Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալը՝ Գևորգ Գրիգորյանի, Նաստասյա Գոլովկոյի, Արտաշես Ալեքսանյանի և այլոց մասնակցությամբ
Գևորգ Գրիգորյանը, Նաստասյա Գոլովկոն, Արտաշես Ալեքսանյանը, Գոհար Իգիտյանը, Մարիամ Դավթյանը, Հմայակ Հակոբյանը, Արևիկ Սանթրոսյանը, Արթուր Պետրոսյանը, Աշոտ Հակոբյանը, Խոսրով Նալբանդյան, Արման Խաչատրյանը, Լիլիթ Սարգսյանը և այլք շուտով հեռուստադիտողներին կներկայանան «Պատվից առավել» խորագրով նոր հեռուստասերիալում, որի պրոդյուսերը Ելենա Արշակյանն է։ Նոր հեռուստանովելը կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի գարնանային եթերաշրջանում։
Tert.am Life-ի հետ զրույցում Ելենան հայտնեց, որ իր սովորության համաձայն էկրան է բերել ոչ միայն արդեն սիրված, այլև նոր դերասանների։ Հեռուստանովելում լսարանը կտեսնի Թատերականի ուսանողների։
«Թեև այստեղ որպես պրեդյուսեր եմ հանդես գալիս, ռեժիսորական թիմին խանգարել եմ՝ մասնակցելով նաև ռեժիսորական աշխատանքին ու դերասանների քասթինգին, որի համար մանրակրկիտ աշխատանք ենք տարել։ Ֆիլմի նախապատրաստական աշխատաանքները սկսել ենք նախորդ տարվանից, նկարահանումները՝ հունվարից»,- ասաց Ելենան։
Սա «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի առաջին երկարատև հեռուստասերիալն է։ Նախատեսվում է, որ այն կտևի 9 ամիս։ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այս առթիվ ասաց․ «Ucom-ը մշտապես ջանում է նոր ու որակյալ հեռուստաբովանդակություն մատուցել իր հեռուստադիտողներին, և այս առումով «Արմենիա Պրեմիումի» հետ գործակցությունն ապացույց է, որ հայկական կոնտենտը կարող է բավարարել անգամ ամենաբծախնդիր հեռուստադիտողի պահանջները։ Նոր հեռուստասերիալը, վստահ եմ, կհետաքրքրի մեր ցանցի բաժանորդներին, ովքեր ավանդաբար հնարավորություն ունեն «Տեսավարձույթ» բաժնում օր առաջ դիտելու յուրաքանչյուր հաջորդ մասը և առաջինը տեղեկանալու սյուժեի զարգացմանը»։
Ելենան նկատեց, որ հայերը շատ պատվախնդիր են, ինչի շուրջ էլ կհյուսվի նոր պատմությունը։ «Մենք ունենք մոռացված արժեքներ ու ավանդույթներ։ Շատ պատվախնդիր ազգ ենք, պատվից առավել միայն սերը կարող է լինել, բայց մեր հերսոները կգերադասեն սե՞րը, թե՞ արժանապատվությունը, կերևա եթերում»,- նկատեց նա։
Առաջին 5 սերիայի նկարահանումներն իրականացվել են Ապարանում։ «1990-ականների շունչը ստանալու համար ամբողջ թիմով մեկնել ենք Ապարան և մանրակրկիտ աշխատանք տարել»,- ընդգծեց Ելենան։
Այս անգամ ևս պրոդյուսերը համագործակցել է սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, որի հետ իրականացնում է իր գրեթե բոլոր նախագծերը։ Հեռուստասերիալի կոմպոզիտորը Շահին Դանիշֆերն է, սաունդթրեքը կկատարի Քրիստինե Պեպելյանը:







Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի







