«Սոֆյայի հետ խնդիրներ լինում են, ինչը նորմալ է». Աշոտ Տեր-Մաթևոսյանը` նոր հեռուստասերիալի, ռեժիսորական դեբյուտի և կնոջ հետ աշխատանքի մասին

13:31 • 20.03.19

«Քեզ հետ ու առանց քեզ». այսպես է կոչվում նախագիծը, որտեղ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը ոչ միայն խաղում է, այլև առաջին անգամ ներկայացել է, որպես ռեժիսոր և Հայաստանում նախագծի պրոդյուսեր: Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է դեբյուտային աշխատանքի, կնոջ՝ Սոֆյա Պողոսյանի հետ որպես  ռեժիսոր համագործակցության և աշխատանքային սկզբունքների մասին:

Աշոտը հայտնեց, որ 100-120 մասից բաղկացած հեռուստասերիալը կպատմի չորս մտերիմ ընկերուհիների մասին: Չորս կին, չորս ճակատագիր, չորս տարբեր պատմություն՝ յուրաքանչյուրն իր մտորումներով, խնդիրներով ու հոգսերով: Չորս կանանց մարմնավորում են Սոֆյա Պողոսյանը, Գայանե Բալյանը, Անուշիկ Առաքելյանը և Սյուզան Պապյանը։ 

Դերասանի խոսքով՝ ռեժիսորական կարիերա սկսելու մտադրություն հիմա չի ունեցել, մտքեր ունեցել է, որ ավելի մեծ տարիքում կնստի ռեժիսորի աթոռին:  Այս փուլում ծրագրերը փոխել է Միացյալ Նահանգներում գործող ARTN tv-ից ստացած առաջարկը:

«Առաջարկ ստանալուց հետո ներկայացրի սցենարը, հավաքվեց տեխնիկական անձնակազմը և համաձայնության եկանք: Հակված չենք երկար սերիալ նկարահանելուն, որովհետև իրադարձությունները սկսում են ձգվել, հեռուստադիտողը հոգնում է: Չնայած հետաքրքիր մի բան կա՝ դժգոհում են երկար սերիալներից, բայց  նայում են: Այնուամենայնիվ, մենք հակված ենք լավ վարկանիշի վրա նախագիծը փակել և նոր նախագիծ սկսել»,- ասաց Աշոտը՝ ավելացնելով, որ ոչ օպերատորները, ոչ երկրորդ ռեժիսորը, ոչ էլ դերասանները չեն հավատում, որ սա իր առաջին ռեժիսորական աշխատանքն է: Դերասանը նշեց, որ ավելի քան տասը տարի այս ոլորտում լինելով ու նկարահանվելով՝ շատ բան է սովորել, իր միջից էլ համապատասխան ջիղ է եղել:

Աշոտը կնոջ աշխատանքին հետևում է ռեժիսորական աթոռից։ Սոֆյայի հետ համագործակցությունն Աշոտը լավ գնահատեց՝ ասելով, որ նա աշխատում է իր վրա. «Սոֆյան գնալով կատարելագործվում է, ինքն իր վրա աշխատում է, արդյունքն ինձ գոհացնում է, չնայած մի տանից ենք ու որպես ռեժիսոր աշխատելն այս դեպքում բարդություններ ունի»:

Նա անկեղծացավ, որ Սոֆյայի հետ վեճեր ու խնդիրներ լինում են, քանի որ դերասանուհի կինը, երբեմն, չի պատկերացնում, որ ամուսինը որպես ռեժիսոր գիտի, թե ինչ է ուզում:

