«Թե՛ ես, թե՛ ռեժիսորը երկար էինք սպասել այս համագործակցությանը». Էվա Խաչատրյանը՝ «Սև հանքերում» ներկայանալու մասին

19:09 • 15.01.19

Դերասանուհի Էվա Խաչատրյանն այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Սև հանքեր» խորագրով քրեական դրամայում, որի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին: Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի 25 մասանոց նոր հեռուստանովելում Էվան որոշակի դադարից հետո կրկին մարմնավորում է բացասական կերպար:

Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանից: Դերասանուհին նկատեց, որ թե՛ ինքը, թե՛ ռեժիսորը երկար են սպասել այս համագործակցությանը:

«Վաղուց էինք ուզում աշխատել Դավթի հետ: Այնպես էր ստացվում, որ հենց ինքը նոր նախագիծ էր սկսում, ես զբաղված էի լինում մեկ այլ նախագծում ու չէր ստացվում միասին աշխատել: Սիրով համաձայնեցի այս առաջարկին, քանի որ հետաքրքիր են թե՛ սյուժեն, թե՛ կերպարս: Մինչ այս էլ, Դավթի հետ աշխատել ենք հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմում, որտեղ իմ դերակատարումը բավականին փոքր էր, բայց պրոցեսը շատ հետաքրքիր էր»,-ասաց Էվան:

«Սև հանքերում» նա մարմնավորում է Մերիին, որը գյուղի հայտնի մեծահարուստի դուստրն է: Էվան նկատեց, որ իր կերպարն ընդգծված բացասական է: «Վերջին շրջանում հաճախ խուսափում էի բացասական դերերի առաջարկներ ընդունել, որովհետև շատերը նկատած կլինեն, որ դեռ ուսանողական տարիներից՝ սկսած «Եղբայրներ» հեռուստասերիալից, իմ դերերը հիմնականում բացասական են եղել: Որոշ ժամանակ ուզում էի զերծ մնալ նման դերերից, որպեսզի ոչ ես, ոչ էլ հանդիսատեսը չհոգնենք նույն կերպարից, տպավորություն չստեղծվի, որ ես միայն բացասական դերեր կարող եմ խաղալ, բայց հերոսուհին բավականին հետաքրքիր էր ու ինձ ոգևորեց: Մերին գյուղի դպրոցի տնօրենն է: Դեռ մանկուց սիրահարված է գլխավոր հերոսին՝ Արամին, որը սիրում է մեկ ուրիշին։ Ամբողջ ընթացքում իմ կերպարը պայքարում է տղայի համար»,-պատմեց նա:

Էվան նշեց, որ ստեղծագործական թիմի ու հիմնական խաղընկերների՝ Դավիթ Աղաջանյանի, Աշոտ Տեր-Մաթևոսյանի և այլոց հետ իր առաջին համագործակցությունն էր. «Բոլորի հետ հաճույքով ենք աշխատել, հրաշալի թիմային աշխատանք ստացվեց: Դրական, հիշվող նկարահանումներ ենք ունեցել հատկապես գյուղում, որտեղ մեզ իրենց թխած հացն էին հյուրասիրում: Տպավորված եմ գյուղի կոլորիտով և կարծում եմ, որ այնտեղ առկա անմեղությունը, պարզությունը և բարձրացված հիմնախնդիրը ցույց տալու կարիքը կա»:

Դերասանուհին կարևորեց 25 մասանոց հեռուստասերիալում ներկայանալը։ Ըստ նրա, այն դերասանին հստակ պատկերացում է տալիս իր աշխատանքի մասին։ «Ամենակարևորը՝ գիտես կերպարիդ սկիզբը, զարգացումն ու ավարտը, պատկերացում ունես, թե ինչպիսին պիտի լինի նա, երկարատև սերիալների պարագայում կերպարդ տատանվող է և, ըստ սցենարիստի պատկերացումների կարող է շեղվել սկզբնական գծից: Դու էլ սցենարիստին զուգահեռ սկսում ես ստեղծագործել»,-եզրափակեց Էվան:

«Թե՛ ես, թե՛ ռեժիսորը երկար էինք սպասել այս համագործակցությանը». Էվա Խաչատրյանը՝ «Սև հանքերում» ներկայանալու մասին