«18 տարեկանում թվում էր 30-ը սարերի հետևում է». Աննա Հարությունյանը` ԱՄՆ մեկնելու պատճառի և 30-ամյակի խորհրդանշական օրվա մասին

19:19 • 19.01.19

Դերասանուհի Աննա Հարությունյանն օրերս տոնել է  30–ամյակը։ Աննան տարեդարձը նշեց ԱՄՆ–ում, ուր մեկնել է տոնական օրերին։ Tert.am Life–ը զրուցել է օվկիանոսից այն կողմ գտնվող դերասանուհու հետ ոչ միայն 30–ամյակի ու կյանքի այս փուլի, այլև ԱՄՆ մեկնելու առիթի մասին։

Աննան առաջին անգամ է Միացյալ Նահանգներում: ԱՄՆ է ժամանել Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի ստեղծագործական կազմի հետ, քանի որ հունվարի 24-ին Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կկայանա ֆիլմի ամերիկյան պրեմիերան:

Օգտվելով ԱՄՆ–ում լինելու առիթից` դերասանուհին իր առաջին ռեժիսորական աշխատանքի` «Անիկո» ֆիլմի ցուցադրությունն էլ է կազմակերպել այնտեղ։ «Ծննդյանս օրը շատ խորհրդանշական էր ինձ համար, քանի որ Լոս Անջելեսում, ուր կինոարվեստն հասել է իր զարգացման կիզակետին, տեղի ունեցավ  «Անիկո» անունով ֆիլմի պրեմիերան։ Այն իմ դիպլոմային աշխատանքն է`որպես ռեժիսոր: Այս առիթով ուզում եմ շնորհավորել ֆիլմի ողջ ստեղծագործական խմբին և խորին երախտագիտությունս հայտնել նրանց: Սա կարևոր փաստ է թե՛ իմ, թե՛ ֆիլմի կենսագրության համար: Ֆիլմի պրեմիերան շուտով տեղի կունենա նաև Երևանում»,– պատմեց նա։

Շատ կանայք վախենում են 30-ը բոլորելուց և կյանքի նոր տասնամյակ թևակոխելուց։ Աննան նշում է, որ հիմա բալզակյան տարիքում է, միաժամանակ շեշտում, որ տարիներն աննկատ թռչում են։ «Հիշում եմ առաջին տպավորությունս, երբ ընթերցեցի Բալզակի «Երեսնամյա կինը» ստեղծագործությունը. 18 տարեկան էի և երեսունը սարերի հետևում էր թվում... Հիմա հաջորդ տասնամյակն է այդքան հեռու թվում։ Կարելի է մի հետևություն անել` միևնույն է ժամանակը թռչում է առանց քեզնով հետաքրքրվելու, նրա համար բոլորվին կարևոր չէ` արդյոք երջանիկ ես, տարբերակո՞ւմ ես կարևորն անկարևորից, գնահատո՞ւմ ես այն, ինչ ունես, թեկուզև, ձգտելով ավելիին»։

Աննայից հետաքրքրվեցինք` արդյոք իրեն բավարարված համարում է այն ամենով, ինչ ունի կյանքի այս փուլի համար։ «Ի վերջո, մենք բոլորս ձգտում ենք ինքնաբավության, հոգու և մտքի ներդաշնակության: Այս առումով կարող եմ ասել, որ հողը ոտքերիս տակ ավելի ամուր եմ զգում, քան, ասենք, քսանհինգում։ Լցված եմ նորանոր մտքերով և մտահաղացումներով, որոնք սիրով իրագործելու եմ Նոր Հայաստանում»,– նկատեց դերասանուհին։

«Երազանքների երկիր» համարվող Ամերիկայում Աննան առաջին անգամ է։ Նա նկատեց, որ եվրոպական մշակույթն իրեն ավելի հոգեհարազատ է։ «Իմ սիրտն ավելի շատ եվրոպական մշակույթ է ճանաչում, հոգիս բառացիորեն պարում է Իտալիայում: Միացյալ Նահանգները, ավելի կոնկրետ Լոս Անջելեսը, հատկանշական է իր պարզությամբ ու հարմարավետությամբ,  մեկ էլ հայության անսահման կարոտով դեպի Հայաստանը»,– տպավորությունների մասին պատմեց Աննան։

«18 տարեկանում թվում էր 30-ը սարերի հետևում է». Աննա Հարությունյանը` ԱՄՆ մեկնելու պատճառի և 30-ամյակի խորհրդանշական օրվա մասին