Չհղիանալու 14 մեթոդ, կամ կյանքն առանց աբորտի. Bravo.am
Bravo.am-ը գրում. վերջին տարիներին ամերիկյան տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների կողմից հետազոտություններ կատարվեցին Հայաստանի մարզերում, որոնց նպատակն էր պարզել, թե ինչպես է ազդում միգրացիան վերարտադրողական տարիքի (18-45 տ.) կանանց առողջության վրա: Մի շարք այլ արդյունքներից բացի, գրանցվեցին կարեւոր եզրակացություններ եւ բազմաթիվ ցավալի օրինաչափություններ: Այդ թվում.
*Ըստ հետազոտության՝ չհղիանալու ամենաարդյունավետ մեթոդը կանայք համարում են ընդհատված սեռական ակտը: (Իրականում այս տարբերակի արդյունավետությունն ամենացածրերից է):
*Կանանց մի որոշ մաս հղիանալուց հետո միջամտությունը (դեղահաբի ընդունում, աբորտ) համարում է հղիությունից պաշտպանվելու մեթոդ: Անգամ կա մշակույթ, երբ հղիանում ու աբորտ են անում 3 ամսական ժամկետում, որ այդ ընթացքում «ապահով» սեքս ունենան:
*Մարզերում սեքսի թեման տաբուավորված է, չնայած, որ սեքսի քանակը քիչ չէ, հատկապես ձմռան ամիսներին, երբ տղամարդիկ արտագնա աշխատանքից հետ են գալիս եւ կենցաղում ազատ են:
*Չնայած, որ կան մարզերում իրազեկման ծրագրեր անցկացնող ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, իրական տեղեկացվածության մակարդակը շարունակում է ցածր մնալ չմասնակցելու, հրաժարվելու պատճառով: Կանանց կողմից հնչող «ես տենց բաներ չեմ կարդում, ամոթ ա», «տենց թեմաներով չեմ հետաքրքրվում» արտահայտությունները տարածված բնույթ են կրում մարզերում:
*Լինում են դեպքեր, երբ 40-ամյա կնոջ կյանքում արված աբորտների թիվը սկսվում է տասից եւ գերազանցում 40-ը:
Տեղին է մի քանի փաստ նշել աբորտի մասին.
Ըստ վիճակագրության՝ ամեն 5-րդ կնոջ մոտ աբորտը հանգեցնում է անպտղության: Նույնիսկ եթե աբորտը ոչ շատ վտանգավոր (այսինքն՝ ոչ գործիքային) մեթոդով է արվում, հնարավոր չէ բացառել հորմոնալ մեծ վնասը: Իսկ գործիքայինի դեպքում հնարավոր է արգանդի պերֆորացիա (թափածակում): Երբեմն արնահոսությունն այնքան ուժգին է, որ անհնար է վնասվածքը վերացնել, ու ստիպված արգանդն է հեռացվում:
Հաճախակի աբորտները էստրոգեն-կախյալ ուռուցքների պատճառ են (արգանդի միոմա, կրծքագեղձի քաղցկեղ եւ այլն) մինչեւ 40-45 տ. կանանց մոտ:
Առաջին պտղի աբորտն էլ ավելի վտանգավոր է: Օրգանիզմում առաջին անգամ կարեւոր հորմոնալ վերադասավորություն է կատարվում, որը շատ կտրուկ ընդհատվում է, եւ կարող են հորմոնալ շատ լուրջ, դժվար բուժվող հիվանդություններ առաջանալ: Բացի այդ, առաջին հղիության ժամանակ արգանդը պարուրող լորձաթաղանթը շատ բարակ է, աբորտի դեպքում այն հեշտ է վնասել, ինչի պատճառով անհնար է երկրորդ հղիությունը: Եվ սա դեռ ամենը չէ:
Հարց՝ ինչու՞ հասնել աբորտի, եթե բժշկագիտությունը հղիությունից պաշտպանվելու ահռելի մեծ հնարավորություններ է տալիս մեզ: Պարզապես պետք է սեքսի ու հաճույքի ալիքներում չանջատել ուղեղն ու բարձր պահել սեփական օրգանիզմի նկատմամբ հարգանքը: Նախապես ընտրել ու հետեւողականորեն կիրառել որեւէ մեթոդ, ցանկալի է՝ գինեկոլոգի հետ քննարկելուց հետո. ահա սա է միակ ընդունելի ճանապարհը:
Ի դեպ, իգական սեռի 500 օգտատեր-ընկերներիս շրջանում հարցում անցկացրի հետեւյալ ձեւակերպմամբ. «Կարո՞ղ եք առանց «գուգլելու» նշել, թե որն է հղիությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ մեթոդը»: Առաջին հորիզոնականում բացարձակ առաջատար էր պահպանակը: Երկրորդ տեղում՝ ներարգանդային պարույրն ու հաբերը: Երրորդ՝ ամենահաճախ հնչող կեսկատակ, բայց շատ հայեցի պատասխանը «սեքսով չզբաղվել»-ն էր:
Տեսնենք՝ ըստ արդյունավետության տոկոսների որքանով են այս պատասխանները մոտ իրականությանը: Health-ua.org բժշկական պորտալն առաջարկում է հետեւյալ մեթոդները:
