Ղեկավարների կողմից արվող քայլեր, որոնց պատճառով լավագույն աշխատակիցները հեռանում են

15:40 • 19.02.16

Շատ հաճախ ղեկավարները բողոքում են, որ իրենցից հեռանում են լավագույն աշխատողները, ինչը, իհարկե, անհանգստանալու առիթ է տալիս:

 

Արժեքավոր աշխատողները, բնականաբար, հենց այնպես, առանց պատճառի չեն հեռանում: Շատ հաճախ մարդիկ հեռանում են ոչ թե բուն աշխատանքի, այլ ղեկավարի հետ ունեցած խնդիրների պատճառով:

 

HR-Portal-ն առաջարկում է վերլուծել այս հարցն ու հասկանալ, թե ղեկավարի պահվածքի մեջ ի՞նչը կարող է դուր չգալ աշխատողներին.


1. Չափից ավելի ծանրաբեռնվածությունը

Աշխատավայրում չափից շատ ծանրաբեռնվածությունը հանգեցնում է աշխատողի մոտ հուզական սպառման։ Բացի այդ, պետք է հիշել, որ ծանրաբեռնվածությունը նվազեցնում է աշխատանքի որակն ու արդյունավետությունը։ Եթե ցանկանում եք հավելյալ աշխատանք հանձնարարել, ուրեմն պետք է բարձրացնեք նաև աշխատողի կարգավիճակը։ Հակառակ դեպքում` չափից շատ աշխատանքը նրան ժամանակից շուտ կհոգնեցնի, ու նա հեռանալու որոշում կկայացնի: Լավ աշխատողին հարկավոր է խրախուսել հավելավճարով, պաշտոնի բարձրացմամբ, քանի որ հակառակ դեպքում նա կգտնի մեկ այլ աշխատավայր, որտեղ իրեն ավելի շատ են գնահատում:


2. Լավ աշխատանքի գնահատման բացակայություն

Հիշե՛ք, որ գովեստի խոսքերը դուր են գալիս բոլոր աշխատողներին` հատկապես իրենց գործն անթերի անողներին: Ղեկավարները պետք է ավելի հաճախ հանդիպեն աշխատողների հետ ու քննարկեն, թե ինչպես կարելի է ոգեշնչել նրանց` լավ կատարած աշխատանքի դիմաց: Դա կարող է արտահայտվել ինչպես հավելյալ գումարի, այնպես էլ` մյուս գործընկերների ներկայությամբ գովեստի խոսքեր ասելու միջոցով:


3. Մարդկային հարաբերությունների բացակայություն

Շատ մարդիկ լքում են աշխատատեղը` տնօրինության հետ մարդկային հարաբերությունների պակասի կամ բացակայության պատճառով: Խելացի ղեկավարները պետք է կարողանան պահել պրոֆեսիոնալիզմի ու մարդկայնության միջև եղած նուրբ հավասարակշռությունը։ Հարկավոր է աջակցել աշխատակցին ու ցույց տալ, որ նրա կողքին եք և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների ժամանակ:

 

4. Չիրագործված խոստումներ

Աշխատողին որևէ խոստում տալով` Դուք կարող եք նրան երջանկացնել, իսկ խոստումը չիրագործելու դեպքում` առիթ տալ հեռանալու համար:

 

5. Ոչ համապատասխան աշխատողների գործի ընդունելն ու նրանց առաջ տանելը

Աշխատասեր աշխատակիցներն ուզում են իրենց կողքին նույնպիսի պարտաճանաչ գործընկերների տեսնել: Վստահորեն կարելի է ասել, որ արժեքավոր աշխատողն իրեն վիրավորված կզգա` տեսնելով, թե ինչպես է տնօրենն «առաջ տանում» իրենից ավելի քիչ աշխատող գործընկերոջը:

 

6. Արգելքներ` ցանկության իրագործման հարցում

Տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ միշտ էլ ունեն իրենց աշխատանքային նպատակներն ու երազանքները, որոնց հետևից նրանք գնում են: Սակայն շատ ղեկավարներ սահմանափակում են իրենց ենթականերին` թույլ չտալով հետևել իրենց ցանկություններին։ Այս դիրքորոշումը շատ սխալ է, քանի որ վերջին հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ աշխատավայրում ցանկության իրագործումը թույլ է տալիս 5 անգամ ավելի արդյունավետ աշխատել:

 

7. Հետևե՛ք աշխատավայրում ձևավորվող մթնոլորտին

Հիշե՛ք, ղեկավարները միշտ պետք է ղեկավարեն, արտահայտեն իրենց տեսակետներն ու լսեն ենթականերին, ինչպես նաև մասնագիտական զարգացման ու առաջընթացի ճանապարհ ընտրեն լավագույն աշխատողների համար: Հակառակ դեպքում` նրանք կձանձրանան ու կհեռանան:

 

8. Ստեղծագործ մոտեցման դիմակայում

Ղեկավարների մեծ մասը վախենում է աշխատակիցներին թույլ տալ նորարարական ու ստեղծագործ մոտեցում ցուցաբերել աշխատանքի հանդեպ։ Դա անօգուտ ու արժեքավոր աշխատողին կորցնելու վտանգով լի զբաղմունք է։


9. Բարդ, բայց հետաքրքիր առաջադրանքների բացակայություն

Խելացի աշխատողները միշտ էլ առիթ են փնտրում իրենց գիտելիքներն ամրապնդելու ու նորանոր հաջողությունների հասնելու համար: Այդ իսկ պատճառով նրանց անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ բարդ, բայց և միևնույն ժամանակ հետաքրքիր առաջադրանք հանձնարարել։ Միապաղաղ ու հեշտ աշխատանքից նրանք շուտ են ձանձրանում:

 

Եվ որպես ասվածի եզրափակում` աղբյուրը կոչ է անում ղեկավարներին վերանայել իրենց վերաբերմունքն արժեքավոր աշխատողների հանդեպ: Հիշե՛ք, որ տաղանդավոր մարդիկ միշտ էլ ընտրության լայն հնարավորություն են ունենում: Այնպե՛ս արեք, որ նրանք հենց ձեզ ընտրեն:

 
Ղեկավարների կողմից արվող քայլեր, որոնց պատճառով լավագույն աշխատակիցները հեռանում են