Վիգեն Չալդրանյանն ԱՄՆ–ից հրաժարական է ուղարկել Կինոակադեմիայի նախագահի պաշտոնից
Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց կինոակադեմիայի անդամ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: Նա հայտնեց, որ 2-3 ամիս չեն ընդունել հրաժարականի դիմումը` հուսով, որ Չալդրանյանը կմտափոխվի։
«Վիգեն Չալդրանյանը, որը երկու տարի առաջ ընտրվել էր Կինոակադեմիայի նախագահ, ԱՄՆ-ից գրավոր նամակով հրաժարական է ուղարկել: Նա հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով նա չի կարող շարունակել աշխատել։ Հրաժարականի նամակը ստանալուց հետո մոտ 3 ամիս սպասեցինք` հուսով, որ գուցե նա փոխի իր մտադրությունը, եթե առողջական վիճակը լավանա, վերադառնա»,– ասաց նա և հավելեց, որ Չալդրանյանը շատ լավ մասնագետ է։
Այժմ կինոակադեմիան չունի նախագահ: Հարություն Խաչատրյանի խոսքով` չեն շտապում ընտրություն անել։ Ինքը հրաժարվել է կրկին ստանձնել նախագահի պաշտոնը, թեև Կինոակադեմիայի հիմնադիր անդամ է։ «Դա բավականին դժվար գործ է: Հնարավոր չէ լինել և՛ Հայաստանի ազգային կինոակադեմիայի, և՛ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ: Մենք կընտրենք լավագույններից մեկին, որը պատրաստ կլինի իր վրա վերցել այդ ծանր բեռը»,- ասաց նա ու հայտնեց, որ այժմ ստեղծվել է նախագահություն` կազմված յոթ անդամից: Նախագահության կազմում են Հարություն Խաչատրյանը, Էդգար Բաղդասարյանը, Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Կազարյանը, Աննա Երզնկյանը, Գևորգ Գևորգյանը և Մարտին Ադոյանը:
Ավելի վաղ Վիգեն Չալդրանյանը դերասանների պահանջով հրաժարական էր տվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոններից։