1.Ընդհատված սեռական ակտ. արդյունավետությունը՝ 80-85%
Այս մեթոդի ճիշտ տեխնիկան հետեւյալն է. տղամարդը պետք է իր սեռանդամը կնոջ հեշտոցից հանի սերմնաժայթքումից անմիջապես առաջ: Սերմնաժայթքումը պետք է տեղի ունենա որտեղ ասես, բացի հեշտոցից: Այս մեթոդն, ինչ խոսք, հարմար է. չի նվազեցնում սեռօրգանների զգայունությունը, ֆինանսական ծախսեր չի պահանջում: Բայց այն բավական անհուսալի է: Սեքսի ընթացքում տղամարդու մոտ քսուքատիպ (նախասերմնային) հեղուկ է արտադրվում, որը պարունակում է 10-20 միլիոն սպերմատոզոիդ: Իսկ դա ավելի քան բավարար է հղիանալու համար: Եթե նույնիսկ վստահ եք ձեր տղամարդու կողմից սերմնաժայթքման կառավարման վրա, ապա քսուքատիպ հեղուկի արտադրությունն անկառավարելի է: Սա՝ հաստատ:
Սրան ավելացնենք նաեւ հոգեբանական վնասակարությունը, քանի որ ընդհատված սեքսը բնական երեւույթ չէ: Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ այս մեթոդի տեւական կիրառումը կարող է սեքսուալ սառնություն առաջացնել կնոջ մոտ, էրեկտիլ խնդիրներ՝ տղամարդու մոտ, եւ սեքսուալ ցանկության նվազում՝ երկուսի մոտ:
Ի վերջո, այս մեթոդը խիստ անցանկալի է պատահական սեքսի դեպքում, քանզի չի պաշտպանում սեռավարակներից:

2. Օրացույցային կամ «ապահով օրերի» մեթոդ. արդյունավետությունը՝ 80-90%
Այս մեթոդի հիմքում ընկած է այն փաստը, որ կինն ունակ է հղիանալու միայն ձվազատումից հետո մի քանի օրվա ընթացքում (օվուլյացիա): Տեսականորեն օվուլյացիան տեղի է ունենում մենստրուալ ցիկլի 11-15-րդ օրերին: Հենց այս օրերն են հղիանալու համար առավել բարենպաստ համարվում, իսկ այլ օրերին կինը չի կարող հղիանալ: Բայց սա միայն տեսությունն է: Իրականում հստակ 28-օրանոց մենստրուալ ցիկլ՝ իր հստակ օվուլյացիայով, հանդիպում է կանանց միայն 30%-ի մոտ: Հաշվի առնենք նաեւ, որ սպերմատոզոիդը հեշտոցում կարող է կենսունակ մնալ մինչեւ 9 օր: Եթե օվուլյացիան լինի հենց այդ օրերին, բեղմնավորում կարող է գրանցվել: Մեթոդի 80-90% արդյունավետությունն ապահովվում է միայն մշտական օվուլյացիոն օրացույց պահելու դեպքում, որն, ինչ խոսք, շատ աշխատատար է:
3. Բազալ ջերմության չափման մեթոդ. արդյունավետությունը՝ 80-90%
Մեթոդի հիմքում ընկած է այն փաստը, որ օվուլյացիայից առաջ բազալ ջերմությունը ցածր մակարդակի վրա է էստրոգեն հորմոնի ազդեցության տակ, իսկ օվուլյացիայից հետո պրոգեստերոն հորմոնը բարձրացնում է ջերմությունը: Ջերմաստիճանի աճը նշանակում է, որ օվուլյացիան կայացել է: Միայն թե բազալ ջերմությունը չափելու կանոններ կան.
-ջերմությունը չափել պետք է ամեն առավոտ՝ միեւնույն ժամին, առանց անկողնուց վեր կենալու,
-ջերմությունը պետք է չափել ողջ ցիկլի ընթացքում,
-չափելու տեւողությունը միշտ նույնը պետք է լինի, օրինակ՝ 5 րոպե,
-ողջ ցիկլի ընթացքում պետք է օգտագործել միեւնույն ջերմաչափը:
Երկու փուլերի ջերմաստիճանների տարբերությունը պետք է նվազագույնը 0,4-0,5 աստիճան լինի: Այս մեթոդն ավելի արդյունավետ է նախորդի հետ զուգակցման դեպքում: Ու կրկին՝ շատ աշխատատար:
4.Հեշտոցի ներլվացում. արդյունավետությունը՝ 10-15%
Ըստ այս մեթոդի՝ փորձ է արվում արդեն իսկ հեշտոցում գտնվող սպերմատոզոիդները սպանել տարբեր քիմիական նյութերով: Իրականում դրանք չեն կարող պաշտպանել հղիությունից, քանի որ սպերմատոզոիդներն աննախադեպ արագաշարժ են, չափազանց շատ են եւ կարողանում են թաքնվել արգանդի վզիկի լորձաթաղանթի ծալքերում՝ անհասանելի դառնալով քիմիական նյութերի համար: Այս անհուսալիությանն ավելանում է նաեւ հեշտոցի վրա այդ նյութերի բացասական ազդեցությունը՝ միկրոֆլորայի բալանսի խախտում, սնկային հիվանդություններ եւ այլն: Եզրակացությունները, կարծում եմ, պարզ են:
Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում` Bravo.am







