Լուսանկարներ Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալի նկարահանման տաղավարից
Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր` «Մոր խոստումը» հեռուստասերիալի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ եղել ենք հեռուստանովելի նկարահանման տաղավարում և ներկայացնում է նկարահանման հետաքրքիր կադրերը։
Սամվել Սարգսյանի, Սոֆի Դևոյանի, Օֆելյա Զաքարյանի, Արմեն Սողոյանի, Անուշիկ Առաքելյանի, Վահագն Գալստյանի, Լուսինե Արշակյանի, Արման Խաչատրյանի, Հռիփսիմե Սարգսյանի, Աշոտ Կարապետյանի և այլ դերասանների մասնակցությամբ հեռուստանովելն ATV–ի եթերում կլինի հունվարի 7–ից։
Ելենա Արշակյանի խոսքով` այն մի կնոջ մասին է, որն ինչ–ինչ իրադարձություններից հետո զրկվել է երեխաների խնամակալության իրավունքից և պայքարում է դրա վերականգնման համար։ Հեռուստասերիալով ռեժիսորը ցանկանում է նաև կանանց իրազեկել իրենց իրավունքների մասին, միաժամանակ, շեշտում է` սա սերիալ է իր բոլոր կանոններով, իրավաբանական հաղորդման վերածել չեն պատրաստվում։

Նոր հեռուստասերիալում խաղում են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր դերասաններ, որոնք առաջին անգամ կլինեն էկրանին։
«Չդավաճանելով իմ սկզբունքներին, որոշել եմ էկրան բարձրացնել ինչպես բոլորի կողմից սիրված դեմքերի, վաստակավոր դերասանների, այնպես էլ երիտասարդների, որոնք առաջին անգամ են լինելու էկրանին։ Իհարկե, այս դեպքում էլ ընտրել եմ մարդկանց, որոնք ունեն համապատասխան կրթություն։ Ունեմ մի աղջիկ` մոդել Սրբուհի Ավանեսյանը, որն ինչ–ինչ պատճառներով դուրս է մնացել Թատերական ինստիտուտից, բայց ես կարծում եմ, որ նա արժանի է լինել էկրաններին։ Շատ եմ կարոտել իմ Սոֆչկայի` Սոֆի Դևոյան կրտսերի հետ աշխատանքը։ Չեմ վախենա ասել, որ իր դերասանական առաջին քայլերը միասին ենք սկսել, երբ նա դեռ 6-7 տարեկան էր։ Գլխավոր դերակատարուհուն երկար եմ փնտրել։ Որքան էլ շատ դերասաններ ինձ հետ չհամաձայնեն, կարծում եմ` դերասանուհու համար շատ դժվար է խաղալ մայր, եթե ինքը մայր չէ։ Դա այն զգացողությունն է, որը միայն մայրը կարող է ունենալ։ Իհարկե, կան բացառություններ, բայց ես ուզում էի, որ հերոսուհուն մայր խաղար։ Ի վերջո, գտա Օֆելյա Զաքարյան, որը վերջերս է մայրացել` 1 տարեկան փոքրիկ ունի։ Շատ համառ ու պատրաստակամ դերասանուհի է»,– ասում է Ելենան:































Լուսանկարները` Էլեն Գասպարյանի







