Մենք ունենք հարուստ պատմություն և դա պետք է ցույց տանք բոլորին. Արման Նշանյանը «Հին արքաներ» բազմասերիանոց ֆիլմի մասին (լուսանկարներ)

16:03 • 10.10.16

Հոկտեմբերի 31-ին Ucom-ի բաժանորդները հնարավորություն կունենան «Արմենիա Պրեմիում» ալիքով դիտելու առաջին բազմասերիանոց պատմական հեռուստաֆիլմը՝ «Հին արքաները»:

 

Բազմասերիանոց հեռուստաֆիլմը խաղարկային, պատմական ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում, ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան 2-րդ Արտաշեսյանը, ապագայում Արքայից Արքա Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում Տիգրան 1-ի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են:

 

Tert.am Life-ը պատմական հեռուստաֆիլմի նկարահանումներին ներկա է գտնվել և զրուցել նախագծի ստեղծագործական և դերասանական կազմի հետ:

 

 

Գործադիր պրոդյուսեր Արա Բաղդասարյանի խոսքով. «Արմենիա TV-ին վաղուց էր որոշել նկարել պատմական հեռուստաֆիլմ և մենք այսօր դա իրագործեցինք: Ամեն մի դետալի վրա աշխատել են պատմաբան խորհրդականներ: Փորձել ենք ամեն ինչ հաշվի առնել, որպեսզի ճիշտ ներկայացնենք պատմական ժամանակաշրջանը՝ սկսած ձիու ասպանդակներից վերջացրած ջահերով ու մարդկանց հագուստներով: Յուրաքանչյուր դերասանի համար հագուստներ են կարվել, այդ թվում նաև մասսայական տեսարաններում նկարահանվողների համար: Իսկ մարտական տեսարանների համար դերաաններին հատուկ դասերի ենք ուղարկել, որպեսզի ամեն մի շարժում ճիշտ լինի»,- ասաց Արան:

 

 

Պրոդյուսերը նշեց, որ հեռուստաֆիլմի նախապատրաստական աշխատանքները 6 ամիս են տևել, իսկ նկարահանումները սկսել են սեպտեմբերի 1–ից: Հիմնական տեսարանները Գյումրիում են նկարել, իսկ մնացածը՝ Երևանում: Հիմնական դերասանական կազմում խաղում են 25 դերասան, իսկ մասսայական տեսարաններում մոտ 400-ի հասնող մարդիկ:

 

«Կարծում եմ, հեռուստադիտողը վաղուց է, ինչ սպասում է նմանատիպ նախագծի, որը մինչ այս դեռ չի արվել: Մենք փորձում ենք ստեղծել այն, ինչ հեռուստադիտողը ցանկանում է տեսնել»,- հավելեց Արան:

 

Հեռուստաֆիլմում նկարահանվել են Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը և այլ սիրված դերասաններ:

 

 

 

«Մի քանի տարի առաջ, երբ Դավիթ Բաբախանյանի հետ հանդիպեցինք սկսեցինք խոսել պատմական նախագիծ ունենալու մասին: Բայց այդ ժամանակ դա անիրականանալի ցանկություն էր թվում, քանի որ պատմական ֆիլմ նկարելու համար մեծ ֆինանս է պետք և մանրազնին աշխատանք: Ինձ համար, իսկապես, երազանք էր խաղալ պատմական ֆիլմում, բայց արի ու տես, որ երազանքները երբեմն դադարում են երազանք մնալ: Գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմում հիմնական դժվարությունն այն է, որ գրական հայերենով է ամբողջ սցենարը: Իհարկե, ուրախ եմ, որ այսուհետ մեր եթերում կհնչի գրական հայերն, որը կկրթի նաև սերունդը»,- ասաց Ժան Նշանյանը:

 

Դերասանը ֆիլմում մարմնավորում է սպարապետի կերպարը, իսկ նրա որդին՝ Արման Նշանյանը՝ սպարապետի ավագ որդուն, որը վառ, գունեղ կերպար է, բայց միաժամանակ ունի բացասական բնավորության գծեր:

 

 

«Սա ինձ համար մեծ փորձություն էր, չնայած որ սա իմ խաղացած երկրորդ պատմական ֆիլմն է: Ամեն անգամ այս զգեստը հագնել, մտնել այս աշխարհ, դերասանի համար շատ հաճելի է: Մենք ունենք հարուստ պատմություն և դա պետք է ցույց տանք բոլորին: Ինչո՞ւ չնկարենք, ինչո՞ւ ցույց չտանք, երբ մենք ունենք այդ հարուստ ժառանգությունը: Մեր երիտասարդությունը պետք է հասկանա՝ ո՞վ ենք մենք: Այսօր կարծես մենք մեր դեմքը կորցրել ենք ու ժամանակն է, որ նոր սերունդը կրթվի մեր պատմությամբ»,- նշեց Արմանը:

 

 

Հավելենք, որ սցենարի հեղինակներն են Լևոն Գալստյանն ու Հարութ Կբեյանը, իսկ ռեժիոսորը՝ Հարություն Շատյանը:

 

 

 

 

 

 

 

 

Նյութը և լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի

Մենք ունենք հարուստ պատմություն և դա պետք է ցույց տանք բոլորին. Արման Նշանյանը «Հին արքաներ» բազմասերիանոց ֆիլմի մասին (լուսանկարներ)