«Ես ու հերոսուհիս հասակակից ենք, բայց շատ տարբեր». Լուիզա Մելքոնյանը՝ նոր հեռուստասերիալում նկարահանվելու և իր կերպարի մասին

14:54 • 15.01.19

 Երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանը տարին սկսել է  գործնական նոր առաջարկով: Դերասանուհին շուտով կներկայանա «Շահմարի առեղծվածը» 32 մասանոց ֆիլմաշարում, որը փետրվարից կցուցադրվի Առաջին ալիքի եթերում:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց ֆիլմաշարում իր հերոսուհու մասին և նկատեց, որ ի սկզբանե ռեժիսորն իրեն դիտարկել է մի քանի կերպարի համար: «Հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացա ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի կողմից: Մի քանի կերպար էինք փորձում, որպեսզի հստակ հասկանայինք, թե ինձ ո՞րն է առավել հարմար: Քննարկվող կերպարներից մեկի հետ կապված խնդիր կար, քանի որ պետք է մարմնավորեի 35-անց կնոջ, բայց դա զուտ արտաքնապես չէինք կարող անել, որքան էլ դիմահարդարմամբ և սանրվածքի փոփոխությամբ փորձեինք ստանալ, բնական չէր լինի: Այդ պատճառով ընտրությունը կանգ առավ մեկ այլ կերպարի վրա, որն ինձ հասակակից աղջիկ է»,-պատմեց Լուիզան:

Ֆիլմաշարում Լուիզան մարմնավորում է Լիլիի կերպարը, որն ապրում է իր քեռու հետ կենցաղային վատ պայմաններում: Դերասանուհին նկատեց, որ նոր կերպարն իրեն բացարձակապես նման չէ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում աշխատանքը:

«Թեև ես ու հերոսուհիս նույն տարիքում ենք, բայց շատ տարբեր ենք նաև մեր կենսակերպով: Դա հատկապես զգացվում է կոնկրետ իրավիճակներում: Կարծում եմ՝ անընդհատ քո կերպարին մոտ դերեր խաղալը հետաքրքիր չի լինի և որպես դերասան աճելու տեղ չես ունենա: Պետք է փորձես տարբեր կերպարներ մարմնավորել, որպեսզի մասնագիտական աճ գրանցես: Թեև ես բացասական կերպարների սիրահար եմ, բայց այս անգամ էլ ինձ բաժին հասավ դրական կերպար»,-ասաց նա: 

Լուիզայի համար «Կարմիր բլուր» հեռուստասերիալը դեբյուտային էր: Դերասանուհին նկատեց, որ իր մարմնավորած կերպարը հասցրել է սիրվել հեռուստադիտողի կողմից, միաժամանակ փաստեց, որ  նոր սերիալում հեռուստադիտողն իրեն առիթ կունենա նորովի բացահայտելու. «Սա ինձ համար նոր ուղի է, որ պետք է հաղթահարեմ: Արդեն բավականին կապվել եմ նոր կերպարիս: Սա նաև նորովի դրսևորվելու և նոր մարդկանց շրջապատ մտնելու լավ հնարավորություն է»:

Լուիզան նկատեց, որ ցանկացած նոր առաջարկ ստանալիս առաջնորդվում է հստակ սկզբունքներով, կարևորում ոչ միայն ֆիլմի սյուժեն, այլև իր կերպարի առանձնահատկությունները. «Նախ ծանոթանում եմ կերպարիս հետ, փորձում հասկանալ՝ ի՞նչ կողմեր ունի, և հետո, եթե սերիալը հիմնված է լինում գրական ստեղծագործության վրա, ինչպես այս դեպքում է, պարտադիր ընթերցում եմ այն: Կան նաև հատուկ կետեր, որոնք աշխատանքային պայմանագիր կնքելիս պարտադիր նշում եմ: Դրանցից մեկը օրինակ՝ բաց տեսարաններում նկարահանվելն է, որից, ի սկզբանե, հրաժարվում եմ: Կարծում եմ, որ Հայաստանում այդ ամենը ուրիշ կերպ է ընկալվում»:

Լուիզան նկատեց, որ նոր հեռուստասերիալում իր խաղընկերների հետ առաջին անգամ է աշխատում, դերասանների մեծ մասի հետ էլ դեռ նոր պետք է ծանոթանա: «Նոր մարդկանց հետ աշխատելը սովորելու նոր հնարավորություն է տալիս, առավել ևս ավագ սերնդի դերասանների հետ աշխատելը, քանի որ նրանց փորձն այս բնագավառում ավելի մեծ է: Թեև ես իմ հասակակից դերասաններից էլ շատ բան եմ սովորում»,-եզրափակեց Լուիզան:

«Ես ու հերոսուհիս հասակակից ենք, բայց շատ տարբեր». Լուիզա Մելքոնյանը՝ նոր հեռուստասերիալում նկարահանվելու և իր կերպարի մասին