Ռուսաստանում ամենամեծ վաճառքն ունեցած 2–րդ ֆիլմի` «Տ-34»–ի երևանյան պրեմիերան ու հայտնի հյուրերը

15:22 • 26.01.19

Երևանում երեկ կայացավ «Տ-34» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, ինչի առթիվ Մոսկվայից ժամանել էին ստեղծագործական թիմի անդամները, դերասաններ Վիկտոր Դոբրոնրավովն ու Անտոն Բոգդանովը, ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը: Պրեմիերային ներկա էին ոչ միայն ոլորտի հայտնի հյուրեր, այլև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններ, հայկական ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ:

Tert.am Life-ը ներկայացնում է երևանյան պրեմիերայի հետաքրքիր դրվագները։

Հայրենական պատերազմի դրվագներից մեկին անդրադարձ կատարող ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Ալեքսեյ Սիդորովն է։

Հերոսը` երեկվա կուրսանտ Իվուշկինը, հայտնվելով գերության մեջ, ծրագրում է փախուստ: Նա հավաքում է իր անձնակազմը և լեգենդար «երեսունչորսով» մարտահրավեր նետում Յագերի գլխավորած գերմանական տանկային «ասերին»: Հանուն իր սիրո և հայրենիքի նա պատրաստ է գնալ մինչև վերջ:Կինոնկարում խաղում են Ալեքսանդր Պետրովը, Իրինա Ստարշենբաումը, Վինցենց Կիֆերը, Վիկտոր Դոբրոնրավովը, Անտոն Բոգդանովը, Յուրի Բորիսովը, Սեմյոն Տրեսկունովը, Արտյոմ Բիստրովը, Միքայել Ջանիբեկյանը և այլք։

600 միլոն ռուբլի բյուջեով ֆիլմը Ռուսաստանում մեծ էկրան է բարձրացել այս տարվա հունվարի 1–ին և արդեն հասցրել է մեծ հաջողություն գրանցել։ Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը հպարտությամբ նկատեց այս փաստը։

«Ռուսաստանի պատմության մեջ «Տ-34»–ը դարձավ 2–րդ ամենամեծ տոմսերի վաճառք գրանցած  ֆիլմը։ Մեզ դիտել են 8 միլիոն հանդիսատես, ինչն ուրախացնում է, նշանակում է` ֆիլմը դուր է եկել լսարանին։ Գիտեք, կարծում եմ, ֆիլմը ստացվել է զգացմունքային և ժամանակակից։ Հուսով եմ` ավագ սերնդի հանդիսատեսն էլ այն կգնահատի, որովհետև այն ընկերության, սիրո, հավատարմության, հայրենիքի մասին է։ Ինձ համար շատ հաճելի և պատասխանատու է այսօր  այստեղ ցույց տալ ֆիլմը։ Ես Հայաստանում եմ ապրել իմ կյանքի առաջին 30 տարին»,– ասաց Դիշդիշյանը։

Ֆիլմի դերակատարներից Վիկտոր Դոբրոնրավովն էլ նկատեց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է լինել այստեղ ու տեսնել ուսադիրներով այսքան հանդիսատեսի. «Այս ֆիլմն առաջին հերթին ձեզ համար է, թանկագին վետերաններ։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել և խոնարհվել  Ձեր առջև։ Կինոինդուստրիան ունի պարզ բանաձև, որը բաղկացած է 3 գործոնից։ Այն պետք է լինի ոգեշնչի, համախմբի և կրթի։ Եթե գոնե մի գործոնը կա, հաջողություն է, երկուսը` ֆուրոր է, 3–ը` ֆանտաստիկ մի բան։ Կարծում եմ` մեզ հաջողվել է այս 3  գործոնն էլ բերել ֆիլմ»։

Անտոն Բոգդանովն էլ նկատեց, որ իրենց պապերն են եղել ռազմի դաշտում և յուրաքանչյուր դերասան իր մեջ կրում է այդ ոգին։ «Մեծ հույս ունենք, որ ֆիլմը ձեզ դուր կգա, որովհետև դրանում դրել ենք մեր ամբողջ հոգին` որպես պատերազմի դաշտում կռված մարդկանց թոռներ։ Մեզնից յուրաքանչյուրն իր պապիկին ու տատիկին բերել է էկրան։ Հավատում եմ, որ ֆիլմն արժանի կլինի Ձեր ուշադրությանը»,– ասաց նա։

Դերասանը նաև նկատեց, որ ինքն ու Վիկտորն առաջին անգամ են Երևանում և հրաշալի տպավորություններ ունեն։

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Ռուսաստանում ամենամեծ վաճառքն ունեցած 2–րդ ֆիլմի` «Տ-34»–ի երևանյան պրեմիերան ու հայտնի հյուրերը