«Սպիտակ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» միջազգային փառատոնում

15:54 • 11.02.19

Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն արժանացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» III միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին: Այդ մասին ТАСС-ին հայտնել են փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայացած կինոդիտման կազմակերպիչները:

«Վյաչիսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» երրորդ միջազգային փառատոնում «Աշխարհի մի մասնիկը» և «Սպիտակ» ֆիլմերը ճանաչվել են լավագույնը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ալեքսանդր Կոտտի ֆիլմը լավագույնն է ճանաչվել նաև «Lավագույն ռեժիսոր» և «Lավագույն կոմպոզիտոր» անվանակարգերում:

Ավելի վաղ Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել էր ֆիլմի հայաստանյան պրեմիերայի մասին: «Սպիտակի» երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:  Ֆիլմի գլխավոր դերկատարուհին՝ Հերմինե Ստեփանյանը, մեզ հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ էր պատմել Կոտտի հետ համատեղ աշխատանքի ու նկարահանման հրապարակում եղած դժվարությունների մասին:

Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որը խլեց 25 հազար մարդու կյանք և անօթևան թողեց ավելի քան կես միլիոն մարդու: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդր Պոլիտիկը և այլք:

«Սպիտակ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» միջազգային փառատոնում