազգի ողնաշարը ուղղվեց, և մենք՝ կամավորականներս, ավելի մեծ վստահություն ձեռք բերեցինք, որ կարող ենք մեր հայրենիքն ազատագրել: Եթե Շուշիում եղած լինեիք, կտեսնեիք այդ ոգևորությունը, երբ այն ազատագրվեց, մանավանդ, որ դա շատ բարդ էր»,- ասաց նա:
Կամավորական կյանքի շրջանում անցկացված տարիներից Իգոր Սարգսյանն առանձնացրեց դրվագը Շուշիի գրավման նախօրեին, երբ Դաշնակցության՝ Շուշիի առաջին վաշտի իրենց Նիկոլ Աղբալյան ուսանողական ջոկատում երգում էին, պարում, արտասանում։ Երգուպարի ընթացքում դուռը բացել է Վիգեն Զաքարյանն ու ասել. «Աս խենթերին նայեք, առավոտյան գնալու են, մեռնելո՞ւ են, թե ողջ են մնալու, բայց երգուպարի մեջ են»:







