Ժյուրիի ավագ անդամը միայն կլսի, փոքրիկ անդամը` միայն կտեսնի երգչին. առաջին մանրամասները I like it երաժշտական նոր ձևաչափի մասին

15:10 • 01.03.19

I like it. երաժշտական նախագծի նոր ձևաչափ, որը բազմաթիվ փոքրիկների ստիպել է մտածել հայտնի երգիչ դառնալու իրենց ճանապարհի մասին ու գալ «Արմենիա TV»` նախնական լսումների փուլը հաղթահարելու ու հեռուստատեսային պայքարի մեջ մտնելու նպատակով։

Ապրիլի 13–ից եթերում կլինի երաժշտական մրցույթի նոր ձևաչափ, որը նախաձեռնել է «Հայաստանի ձայնը» նախագիծն իրականացրած թիմը։ Այս անգամ  ձևաչափը միջազգային չէ. ստեղծագործական թիմն ուսումնասիրել է միջազգային մրցույթները, հաշվի առել փորձն ու երկարատև քննարկումների արդյունքում ստեղծել նոր ձևաչափ։

Tert.am Life–ը զրուցել է երաժշտական նախագծի պրոդյուսեր Իրինա Վարդանյանի հետ և  ներկայացնում է առաջին մանրամասները։

«Մենք ստեղծել ենք նոր ձևաչափ և ընդգրկել տեղական կոլորիտը, երգերն ու նախասիրությունները։ Հաշվի ենք առել բոլոր այն հետաքրքիր հանգամանքները, որոնք ունեն ստացված ձևաչափերը և ցույց ենք տվել նոր, տարբերվող մոտեցում: Սա ձևաչափ է, որը տարբերվելու է դաշտում երբևէ եղած նախագծերից: I like it-ը կոտրելու է երաժշտական մրցույթի ու ձևաչափերի մասին ունեցած բոլոր պատկերացումները: Նախագիծ, որտեղ մտածված է ամեն ինչ, հեռուստատեսային դիտարժան ու հետաքրքիր մրցույթ ունենալու համար» – ասաց նա:

Այսպիսով` նոր նախագծն ունենալու է 5 փուլ։ Այս օրերին իրականացվում են նախնական լսումների փուլը, որը հաղթահարած մասնակիցները կմասնակցեն առաջին փուլը հաղթահարելու հեռուստատեսային պայքարին։

Ժյուրիի կազմը բաղկացած է 3 թիմից, յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 1 մեծ, 1 փոքր երգիչ։ Առաջին փուլում ժյուրիի փոքրիկ անդամները միայն տեսնելու են մասնակցին և ընտրելու են արտաքին տեսքով, ավագ անդամները միայն լսելու են և ընտրելու ձայնային տվյալներով։ Առաջին փուլում ընտրությունն իրարից անկախ է լինելու, հետո` համատեղ։ Եթե երկուսի ընտրությունը համընկնի, երեխան կանցնի հաջորդ փուլ։ Ամեն թիմում ընդգրկվելու է 8-ական մասնակից։

Իրինա Վարդանյանը խոստանում է` ամեն փուլում նոր անակնկալներ են սպասվելու։ Մինչև 4–րդ փուլ երեխաներին ընտրելու հնարավորությունը ժյուրիինն է։ Ամեն ժյուրի իր թիմից ընտրելու կամ դուրս է թողնելու մասնակցին։  4-րդ` կիսաեզրափակիչ փուլը կլինի ուղիղ եթերում։ Կիսաեզրափակչում և եզրափակչում ընտրությանը կմիանա հանդիսատեսը և որոշիչ ձայն  կունենա հաղթողի ընտրության հարցում։

«Ժյուրին ևս կունենա որոշիչ որոշակի միավորներ և խոսք։ Ինչ խոսք, ավելի մեծ դերակատարումը ժյուրիի տարիքով մեծ և փորձառու անդամինն  է, բայց որոշեցինք փոքրերին էլ ներգրավել ընտրության մեջ, քանի որ նրանք արդեն անցել են ճանապարհ, գիտեն, թե ինչ է բեմը, հուզմունքը։ Ձևաչափը մտածված է այնպես, որպեսզի ոչ մի լավ երեխա դուրս չմնա»,– ասաց պրոդյուսերը։

Ժյուրիի կազմի անուններն առայժմ գաղտնի են պահում, որպեսզի մասնակիցները որևէ հնարավորություն չունենան նրանց հետ կապ հաստատելու։ Նախնական լսումների փուլում մասնակիցներին ընտրում են  նախագծի վոկալիստ Լիլիթ Բադալանը, երաժշտական պատասխանատու Սերգեյ Գրիգորյանը և ռեժիսոր Լևոն Բարտիկյանը։

Անդրադառնալով նախագծի մասնակիցների տարիքային շեմին` 8-13 տարեկան, Իրինան նկատեց, որ այն ուղղակի չի ընտրվել։ «Բազմաթիվ զանգեր ենք ստացել այն մասին, որ երեխան շատ լավ է երգում, բայց 14, 15 տարեկան է։ Վոկալի մասնագետներն ավելի պրոֆեսիոնալ կբացատրեն, որ գոյություն ունի ձայնի մուտացիա, որը հիմնականում սկսվում է 13 տարեկանից։ Բացի այդ, կարծում եմ անարդար կլիներ, եթե 8-9 տարեկան երեխաների հետ մրցեն ճանապարհ անցած պատանիներ»,– ասաց նա ու հավելեց, որ մանկական երաժշտական նախագծի հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությունը շատ մեծ է։

«Հայտերը եղել են մեր անկնկալածից անհամեմատ շատ։ Կարող ենք փաստել, որ երգող ազգ ենք։ Շատ հետաքրքիր երեխաներ ունենք։ Մենք ուշադրություն ենք դարձնում, որ երեխան բազմապրոֆիլ լինի, որովհետև կան փայլուն երեխաներ, որոնք շատ լավ դասական են երգում, երեխաներ, որոնք ժողովրդական երգերի մեջ են շատ ուժեղ, բայց սա մրցույթ է, որտեղ լինելու են տարբեր առաջադրանքներ, ուշադիր ենք բազմապրոֆիլ կատարողներին։ Կարևոր է, որ ճիշտ ընտրություն անենք և ընտրենք առաջ գնալու պոտենցիալ ունեցող երեխաների»,– պատմեց պրոդյուսերը։

Իրինան նկատեց, որ երեխաների հետ աշխատելն իր բարդությունն ու հոգեբանական կողմն ունի, սակայն ծնողների հետ աշխատանքն ավելի բարդ է։) Յուրաքանչյուրը վստահ է, որ իր երեխան է լավագույնը։ Պրոդյուսերը հայտնեց, որ I like it-ի մասնակիցները առաջնորդվելու են հստակ կանոնակարգով, որը շուտով հասանելի կլինի։

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

Ժյուրիի ավագ անդամը միայն կլսի, փոքրիկ անդամը` միայն կտեսնի երգչին. առաջին մանրամասները I like it երաժշտական նոր ձևաչափի մասին