Աննա Հարությունյանը Մոսկվա տեղափոխվելու և երազանքի հետևից գնալու մասին
EXCLUSIVE
Դերասանուհի Աննա Հարությունյանը աշխատանքային դադար է վերցրել և մեկնել Մոսկվա՝ իր երազանքի հետևից։ Մոսկվայում բնակություն հաստատելու պատճառների մասին բացառիկ հարցազրույցը Աննան վստահել է Tert.am Life–ին։
Դերասանուհին չի դադարում սովորել և կատարելագործվել, որոշել է շարունակել ուսումը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Հարցին, թե ինչու է ընտրել ռուսական դպրոցը, Աննան պատասխանեց, որ այն ամբողջ աշխարհում շատ հարգի է։
««Ծնվում ենք ակամա, ապրում զարմացած, մեռնում կարոտով»: Մեծն պոետի խոսքերն են: Հարցը նրանում է, թե արդյոք կհասցնես մի փոքրիկ կյանքի ընթացքում, որը, ինչպես ասում են, Աստծո կարճատև երազն է, երազանքներ ձեռք բերել և իրագործել դրանք: Իմ երազանքը պիտանի լինելն է իմ հայրենիքին, որից սերում եմ, որին պարտական եմ ամեն ինչով։ Բնավ կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն է ընտրել մարդը, կարևոր է, թե ինչքանով է տիրապետում դրան և ինչպես է ծառայեցնում իր նպատակին: Միշտ կարծել եմ, որ արվեստը ոչ պակաս ուժեղ զենք է և միշտ ունեցել եմ կրթվելու, կատարելագործվելու ցանկություն: Հիշում եմ, երբ ուսանողական տարիներին կուրսընկերներս ասում էին, որ ուզում են «Օսկար» ստանալ, ես սրտումս փափագում էի Մոսկվայի Համառուսական կինոյի ինստիտուտում՝ մեզ շատ հայտնի ВГИК-ում, կրթություն ստանալու մասին։ Այնտեղ ուսանել էր իմ ամենասիրած ռեժիսորներից մեկը՝ Անդրեյ Տարկովսկին»,– նշեց Աննան։

Նրա համար ուրախալի փաստ է, որ սովորում է լավագույն վարպետներից մեկի՝ Վլադիմեր Ֆոկինի կուրսում։ Ասում է` վարպետից սովորելու շատ բան ունի։ «Նրան լսելիս լսելիքդ ուղղակի չի բավականացնում»,– նկատեց դերասանուհին:
Աննան այս անգամ ընտրել է ռեժիսորի մասնագիտությունը։ Այս փոքրիկ շեղումը նրա համար նոր հորիզոններ է բացում։ «Ես պրպտող մարդ եմ և գտնում եմ, որ, երբեմն, պետք է մի փոքր հեռանալ քեզ համար սովորական դարձած մասնագիտությունից և նրան դիտարկել մեկ այլ պրիզմայից: Նույնն արեցի Թատերականն ավարտելուց հետո՝ դիմելով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Արվեստաբանություն և կերպարվեստի տեսություն բաժին: Այժմ էլ ընտրում եմ ռեժիսուրան: Հասուն, բանիմաց, մեր արվեստում ճկված ընկերներս ասում են` ռեժիսորական ջիղ ունեմ, փայլուն երևակայություն։ Տեսնենք, ինչ կստացվի, գործը ցույց կտա: Միմիայն դերասան լինելը վատ չէ, բայց ինքներդ գիտեք, որ մեր երկրում առայժմ իշխող սերիալային իրավիճակը, որից ես, բարեբախտաբար, կարողացա հրաժարվել, թույլ չի տա նույնիսկ ամենատաղանդավոր դերասանին որևէ գաղափար արտահայտել, իսկ ասելու բան կա: Ասել պետք է, թեկուզ արվեստի լեզվով»,– շեշտեց դերասանուհին:

Կրթությունը շարունակելու համար Աննան Հայաստանում հրաժարվել է ամեն ինչից, այդ թվում` աշխատանքից։ Անդրադառնալով հարցին` ինչպես է կարողանում ապահովել ֆինանսական կայունությունը` հաշվի առնելով, որ այժմ չի աշխատում, դերասանուհին պատասխանեց. «Դժվարություններ միշտ կան, բայց հանուն նպատակի արժե դիմանալ»։
Ուսումն ավարտելուց հետո Աննան մտադիր է ասելիքը Հայաստանում ռեալիզացնել։ Նրա ուսումը Մոսկվայում կտևի 2 տարի։ «Հայաստան միշտ եմ վերադառնալու, այլապես սովորածս ոչ մի գին չի ունենա: Մեզ լավ մասնագետներ են պետք։ Հուսով եմ` կկարողանամ դառնալ էդպիսին, համենայն դեպս, բոլոր նախապայմանները կան»,– եզրափակեց դերասանուհին։









