Ավետ Բարսեղյանը բացահայտում է հայկական շոու բիզնեսի «Գերազանցիկին»

18:06 • 21.02.19

Առաջին ալիքի գարնանային եթերաշրջանում Ավետ Բարսեղյանը կբացահայտի հայկական շոու բիզնեսի «Գերազանցիկներին»։ Ինտելեկտուալ նախագծերի սիրահարը գտել է ժամանցայինի ու ուսուցողականի նուրբ սահմանը ու հեռուստադիտողներին կառաջարկի վերհիշել, ինչու ոչ, համալրել գիտելիքները, միաժամանակ վայելել ժամանցը։

Tert.am Life–ը ներկա է եղել Ավետի նոր նախագծի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում առաջին մանրամասներն ու լուսանկարները նկարահանման հրապարակից։

«Գերազանցիկի» շրջանակում մրցում են 2 թիմ, աշակերտական աթոռին նստած են  դպրոցականները։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 2 դպրոցական և մեկ հայտնի մարդ, որն առաջադրված հարցին աշակերտների տված պատասխաններից ընտրում է իր կարծիքով ճիշտ պատասխանն ու վաստակում միավորներ թիմի համար։

«Իմ առաջարկը, որպես կանոն, այն է, որ ինձ առաջարկեն ծրագրեր, որոնք ժամանցայինի ու ինտելեկտուալի սահմանագծում են։ Ծրագիրը մշակել է Հանրային հեռուստաընկերությունը։ Երբ նախագիծը ծննդյան փուլում էր, մտավախություններ ունեի, թե որքանով դինամիկ կստացվի, սակայն ընթացքում ամեն ինչ ընկավ իր տեղը։ Արդյունքում ունենք բարի նախագիծ, որը ոչ գերինտելեկտուալ է, ոչ էլ գերժամանցային։ Ճիշտ սահմանին է»,– նկատեց Ավետը։

Հաղորդավարի խոսքով` որքան էլ նախագիծն ինտելեկտուալ է, այն անհարմար իրավիճակում չի դնում հյուրերին։ «Ընդհանրապես, մեր երկրում ունենում ենք հյուրի խնդիր, երբ ժամանցային հաղորդման մեջ կա գիտելիքային որոշիչ, յուրաքանչյուրս էլ ուզում ենք եթերում ավելի լավը թվալ։ Հյուրերը նախնական մտավախություն ունենում են, սակայն երկրորդ փուլից այն անցնում է։ Գրեթե, ամբողջ եթերաշրջանը նկարահանել են, դեռ ոչ ոք նեղացած չի հեռացել տաղավարից»,– ասաց նա։

Փոքրիկների հետ աշխատանք էլ յուրահատուկ մոտեցում է պահանջում, որպեսզի մրցակցությունը լարվածություն չստեղծի նրանց համար։ Նոր սերնդի դպրոցականները հասցրել են հիացնել հաղորդավարին։

Ավետից պարզեցինք, թե հայտնիներից ովքեր են զարմացրել կամ հիասթափեցրել իրեն։ Պարզվում է` այդպիսիք չեն եղել։ «Այնքան երկար եմ ճանաչում բոլոր նրանց, ովքեր հյուր են գալիս, որ ումից հիասթափվելու էի,  հիասթափվել եմ, ում շատ էի սիրելու, շատ եմ սիրում։ Նախագիծն էլ անակնկալի բերելու, հիասթափվելու հնարավորություն չի տալիս։ Բավականին բարի է»,– ժպիտով ասաց նա։

Իսկ ահա իր համար ամենադինամիկ թողարկումների մասնակիցների առանձնացրեց. պարզվում է` Էրիկ Անթառանյան–Մամիկոն Սիմոնյան պայքարն է շատ հետաքրքիր անցել։ Ավետին տպավորել են նաև Սոնա Ռուբենյանը, որը իր նախագծերի մշտական «Գերազանցիկն» է, մասնավորապես, «Գուշակիր մեղեդիի» անհաղթելին, և Ռաֆայել Երանոսյանը, որին հաղորդավարը բնորոշեց որպես նախագիծ տոն բերող մարդու։

«Գերազանցիկը» հետաքրքիր ստուգատես է նաև Ավետի համար։ Ասում է` այս նախագծում նոր գիտելիքներ է ձեռք բերել, առհասարակ, սիրում ու հետաքրքրությամբ է վարում այն նախագծերը, որոնք իրեն սովորելու հնարավորություն են տալիս։

Մոտ 15 տարի է` Ավետը Հանրային ռադիոյով վարում է «Խելք խելքին», որի մասին միշտ առանձին սիրով է խոսում։ Հաղորդավարից հետաքրքրվեցինք` արդյոք «Գերազանցիկն» ու «Խելք խելքին» իր մեջ մրցում են։ Պարզվում է` Ավետի համար «Խելք խելքին» մրցակցությունից դուրս է։ 15 տարվա պատմություն ունեցող հաղորդման շրջանակում հաղորդավարին դեռ երկար կտեսնենք, առավել ևս  հիմա, երբ թողարկման ժամանակ Ինստագրամով ուղիղ եթեր է մտնում, ինչը լրացուցիչ հետաքրքրություն է բերել նախագիծ ու ընդլայնել լսարանը ցանցամոլների շրջանում։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Ավետ Բարսեղյանը բացահայտում է հայկական շոու բիզնեսի «Գերազանցիկին»