«Տպավորություն է` միշտ աշխատել եմ այս թիմի հետ». Շուշան Երիցյանը՝ «Կօօկօօռօօզ»–ում կներկայանա իր իրական կերպարով
Մոդել Շուշան Երիցյանը շուտով հեռուստադիտողին կրկին կներկայանա որպես դերասանուհի: Նա նկարահանվում է Վաչե Թովմասյանի «Կօօկօօռօօզ» հումորային նոր նախագծում, որը կհեռարձակվի Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի գարնանային եթերաշրջանում:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է նոր ձևաչափում իր մասնակցության, Վաչեի հետ համատեղ աշխատանքի և նախագծի շրջանակում սպասվող ռեալիթի հատվածում ներկայանալու մասին:
«Կօօկօօռօօզը» հումորային սքեթչերի ձևաչափ է, որտեղ դերասաններն ամեն անգամ տարբեր կերպարներով են հանդես գալու: Շուշանը նկատեց, որ նախագծում նկարահանվելու առաջարկն ընդունելիս իրեն առաջնահերթ ձևաչափն է գրավել:
«Առաջարկը ստացել եմ Վաչեի կողմից: Ավելի վաղ սքեթչերում նկարահանվելու փորձ ունեցել եմ: Ինձ համար սա ավելի նախընտրելի ձևաչափ է, քանի որ դերերի բազմազանությունը հնարավորություն է տալիս մեկ ամսվա մեջ մի քանի կերպար ստեղծել, ինչը դերասանի համար ավելի հետաքրքիր է, քան ամիսներ շարունակ նույն դերը խաղալը»,-ասաց Շուշանը:
Նրա խոսքով` մի քանի րոպե տևողությամբ հոլովակները պահանջում են երկարատև և մանրակրկիտ աշխատանք: Շուշանի համոզմամբ, լսարանի համար էլ սքեթչերն առավել դիտարժան են. «Հիմա ամեն ինչ զարգանում է ու փոխվում: Եթե նախկինում շեշտը դնում էին երկարաժամկետ սերիալների վրա, այսօր արդեն մարդկանց համար առավել հետաքրքիր են սքեթչերը: Ինքս շատ քիչ եմ հեռուստացույց դիտում, կարծում եմ, սքեթչերը համացանցային տիրույթում էլ կարող են շատ մեծ լսարան հավաքել»:
Մոդելը նշեց, որ «Կօօկօօռօօզում» շեշտը դրված չէ միայն իր արտաքնի վրա, ավելի կարևորվել է դերասանական խաղը:
«Բնականաբար, եթե դերասանական փորձի հետ ունենում ես նաև գեղեցիկ արտաքին, դա առավելություն է և օգտագործվում է: Գուցե ենթատեքստում արտաքնի մասով շեշտադրում լինի, բայց բաց տեսարաններ կամ ինտրիգներ չկան»,-ասաց նա:
Շուշանը նշեց, որ բացի սքեթչերից, հաղորդաշարում կա նաև ռեալիթի հատված, որտեղ Վաչեի, Մհերի և Բոնիի հետ ներկայանալու է նաև ինքը:
«Ռեալիթի մասի նկարահանումները դեռ չենք սկսել, ուստի չեմ կարող դեռ շատ մանրամասներ հայտնել, թե ինչ է սպասվում: Միայն կասեմ, որ այնտեղ ներկայանալու եմ ոչ թե հորինված կերպարով, այլ հենց որպես Շուշան Երիցյան»,- նշեց նա:
Անդրադառնալով Վաչեի և ստեղծագործական թիմի հետ աշխատանքին` Շուշանը նկատեց, որ իրենց առաջին համագործակցությունն է, բայց ամեն բան հեշտությամբ է ստացվում: «Այնպիսի տպավորություն է, որ միշտ ճանաչել ենք իրար, ինչ-որ ձևաչափով առնչվել ենք, այնպես որ ոչ մի դժվարություն չի եղել: Ի սկզբանե, ես տեսա պրոֆեսիոնալ մոտեցում: Այսինքն` այստեղ ամեն մարդ պրոֆեսիոնալ անում է իր գործը»,- եզրափակեց դերասանուհին:










