«Երեխաներս շատ մտերիմ են իրար հետ». Իշխան Ղարիբյանը՝ տարբեր ամուսնություններից ծնված երեխաների փոխհարաբերությունների և իր գործունեության մասին
Դերասան Իշխան Ղարիբյանը, որը հեռուստադիտողին ներկայանում է «Ազիզյանները» սիթքոմում, շեշտում է, որ առանց թատրոնի չի պատկերացնում իր կյանքը: Իշխանի խոսքով, հատկապես հաճելի է, երբ իրեն ճանաչում են թատրոնում խաղացած որևէ դերով: Մասնագիտական ակտիվ գործունեությանը զուգահեռ ընտանեկան կյանքում ներդաշնակությունը չկորցնելը դերասանի համար առաջնային է:
Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է թատերական գործունեության, կնոջ՝ դերասանուհի Թեհմինե Խաչատրյանի հետ փոխհարաբերությունների և բազմազավակ հայր լինելու մասին:
Հեռուստատեսային նկարահանումներին զուգահեռ թատրոնը մշտապես եղել է Իշխանի կյանքի կարևոր բաղադրիչը: Դերասանը շարունակում է գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնում, ընդգրկված է մի շարք ներկայացումներում և առաջիկայում էլ մտադիր է որպես բեմադրիչ հանդես գալ:
«Հիմա մի պիեսի վրա եմ աշխատում, որն ուզում եմ բեմադրել Պատանի հանդիսատեսի թատրոնում: Կրկին կատակերգություն է լինելու: Գործունեությունս շատ բուռն է թատրոնում: Չեմ պատկերացնում՝ ի՞նչ պետք է լինի, որ կտրվեմ թատրոնից, որովհետև իմ հիմնական էներգիան այնտեղից եմ ստանում»,-ասաց նա, միաժամանակ նկատեց, որ միայն թատրոնում աշխատելով դժվար կլիներ ֆինանսական կայունություն ունենալ:
«Եթե զուտ ֆինանսով առաջնորդվեինք, ոչ ոք չէր մնա թատրոնում աշխատելու, որովհետև պետական աշխատավարձը նույնիսկ ինստիտուտը նոր ավարտած երիտասարդ դերասանի համար է քիչ: Գործընկերներիցս մեկը մի անգամ շատ լավ բան էր ասել՝ ես սերիալում եմ նկարվում, որպեսզի կարողանամ թատրոնում աշխատել: Դա է բանաձևը: Ես այն երջանիկ դերասաններից եմ, որ «Ազիզյանները» սիթքոմում եմ ընդգրկված ու աշխատում եմ Արման Մարությանի թիմում: Ինձ համար կարևորը ոչ թե նկարահանվելն ու փող աշխատելն է, այլ ստեղծագործական պրոցեսի մեջ լինելը»,- ընդգծեց Իշխանը:
Դերասանը ոգևորվում է, երբ իրեն ճանաչում են թատրոնում մարմնավորա որևէ կերպարով, բայց բնական է համարում, որ հեռուստատեսային կերպարն իրեն ավելի մեծ ճանաչում բերեց: Իշխանի խոսքով, կոմեդիայի ժանրն իրեն հոգեհարազատ է. «Թատրոնում էլ ունեմ կոմիկական դերեր, ես այդ ժանրում ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Իրական կյանքում էլ հումորով եմ: Չեմ սիրում անհումոր մարդկանց»:
Նա նշեց, որ զբաղվածությունը թե՛ հեռուստատեսությունում, թե՛ թատրոնում ընտանիքին տրամադրվող ժամանակի հաշվին է: Դերասանը նկատեց, որ կինը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանուհի Թեհմինե Խաչատրյանն էլ այս շրջանում բավականին զբաղված է մասնագիտական գործերով: Նրա դիտարկմամբ, միևնույն բնագավառից լինելն իրենց օգնում է կոնֆլիկտներից զերծ մնալ:
«Երկուսս էլ նույն բնագավառից ենք և շատ լավ գիտենք, որ եթե օրինակ ուշ ժամի ես գալիս տուն, դա նկարահանման երկար տևելու կամ թատրոնում փորձերի պատճառով է: Դա երբևէ խնդիր չի դառնում: Մեր միջև փոխըմբռնում կա: Միակ խնդիրն անկանոն գրաֆիկն է: Երբեմն, ասում եմ՝ Թեմ, այնպես կուզեի ինչ-որ գործարանում աշխատել, որ 9-ին գնամ աշխատանքի, 13-ին ընդմիջում անեմ, 17-ին ավարտել, բայց հաջորդ օրը գնում ես թատրոն կամ մտնում նկարահանման հրապարակ ու այդ մտքերը վերանում են: Հասկանում ես, որ քո կյանքը առանց այդ ամենի անհնար է»,-ասաց դերասանը:
Նա նշեց, որ ընտանիքում հաճախ են նաև մասնագիտական քննարկումներ ունենում, միմյանց խորհուրդներ տալիս կամ դիտողություններ անում. «Ժամանակի առումով, հիմա հազվադեպ է լինում, որ միմյանց ներկայացումներին ներկա լինենք, բայց իհարկե, քննարկումներ ունենում ենք: Բնականաբար, դա չի հասնում վեճի, կռվի, որովհետև երկուսս էլ վստահ ենք, եթե մեկս մյուսին դիտողություն է անում, ավելի լավին հասնելու համար է»:
Իշխանի խոսքով, դերասանուհի կնոջ առաջ մասնագիտական առումով սահմանափակումներ կամ արգելքներ չի դնում, բայց այն պարագայում, երբ այդ ամենը նպաստում է մասնագիտական աճին. «Ես տոլեռանտ եմ: Եթե տեսնեմ տրամաբանություն, արվեստ, կոնկրետ դրամատուրգիա, առարկություն չեմ ներկայացնի»:
Իշխանն ու Թեհմինեն երկու երեխա ունեն՝ 8-ամյա Աիդան և 1-ամյա Վահեն: Առաջին ամուսնությունից դերասանի ավագ դուստրը՝ Վեոլան էլ, արդեն 14 տարեկան է: Իշխանը նկատեց, որ երեխաները միմյանց հետ շատ մտերիմ են ու շփվում են ինչպես բոլոր հայկական ընտանիքներում:
Դերասանը փոքր դստեր մոտ ավելի շատ է նկատում դերասանական հակումներ, թեև նշում է, որ երկու աղջիկներն էլ արվեստին մոտ են: «Մեծ աղջիկս մանկուց ավելի շատ նկարչության հանդեպ սեր ուներ: Նա նկարահանվեց նաև «Ազիզյանները» սիթքոմում, բայց իր մոտ ավելի շատ ռեժիսորական ջիղն է զարգացած»,-ասաց հայրիկը:
Իշխանը նկատեց, որ երեխաների դաստիարակության հարցում իրենց ընտանիքում հստակ դերաբաշխում չկա, ավելին՝ նրա խոսքով, զբաղվածության պատճառով երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում իր ծնողներ հետ։ «Մեծամասամբ երեխաների հետ հայրս ու մայրս են զբաղվում: Փառք Աստծո, որ դեռ մեր կողքին են առողջ են ու կարողանում են մեզ օգնել այդ հարցում»,-եզրափակեց նա:










