18+ սարսափ հեռուստասերիալ հայկական եթերում. առաջին լուսանկարներն ու մանրամասները

16:03 • 13.02.19

Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում փետրվարի 18-ից կմեկնարկի «Մահվան ջոկատ» կոչվող սարսափ ժանրի սերիալը։ 25 մասանոց նոր նախագծի ռեժիսորը Հարութ Շատյանն է, պրոդյուսերը` արա Բաղդասարյանը, որոնք հանրությանն են ներկայացրել նաև «Քավարան» և «Փրկեք մեր հոգիները» հեռուստասերիալները։ Այս անգամ որոշել են նոր նշաձող սահմանել։

Tert.am Life-ը եղել է նկարահանման հրապարակում և ներկայացնում է նախագծի բեքսթեյջ լուսանկարներն ու մանրամասները։

Էվա Խաչատրյանի, Սարգիս Հակոբյանի, Վիգեն Թադևոսյանի, Սարգիս Մանուկյանի, Մհեր Ալաբեգյանի, Անդրանիկ Ղազարյանի, Ժորա Մարտիրոսյանի, Ջոն Մակարյանի, Վիգեն Ստեփանյաին, Տիգրան Նալչաջյանի, Դավիթ Շումսկիի մասնակցությամբ ֆիլմը, Արա Բաղդասարյանի փոխանցմամբ, բավականին համարձակ է. «Հեռուստադիտողի դատին ենք հանձնելու մի աշխատանք, որը սյուժետային ու կատարողական համարձակությամբ, մտքի սրությամբ ու իրադարձությունների անկանխատեսելիությամբ իսկապես տարբերվելու է մինչև այս նկարահանված բոլոր սերիալներից»:

«Ucom-ի հեռուստադիտողները վերջապես հնարավորություն են ստացել դիտելու հատուկ իրենց համար ստեղծված «Մահվան ջոկատը», որը ֆենթըզի ժանրում իրականացված առաջին նախագիծն է։ Սա թերևս որակյալ հայկական հեռուստաբովանդակություն արտադրելու ամենախիզախ ու ամենասպասված փորձերից է, և Ucom-ը մեծ պատրաստակամությամբ է աջակցել դրան։ Հուսանք, որ մեր ցանցի հեռուստադիտողներին այնքան կհետաքրքրեն բուն պատմությունը, դերասանական խաղը, արտասովոր կերպարները, մարդկային փոխհարաբերությունները, որ նրանք օր առաջ կցանկական տեղեկանալ հաջորդ մասում ծավալվող իրադարձությունների մասին։ Դրա հնարավորությունը, ինչպես միշտ, ընձեռվում է «Տեսավարձույթ» բաժնի միջոցով», - ասաց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Արա Բաղդասարյանն էլ վստահեցրեց, որ «Մահվան ջոկատն» իսկական նվեր է լինելու սարսափ ժանրի սիրահարների համար, որոնց թիվը Հայաստանում, ըստ նրա, քիչ չէ։ Պրոդյուսերը նկատեց, որ Film Factory ընկերության կողմից նկարահանված «Քավարան» և «Փրկեք մեր հոգիները» սերիալների վարկանիշները փաստում են դա։

Պրոդյուսերի խոսքով՝ նկարահանման ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել դերասանական կազմի ընտրությանը, գրիմին ու նկարահանման տաղավարներին: «Դժվարությունը, երևի թե, հսկայական ու բավականին ժամանակատար աշխատանքն էր, որը տևեց 4 ամիս և դեռ ընթացքի մեջ է: Մոտ 4 ամիս էլ ծախսել ենք սցենարական աշխատանքների վրա: Այս 10 ամսվա ընթացքում տիտանական աշխատանք է կատարվել, որը կարծում եմ՝ հեռուստադիտողը, կգնահատի»,- պատմում է Արան: 

«Մահվան ջոկատը» նախատեսված է 18 տարեկանից բարձր հեռուստադիտողի համար: Խորհուրդ չի տրվում դիտել թույլ նյարդեր ունեցող մարդկանց, քանի որ սերիալում առկա են արյունոտ տեսարաններ: Արա Բաղդասարյանը հավատացնում է, որ սերիալը դիտելիս ամուր նյարդեր ունեցողներն էլ զերծ չեն մնա վախի մեջ մնալու զգացողությունից:

«Մահվան ջոկատ» պատմում է նախկին զինվորականներից կազմված մի ջոկատի մասին, որը գործուղվում է ահաբեկիչներին վնասազերծելու: Ջոկատը հայտնվում է մի իրավիճակում, որից միակ ելքը մեռնելն է, սակայն հերոսները պայքարում են իրենց կյանքի, երջանկության և ողջ մնալու համար: «Նախագիծը որակի նոր նշաձող է հայկական հեռուստաարտադրության մեջ»,- եզրափակեց Արա Բաղդասարյանը:

Անի Թորոսյան

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

18+ սարսափ հեռուստասերիալ հայկական եթերում. առաջին լուսանկարներն ու մանրամասները