D’ Black Blues Orchestra-ն փետրվարի 14-ին հանդես կգա Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին նվիրված բացառիկ համերգով

14:19 • 12.02.16

 
 

D’ Black Blues Orchestra-ն փետրվարի 14-ին կներկայացնի բացառիկ համերգ՝ նվիրված հայտնի երաժիշտ Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին: Համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կհնչեն կատարումներ Կլեպտոնի երգացանկից, Բոբ Մառլիի ստեղծագործություններից: Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
 

Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասացին D’ Black Blues Orchestra խմբի ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանը և երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

 

Վլադիմիր Ավետիսյանը նշեց, որ Հայաստանում, Երևանում առաջին անգամ չէ, սակայն նման մեծ ծրագիր առաջին անգամ են իրականացնում:

 

«Երբ լսում եմ, թե ինչպես է հնչում հայերեն իմ ազգանունը, հասկանում եմ՝ ինչու եմ սկսել երաժշտությամբ զբաղվել»,-ասաց նա:

 

Նա նշեց, որ ներկայացվող ձևաչափի համար կես տարի աշխատել են:

 

«Սերգեյ Սմբատյանի հետ այսօր առաջին անգամ ծանոթացա, փետրվարի 14-ին կլինի մեր առաջին հանդիպումը՝ հանդիսատեսի աչքի առաջ»,-ասաց նա և նշեց, որ չի ցանկանում բոլոր փակագծերը բացել, քան որ երաժշտությունը պատմել հնարավոր չէ: Նա նշեց, որ անձամբ ծանոթ չէ Կլեպտոնին, չնայած Լոնդոնի նրա գրասենյակում էլ է եղել, սակայն փոքր տարիքից լսում է նրա երաժշտությունը:

 

Սերգեյ Սմբատյանը նշեց, որ շատ են սպասում այս համերգին, քանի որ նվագախմբի համար այն շատ կարևոր է:

 

«Մեզ համար երևի թե ամենաթանկը որակն է: Ամսի 14-ին դուք կլսեք կայացած մի երևույթ, և այն շատ դրական լիցքեր կհաղորդի»,-ասաց նա:

 

D`Black Blues Orchestra նվագախմբի երաժշտական մասի ղեկավար Պավել Պլակսինը նախ կիսվեց Հայաստանից ստացած տպավորություններով և ասաց, որ կարծես այստեղ «օդային տարածքում» գտնվի:

 

«Ամբողջ ժամանակ կարծես թռչում ես, ամպերում ես, նոր մարդկանց հետ ես ծանոթանում»,-ասաց նա և հույս ու համոզվածություն հայտնեց, որ համերգը հետաքրքիր կլինի։
 

D’ Black Blues Orchestra-ն փետրվարի 14-ին հանդես կգա Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին նվիրված բացառիկ համերգով