Նկարահանվում է «Կյանք ու կռիվ-2»-ը․ Առաջին ֆիլմի հերոսները՝ մեր օրերում

15:06 • 13.10.16

Սեր, երազանքներ, պատերազմ: Օրեր առաջ մեծ էկրաններ բարձրացավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:

 

Այս օրերին տեղի են ունենում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները: Առաջին ֆիլմը պատմում էր մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին: Վերաարժևորե′լ կյանքը, գնահատե′լ շրջապատող մարդկանց, սիրե′լ հայրենիքը. ահա′ ֆիլմի հիմնական ասելիքը:

 

 

 

ֆիլմի հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են՝ Տիգրանը, Լևոնը, Արմենը և Էդուարդը: Նրանցից երկուսը մասնակցում են արցախյան ազատամարտին, իրենց կյանքը վտանգում հանուն հայրենիքի և խաղաղության:

 

 

 

Նշենք, որ ֆիլմում զուգահեռներ են տարվում պատերազմի և սիրո միջև։ Եվ հենց այս հակասական զուգահեռում է սկիզբ առնում այն սերը, որն ապրեցնում է և ուժ տալիս դժվարին պահերին: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը՝ միախառնված առօրեական իրավիճակների հետ:

 

 

Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա էր գտնվել նաև Tert.am Life-ը: Ֆիլմը մեծ արձագանք ստացավ և ընդունվեց: Գրեթե բոլոր ցուցադրություններն ավարտվել են հուզված կինոդիտողների արցունքներով ու ծափերով: Այս մասին վկայում էին նաև դիտողների մեծամասնության գրառումները սոցիալական ցանցերում: 

 

 

 

Ֆիլմում տեղ գտած իրադարձություններից թռիչք կատարելով 2016 թվական՝ ստեղծագործական թիմը որոշել է մեծ էկրանին ցուցադրել, թե հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց ի՞նչ ճակատագրի է արժանացել:

 

Ռեժիսորն ու սցենարիստը կրկին Մհեր Մկրտչյան կրտսերն է: Այս անգամ դերասանական կազմը ամբողջովին փոխվել է՝ Սամվել Թոփալյանի կերպավորած հերոսի դերը ավելի մեծ տարիքում ստանձնել է Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը փոխարինում է Անի Խաչիկյանին, իսկ էլեն Սարգսյանի հերոսին՝ խուլ ու համր Սոֆիին մարմնավորում է Նարինե Գրիգորյանը:

 


«Կյանք ու կռիվ 2»-ում ներգրավված կլինեն մերօրյա իրադարձությունները՝ առանցքում Քառօրյա պատերազմը արցախյան և հայաստանյան զարգացումների խորապատկերում:

 

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի

Նկարահանվում է «Կյանք ու կռիվ-2»-ը․ Առաջին ֆիլմի հերոսները՝ մեր օրերում