Հայաստանում կանցկացվի Կինոյի ազգային մրցանակաբաշխություն
Ապրիլի 16–ին կկայանա Ազգային կինոյի «Անահիտ» երկրորդ մրցանակաբաշխությունը։ Հայաստանի Ազգային կինոակադեմիան առաջին անգամ նման մրցանակաբաշխություն կազմակերպել է 2017–ին։ Այս տարի կազմակերպվող մրցանակաբաշխությունը կամփոփի 2017–ից մինչև օրս նկարահանված ֆիլմերի արդյունքները։
Այս առիթով այսօր մամուլի ասուլիս էր հրավիրվել, որի բանախոսներն էին Կինոակադեմիայի անդամներ Հարություն Խաչատրյանը, Էդգար Բաղդասարյանը և մրցանակաբաշխության կազմակերպչական հարցերի պատասխանատու Արևիկ Ուդումյանը։ Tert.am Life–ը ներկայացնում է մրցանակաբաշխության մանրամասները։
Հարություն Խաչատրյանը նկատեց, որ մրցանակաբաշխություններ կազմակերպելը կարևոր է, որպեսզի կինոակադեմիան ընտրի ֆիլմեր նաև միջազգային փառատոնների ուղարկելու համար։
«Անահիտը» կընդգրկի 12 անվանակարգ` «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն նկարիչ», «Լավագույն կոմպոզիտոր», «Լավագույն ձայնային ռեժիսոր»։ Հատուկ մրցանակ է սահմանվել հայկական կինոյում մեծ ավանդի համար։ Մրցանակի թեկնածուներին արդեն դիտարկում են։ Հնարավոր է` այս տարի 2 հոգի ստանա այս մրցանակը։
Անվանակարգերը նշելիս Հարություն Խաչատրյանը նկատեց, որ բաց են թողել «Լավագույն դեբյուտը», որը շատ կարևոր կատեգորիա է համարում։ Նա ասաց, որ հետամուտ կլինի անվանակարգի ավելացմանը, քանի որ երիտասարդներին ոգևորելը պարտադիր է ։
Արևիկ Ուդումյանը հայտնեց, որ հայտերն ընդունելու են այսօրվանից։ Վերջնաժամկետը մարտի 11–ին է։ Հայտերի ձևը կարող են գտնել իրենց պաշտոնական կայքում։ Այժմ քննարկվում է մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով հեռարձակելու հնարավորությունը։ Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ նկատեց, որ միջոցառման անցկացման ձևաչափը դեռ քննարկման փուլում է։
Կազմակերպիչների գնահատմամբ` 40–ից ավելի ֆիլմ կա, որոնք կարող են մասնակցել մրցանակաբաշխությանը։ Լավագույններին ընտրելու են Կինոակադեմիայի անդամները։ Մրցանակաբաշխության մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաև կինոակադեմիայի անդամները, սակայն այս դեպքում նրանք այլևս չեն կարող մասնակցել ընտրություններին։
«Սա նորմալ պրակտիկա է, որովհետև հիմնականում նորմալ կինեմատոգրաֆիաները կինոակադեմիայի անդամներ են։ Եթե իրենք էլ չներկայացնեն, կարող է ֆիլմ չմնա»,– ասաց Հարություն Խաչատրյանը, ապա շեշտեց, որ «ծածկադմբոցից» խուսափելու համար քվեարկությունը բաց է լինելու, յուրաքանչյուրը կարող է տեսնել, թե ով ինչպես է քվեարկել և ինչպես է այս կամ այն ֆիլմը մրցանակակիր դարձել։
Մրցանակի կարող են հավակնել նաև այն ֆիլմերը, որոնց դեպքում Հայաստանը երկրորդական կամ երրորդական արտադրող է։ Հարություն Խաչատրյանի խոսքով` հետագայում կմտածեն նաև սփյուռքահայ գործիչների աշխատանքներ մրցանակաբաշխությունում ներգրավելու մասին։
Էդգար Բաղդասարյանը նկատեց, որ մրցանակաբաշխություն արտացոլում է իրական պատկերը. «Ամենավատն այն է, երբ մրցանակը ստիպված ես տալիս, սակայն ինչ կա, կա։ Դա փաստում է իրողությունը»։
Հարություն Խաչատրյանը չբացառեց, որ կարող է լինել անվանակարգ, որում մրցանակ չհանձնվի, եթե չլինի արժանի ֆիլմ։ «Անկախ ամենից` մրցանակաբաշխություն, անպայման, պետք է անել։ Դա կոգևորի մարդկանց։ Մեզ ասում են որտեղից գումար, ինչու եք անում։ Պետական ֆինանսավորումը 1 մլն–ի չափով է, ինչը 1/3 ֆիլմի գումար էլ չէ»,– ասաց նա ու հավելեց, որ ֆինանսական միջոցները գոյանում են իրենց անդամավճարների և հովանավորների շնորհիվ։
Ի դեպ, Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ մտադիր են դիմել պատկան մարմիններին ապրիլի 16-ը պաշտոնապես Կինոյի օր հայտարարելու առաջարկով։ Կինոգործիչը նկատեց, որ այն հայկական կինոյի ստեղծման օրն է, բայց Հայաստանում չի նշվում։






Լուսանկարները` Էլեն Գասպարյանի







