Կան կանայք, որոնց թվում է քիթը վիրահատելով կարող են hետ բերել ամուսնուն կամ դառնալ լավ զրուցակից. հոգեբան

17:38 • 25.02.16

Կան մարդիկ, որոնք փոփոխելով իրենց արտաքինը կարծում եմ, թե կլուծեն նաև իրենց խնդիրները: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով պլաստիկ վիրաբուժության դիմող մարդկանց:


«Ինձ պատահել են կանայք, որոնց թվացել է, որ եթե վիրահատեն քիթը, ամուսնուն հետ կբերեն կամ մյուսների համար կդառնան լավ զրուցակից: Դրա համար մինչ պլաստիկ վիրահատությունը, հոգեբանը պետք է թեստավորի ու հասկանա՝ ինչու համար է մարդը ցանկանում փոխել իր արտաքինը»,- ասաց նա:


Լիլիթ Խաչատրյանը նշեց նաև, որ կան մարդիկ, ովքեր ինքնավստահ են, կարողանում են ճիշտ գնահատել իրենց, և կարծում են, որ մարմնի ինչ-որ հատված փոխելու դեպքում, իրենք իրենց ավելի լավ կզգան:


«Այդ ժամանակ մարդը անձնային աճ է ունենում, աշխարհը իր ձեռքում տեսնելու հնարավորություն է ստանում: Բայց կան մարդիկ, որոնց ինքնագնահատականը աղճատված է ու նրանք այդպես էլ կախված են մնում արտաքին ատրիբուտներից, անընդհատ թերություն են գտնում իրենք իրենց վրա, փորձում են կինոների հերոսների, ամսագրային կերպարների նմանվել: Մարդիկ գնում են վիրահատության, բայց խնդիրը չի լուծվում այդպես էլ»,- ասաց նա։


Հոգեբանը նշեց, որ հենց այդ պատճառով է, որ անհրաժեշտ է նախապես զրուցել հոգեբանի հետ ու հասկանալ, թե ինչու պետք է կամ պետք չէ գնալ պլաստիկ վիրահատության:

Կան կանայք, որոնց թվում է քիթը վիրահատելով կարող են hետ բերել ամուսնուն կամ դառնալ լավ զրուցակից. հոգեբան