Porsche-ն ներկայացրել է 911 շարքի ամենաթեթև մոդելը (լուսանկարներ)
Porsche ընկերությունը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է 911 մոդելի R (Racing) հատուկ տարբերակը, որը թողարկվել է 1967-ի համանուն մրցարշավային մոդելի պատվին:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` գերմանական ավտոարտադրողն այն անվանում է 911 մոդելի «ամենաթեթև տարբերակը», որը երբևէ թողարկվել է:
Porsche 911 R-ը կառուցվել է 911 GT3 RS էքստրեմալ սուպերքարի հիման վրա: Կուպեն ածխածնային կապոտ է ստացել, ինչպես նաև մագնիումից պատրաստված տանիք: Մեքենայի քաշը կազմում է 1370 կգ, որը 50 կգ-ով ավելի թեթև է, քան 911 GT3 RS մոդելը:
Նորույթը համալրվել է 4 լիտր ծավալով 6 մխոցային շարժիչով, որը 500 ձիաուժ հզորություն է զարգացնում: Այն համատեղվում է միայն 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ:
Porsche 911 R երկդռնանի կուպեն 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 323 կմ/ժամ է:
Մոդելը կթողարկվի 991 օրինակով միայն: Գերմանիայում, որտեղ վաճառքը կսկսվի մայիսին, Porsche 911 R-ը կարժենա 189 544 եվրո:












