«Շուտ արթնանալու խնդիր ունեմ, բայց կարողանում եմ ինձ դաստիարակել». Դիանա Մալենկոն՝ «Արմենիա TV» տեղափոխվելու մասին
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Արմենիա TV»-ի «Բարի լույս» նախագծի հաղորդավարներ Ավո Խալաթյանին ու Լուսինե Թովմասյանին են միացել Դիանա Մալենկոն և Արտակ Վարդանյանը։ Tert.am Life-ը Դիանայի հետ զրուցել է նոր աշխատանքի, հնարավորությունների ու տպավորությունների մասին։
Դիանան լսարանին ներկայացել է ժամանցային տարբեր նախագծերով, բայց առավոտյան հաղորդում առաջին անգամ է վարում։ Նրա խոսքով՝ հիանալի տպավորություններ ունի։ «Ամեն ինչի առաջինը տպավորվող ու անմոռանալի է: «Բարի լույսն» էլ դարձավ առաջին ու չմոռացվող: Նոր էջ ու նոր զգացողություններ»,- ասաց հաղորդավարուհին ու հավելեց, որ վաղ առավոտյան արթնանալն իր համար խնդիր էր, բայց անհաղթահարելի ոչինչ չկա։
«Ես շուտ արթնանալու խնդիր ունեմ, բայց ինքս ինձ դաստիարակելու կարողություն էլ ունեմ: Սկիզբը, իհարկե, հաճելի չի լինում, բայց ընթացքն ու արդյունքն են ինձ բավարարվածության զգացողություն տալիս: Մշտական պայքար ինքդ քեզ հետ և կամքի դրսևորում. սա կարևոր է, որպեսզի չդոփես տեղում: Երբ ստացա «Բարի լույսը» վարելու առաջարկը, առաջին միտքս այն էր, թե ինչպես եմ արթնանալու ժամը 7–ին։ Առաջին եթերի օրը արթնացա ժամը 6-ին՝ առանց զարթուցիչի։ Չգիտեմ՝ ուրախությունից էր, անհամբերությունից, թե անհանգստությունից, բայց բոլորից շուտ էի TV եկել։ Դեռ այդպես եմ պահում տեմպը, ինչն ինձ շատ է դուր գալիս»,- պատմեց Դիանան։
Ըստ էության՝ նա նույն ձևաչափում է՝ ապահովում է լսարանի հետաքրքիր ժամանցը, բայց նոր աշխատանքի բնույթն այլ է։ Այն հաղորդավարուհուն նոր էմոցիաներ և ոգևորություն է տալիս. «Արթնանալ մարդկանց, դատարկ քաղաքի, արևի հետ ու հեռուստադիտողին առաջինն ասել՝ Բարի լույս, հավատացեք ֆանտաստիկ է: Միայն այն միտքը, որ թեկուզ մեկի առավոտը կարող ես դրական դարձնել, արդեն իսկ երջանկացնում է: Ձևաչափը նույնն է, զգացողություններն ու տրամադրությունը ուրիշ: Նորը միշտ հետաքրքիր է»։
«Բարի լույսի» նախապատրաստական աշխատանքներով զբաղվում է թիմը, բայց Դիանան ուրախությամբ նկատեց, որ իրենք շատ ազատ են առաջարկներ, մտքեր ներկայացնելու հարցում։ «Օրինակ՝ ինձ համար շատ կարևոր է, որ կարող եմ երաժշտություն առաջարկել եթերում, դրանից շատ եմ ոգևորվում: Իսկ, ընդհանուր առմամբ, նախապատրաստական աշխատանքները մեր գործընկերներն այնքան լավ ու տեղին են իրականացնում, որ երբեմն ավելացնելու ոչինչ չի լինում: Դրան գումարում ենք մեր ազատ և բնական երկխոսության ձևաչափը և ստացվում է այն, ինչ հեռուստադիտողը տեսնում է: Հարցազրույցների առումով էլ «կանոնը» նույնն է՝ բնական զրույց»։
Դիանան նոր թիմ տեղափոխվեց մտերիմ ընկերոջ՝ Արտակ Վարդանյանի հետ, որը նաև նրա հաղորդավարական զույգն է դարձել։ «Էլ ում, եթե ոչ Արտակի, ասաց Դիանան ու հավելեց,- Այսքան տարի աշխատում ենք միասին և ամեն օր զարմանում եմ այն մտքից, որ նրանից էլի սովորելու բան ունեմ: Հիմա նոր տեղում ենք, նոր տրամադրությամբ, բայց հին հավատարմությամբ»:
Նոր թիմին ինտեգրվելը, հաղորդավարուհու խոսքով, բարդ չէր, քանի որ թիմն այդքան էլ նոր չէ, շատերի հետ արդեն աշխատել են։ Եթե չեն էլ աշխատել, գոնե ծանոթ են. «Բոլորն այնքան ջերմ ընդունեցին մեզ, որ մոռացանք նորեկ լինելու մասին: Եվ շատ ուրախ ենք , որ հաղորդավարական մյուս զույգը Ավոն ու Լուսինեն են և մեր մշտական՝ Սաթենիկը: Բոլորը պայծառ, դրական մարդիկ են»:
«Արմենիա TV»-ն ամենամեծ լսարան ունեցող հեռուստաընկերությունն է, որտեղ Դիանան աշխատել է մինչև այս պահը։ Հաղորդավարուհին խոստովանում է՝ առաջարկը սպասված էր. «Ավելի մեծ լսարան, ավելի շատ հեռուստադիտողներ, ավելի շատ արձագանք և ավելի մեծ պատասխանատվություն, որը կարիերայում աճելու գլխավոր նախապայմաններից է: Շատ ուրախ ու շնորհակալ ենք, որ վստահել են մեզ: Հարմարավետություն, ազատություն և տան ջերմ զգացողություն, դա այն էր, ինչ ունեինք «Արմնյուզում»: Արագություն, ավելի մեծ քայլեր ու առաջ գնալու հնարավորություն, դա այն է, ինչ տալիս է «Արմենիա TV»-ն:
Դիանան եթերում է պատանեկան տարիներից։ Նրանից հետաքրքրվեցինք, թե որքանով է բավարարված այն դիրքից, որում հիմա է, արդյոք իր նախագծով լսարանին ներկայանալու ցանկություն չունի։ «Դեռ բավարարված եմ... դեռ... Ամեն ինչ նոր է, հետաքրքիր, ինձ դուր է գալիս։ Ես հեռուստադիտողի հետ նոր երկխոսության մեջ եմ: Դեռ պետք է զրույցի բռնվենք ու ընկերանանք, իսկ ժամանակ հետո, երբ երկուսս էլ զգանք, որ նոր թեմաների կարիք ունենք, նոր էտապի կանցնենք»-, եզրափակեց հաղորդավարուհին։







