«Գուցե այս դերը պատճառ դառնա, որ վերադառնամ Հայաստան»․ դերասան Հմայակ Հակոբյանը` «Պատվից առավել» հեռուստանովելում նկարահանվելու և Հայաստան վերադառնալու ցանկության մասին

12:55 • 11.03.19

Գևորգ Գրիգորյանի և Նաստասյա Գոլովկոյի մասնակցությամբ «Պատվից առավել» հեռուստանովելի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։ Ելենա Արշակյանի նոր ֆիլմն այսօրվանից հասանելի կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում։

«Որբերը», «Աննա», «Կայարան» հեռուստասերիալներից, «Հետհաշվարկ», «ԱԻՆ 911» բազմասերիանոց ֆիլմերից հանդիսատեսին հայտնի Հմայակ Հակոբյանը, որը վերջին տարիներին բնակվում է Ռուսաստանում, ֆիլմում խաղալու համար ժամանել է Հայաստան։ Վերջինս Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ իր կերպարը բացասական է, ինչն իր համար կրկնակի հետաքրքիր է՝ հեռուստատեսությունում առաջին անգամ է բացասական դեր խաղում։

«Չնայած նկարահանումներն արդեն սկսվել են, բայց դեռևս լիարժեք չեմ հաղթահարել անջրպետն ու վերջնական չեմ հասկացել, թե, օրինակ, ինչպիսին է մարդասպանն ու ինչ հոգեբանություն, ինչ բնավորություն ունի։ Ինձ համար փոքրիկ կետեր եմ բացահայտել, թե ինչպես կվարվեր իմ կերպարն այս կամ այն իրավիճակում, ինչպես կմտածեր, ինչպիսին կլիներ իրվերաբերմունքը որդու հանդեպ։ Բացասական կերպար մարմնավորելն ունի իր դժվարությունները, միաժամանակ, կա հետաքրքրություն, որ կարողանաս հաղթահարել բարդությունները, որոնք դրված են քո առաջ»,- նշեց դերասանը։


Չնայած դերասանը 2011 թվականից բնակվում է Ռուսաստանում, պարբերաբար ժամանում է Հայաստան` նկարահանումների մասնակցելու։ Հմայակը նկատեց, որ առաջարկը անսպասելի, բայց հաճելի էր իր համար։ Համաձայնել է նկարահավել, անկախ հեռավորության պատճառով առաջացած դժվարություններից։

«Բարդ է Մոսկվայից գալ, Երևանում նկարահանվել և վերադառնալ, սակայն Ելենա Արշակյանի մարդ տեսակն ու ստեղծագործող տեսակն այնքան վստահելի է, որ որոշեցի ընդունել հրավերը։ Այստեղ հանդես գալու առաջարկն իսկապես պարտավորեցնող է՝ մեծ նախագիծ, այն էլ այնպիսի տեղ, ինչպիսին «Արմենիա» հեռուստաընկերությունն է»,– ասաց նա։

Դերասանը հայտնեց, որ օդանավակայանից անմիջապես գնացել է նկարահանման հրապարակ։ Նրա խոսքով` նույն օրը խաղացել է հոգեբանական տեսանկյունից ամենաբարդ տեսարանը։

Հմայակը ներկայումս Ռուսաստանում էլ զբաղվում է թատերական գործունեությամբ։ Ասում է`Ռուսաստանում բնակվող հայ դերասանների հետ միավորվել են Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու հովանավորությամբ գործող «Գավիթ» թատրոնի շուրջ։

«Մոսկվայում փորձում ենք ոտքի կանգնեցնել «Գավիթ» թատրոնը և շատ ավելի մասշտաբային դարձնել։ Այն գործում է Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Եկեղեցու տարածքում՝ հին շենքն է։ Փոքր թատրոն է՝ Համլետ Ղալեչյանի ղեկավարությամբ։ Այնտեղ համախմբված են ուժեր, ովքեր ավարտել են Երևանի թատերականի ինստիտուտը, բայց ինչ-ինչ պատճառներով ապրում են Մոսկվայում։ Ստեղծվել է մի շատ հետաքրքիր թատերախումբ, որը համալրված է նաև հենց եկեղեցու թատերական ստուդիայի կադրերով»,– ասաց նա։

Խոսելով ռուսաստանյան գործունեության մասին` դերասանը նշեց, որ «Պատվից առավել» ֆիլմում նկարահանվելու առաջարկի մեջ յուրահատուկ խորհուրդ է տեսնում։ «Երբ հրավերը ստացա Ելենայի կողմից, իրեն ասացի, որ ոչ միայն ինձ դեր էառաջարկում, այլև շատ մեծ քայլ է անում իմ ընտանիքի համար։ Գուցե, սա հիմք դառնա, որ ես նորից վերադառնամ Հայաստան։ Իհարկե, մեր ամբողջ ընտանիքի համար մեկ երազանքը հենց Հայաստանն վերադառնալն է»,– եզրափակեց նա։

Զառա Ղազարյան 

«Գուցե այս դերը պատճառ դառնա, որ վերադառնամ Հայաստան»․ դերասան Հմայակ Հակոբյանը` «Պատվից առավել» հեռուստանովելում նկարահանվելու և Հայաստան վերադառնալու ցանկության մասին