«Նա այն տղամարդկանցից է, որոնց հետ հնարավոր է կատակել, բանավիճել, սեթևեթել, ընկերանալ». Հերմինե Ստեփանյանը՝ Արթուր Բախտամյանի ու «Կեսգիշերն անց»-ի մասին
Փետրվարի 4–ից Առաջին ալիքի եթերում մեկնարկել է «Կեսգիշերն անց» հաղորդման նոր եթերաշրջանը։ Tert.am Life-ի հետ զրույցում հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը պատմել է հաղորդման նոր եթերաշրջանի, հյուրերին անկեղծ զրույցի տրամադրելու գաղտնիքների ու Արթուր Բախտամյանի հետ աշխատանքի մասին:
Հերմինեի խոսքով, նախորդ եթերաշրջանում հաղորդումն արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողի կողմից և ձևաչափն արհեստականորեն փոփոխելու առիթ չունեին:
«Հիմա հեռուստադիտողը կտեսնի նոր դեմքերի: Բուռն քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում երկրում, նոր դեմքեր են հայտնվում։ Մենք գտնում ենք մարդկանց, որոնք գուցե մոռացվել էին: Հյուրերի առումով հաղորդումը ճգնաժամային վիճակում չէ: Այն ժամանակ, երբ կհասկանանք, որ Հայաստանի՝ հետաքրքիր անցյալ և ներկա ունեցող բոլոր մարդկանց հրավիրել ենք, գուցե, արդեն փոփոխությունների կարիք լինի»,-ասաց նա:
«Կեսգիշերն անցի» տաղավարում Հերմինե Ստեփանյանն ու Արթուր Բախտամյանը հյուրընկալում են տարբեր ոլորտների մարդկանց՝ քաղաքականությունից մինչև արվեստ և բոլորի հետ անկեղծ զրույցի բռնվում: Հաղորդավարուհուց հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում տեսախցիկների առաջ հյուրերին տրամադրել անկաշկանդ զրույցի:
«Զրույցն ինքնաբերաբար է ստացվում, որովհետև սկսած տաղավարի ձևավորումից, լուսավորումից մինչև ամբողջ անձնակազմի շփումը մեր հյուրերի հետ օգնում են, որ նրանք հասկանան, որ պատրաստվում են մի քանի շերտով բացվել: Դրա համար բոլոր պայմանները կան: Հարցազրույցի ավարտից հետո հիմնականում հյուրերն ասում են՝ շատ անկեղծ էր, արժե՞ր: Իրենք էլ, գուցե, նախապես որոշել էին շատ անկեղծ չլինել, բայց չեն կարողանում, որովհետև, երևի թե, յուրաքանչյուր մարդ կարիք ունի ինչ-որ մի տեղ բարձրաձայնելու իր այն մտքերը, ինչու ոչ, խնդիրները, որոնց մասին երբևէ չի խոսել»,-ասաց Հերմինեն:
Խոսելով գործընկերոջ` Արթուր Բախտամյանի հետ համատեղ աշխատանքի մասին` Հերմինեն նկատեց, որ շատ հետաքրքիր փորձ է։ «Արթուր Բախտամյանի հետ աշխատելը նախ գերագույն հաճույք է, որովհետև ես շատ եմ սիրում մեր ավագ դպրոցը, հատկապես, երբ ավագ դպրոցի ներկայացուցիչն ինքն իրենով շատ ժամանակակից է լինում: Նա հարուստ կենսագրությամբ ու ստեղծագործական փորձով մարդ է, որի հետ շփվելը, աշխատելը միայն դրական ազդեցություն է ունենում: Երբ որոշվեց, որ մենք միասին պիտի վարենք այս հաղորդումը, հեռուստաընկերությունում բոլորն ինձ հարցնում էին՝ հե՞շտ է Բախտամյանի հետ: Այո՛, շատ հեշտ է: Ինքն այն տղամարդկանցից է, որոնց հետ հնարավոր է կատակել, բանավիճել, սեթևեթել, ընկերանալ»,- եզրափակեց Հերմինեն:












