Սերժոն նորություններ ունի.Life.panorama.am

22:40 • 03.02.16


Life.panorama.am-ը զրուցել է դիջեյ Սերժոյի հետ, ով հայտնել է, որ այս շրջանում իր երկրպագուների համար անակնկալ է պատրաստում.
 

«Վերջապես սկսում եմ նոր տեսահոլովակիս աշխատաքները, որը նկարահանվելու է իմ նոր ձայնասկավառակում տեղ գտած երգերից մեկի հիման վրա: Այն իրականացնելու ենք տաղանդավոր երգիչ Արթուր Ալեքի հետ: Տեսահոլովակի ռեժիսորությամբ կզբաղվի ընկերներիցս մեկն, ում անունը դեռ չեմ տա: Երգի երաժշտությունը իմն է, խոսքերը Արթուր Ալեքինը, ով նաեւ կատարում է այս երգը: Այն կոչվում է «Hypno», որն արդեն հասանելի է համացանցում. ընդ որում՝ նշեմ, որ երգի ընտրությունը կայացրինք ելնելով հենց արձագանքներից, այն կարծես թե շատ է սիրվել»,- նշեց Սերժոն:
 

«Մի քանի հոգի» նախագիծը եւս շուտով կրկին կներկայանա նոր աշխատանքով. «Իմ գործերին զուգահեռ հիմա զբաղվում եմ նաեւ «Մի քանի հոգի» նախագծի հետ կապված աշխատանքներով: Նախնական բիթեր արդեն կան, որոնք վերջնական տեսքի կբերվեն, երբ բոլորս հավաքվենք: Չեմ չափազանցնում, իսկապես «Մի քանի հոգի» նախագծի երկրպագուները շատ-շատ են, նրանք ուղղակի պահանջում են, որպեսզի մենք շարունակենք աշխատել ու նոր երգեր եւ տեսահոլովակներ ներկայացնենք»,- նկատեց դիջեյը:

Սերժոն մեզ հետ զրույցի ընթացքում անդրադարձավ նաեւ Իվետա Մուկուչյանի հետ համագործակցությանը. «Իմ ու Իվետայի համարգործակցությունը իսկապես կայացած եմ համարում, քանի որ «Արի յար» երգի նրա կատարումն ու տեսահոլովակը սիրվեց ոչ միայն այստեղ, այլեւ Գերմանիայում: Մեր համագործակցությունն ունի նաեւ շարունակություն. Երբ կավարտվի Եվրատեսիլը ու Իվետայի ժամանակը կների, միասին մի նոր երգ էլ կմշակենք ու կներկայացնենք,- նշեց նա ու ավելացրեց,-  քանի որ Հայաստանում ֆոլկ ոճի նոր մշակումները շատ են, ուստի ես ու Իվետան որոշեցինք այն ներկայացնենք մեր ձեւով, այնպես, ինչպես մենք ենք զգում: Հաջողությունից հետո ավելի ենք պարտավորվել, որպեսզի հաջորդ երգը եւս սիրվի եւ այստեղ, եւ Եվրոպայում: Պետք է շեշտեմ, որ ինձ շատ էր զարմացրել «Արի յար» երգի տեսահոլովակը, որի նկարահանումներին ես չկարողացա մասնակցել: Շատ հավանեցի, թե ինչպես են գերմանացի ռեժիսորներն ու օպերատորները զգացել մեր երաժշտությունն ու նման սուպեր գործ ստեղծել. Հայկական ելեւէջները եվրոպացիների համար շատ հետաքրքիր է, նրանք շատ ոգեւորությամբ են արձագանքում մեր երաժշտությանը»:

Ի դեպ, «Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի մասին խոսելիս՝ Սերժոն նկատեց. «Ես կարծում եմ, որ Իվետան ունի բոլոր անհրաժեշտ պարամետրերը, որոնք պետք են այդ մրցույթին ու առհասարակ եվրոպական բեմին: Իվետան ունի շատ լավ արտաքին ու հրաշալի ձայն, դրան զուգահեռ նա շատ աշխատասեր մարդ է, այսինքն՝ այս բոլորը հատկանիշներ են, որոնք հաջողություն են բերում երգչին: Այս պահին Իվետան աշխատում է շատ լավ թիմի հետ եւ ես կարծում եմ, որ նա միանշանակ մեծ հնարավորություն ունի հաղթելու «Եվրատեսիլ 2016»-ում: Ես որպես երաժիշտ եւ Իվետայի ընկեր՝ ավելի քան վստահ եմ, որ Իվետան մեզ հաղթանակ կապահովի կամ գոնե լավ հորիզոնական կզբաղեցնի»:

Սերժոն նորություններ ունի.Life.panorama.am