«Իմ առաջին աշխատանքն է, բնականաբար,  ինքն էլ կարող է չպատկերացնել, որ ես լավ եմ պատկերացնում, թե ինչ է ուզածս։ Փոքրիկ վեճեր, խնդիրներ լինում են, բոլորի հետ էլ նման տարաձայնություններ հնարավոր են: Պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հաճախ ընտանիքի անդամները չեն կարողանում աշխատել նույն նկարահանման հրապարակում, մեզ մոտ դա ստացվում է: Երբ դիտում արդյունքն է ու հասկանում, որ իսկապես պատկերացրել եմ, թե ինչ եմ արել, ինքն էլ սկսում է վստահել ինձ,– ասաց նա ու հավելեց, որ անձնակազմի մյուս անդամների վստահությունն էլ է ձեռք բերել։ –Ունենք 40 նկարահանած և պատրաստի 20 սերիա։ Արդեն հասցրել են ինձ վստահել, ինչը շատ է ուրախացնում: Բացի ARTNtv-ից հեռուստասերիալը հեռարձակվում է նաև «Հինգերորդ ալիքով»»:

Ֆիլմում խաղում են նաև Սամվել Թոփալյանը, Արա Ոսկանյանը, Անահիտ Քոչարյանը և այլք: Խոսելով դերասանական անձնակազմի մասին` նա ընդգծեց, որ շեշտը դրել է մարդկային տեսակի վրա ու կարևորեց նկարահանման հրապարակում խնդիրների բացակայությունը:

«Նկարահանման հրապարակում պետք է լավ մթնոլորտ լինի: Նրանց, որոնց ճանաչել եմ որպես լավ մարդ, լավ դերասան ու արվեստագետ, առաջարկել եմ համագործակցել։ Բոլորի հետ նախկինում աշխատել եմ, մի մասն իմ ընկերներն են, մյուս մասը դարձան ընկերներս։ Ընտրել ենք լավագույն դերասաններին»,– ասաց նա ու հավելեց, որ նախագծում կտեսնենք նաև երիտասարդ դերասանների։ Ըստ ռեժիսորի` ընտրել է խոստումնալից  երիտասարդերի, որոնք փոքր դերերով հանդես են եկել տարբեր նախագծերում, բայց այս անգամ կներկայանան այլ մասշտաբով:

Աշոտի համար իր այս նախագիծը շատ կարևոր է, ստիպված է եղել հրաժարվել մեկ այլ կարևոր առաջարկից, որպեսզի այստեղ աշխատանքը չտուժի։ «Այստեղ դերակատարումս փոքր է։ Եթե հետագայում ժամանակս ների, կհամատեղեմ նաև նկարահանվելու հետ: Առաջարկներ կան, պետք է քննարկել ու հասկանալ որքանով է հնարավոր համատեղել»,- ասաց դերասանը, որն առաջարկներ ընդունելիս ունի իր հստակ սկզբունքները։

Նրանից հետաքրքրվեցինք, թե որքանով է կարևորում հոնորարների չափը։ Աշոտը վստահեցրեց, որ  հոնորարը երկրորդական է, կարևոր է, թե ով է անում առաջարկը։

«Վերջին նախագիծը, որտեղ նկարահանվեցի, «Սև հանքերն» էր` մեծ աղմուկ բարձրացրած ու բավականին հաջողված նախագիծ: Այդ դեպքում ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի և պրոդյուսեր Արթուր Մկրտչյանի հետ հանդիպելուց ու շփվելուց հետո  հասկացա, որ շատ լավ մարդ են և պրոֆեսիոնալ: Հոնորարին անդրադարձել ենք հետո և քննարկումներ չեն եղել մի քիչ ավել–պակասի մասին։ Ես ինչ-որ թիվ եմ ասել, իրենք էլ առանց երկմտելու ասել են` խնդիր չկա,- ասաց Աշոտը` հավելելով, որ իր համար առաջին հերթին մարդկային տեսակն է, շփումն ու մոտեցումը: –Կարող է լինել շատ լավ նախագիծ, շատ լավ դեր, լավ անձնակազմ, քիչ հոնորար, բայց համաձայնեմ խաղալ: Կարող է լինել և հակառակը։ Վերջերս ստացա առաջարկ՝ շատ մեծ գումարով, սակայն հրաժարվեցի` հաշվի առնելով ինչ-ինչ պատճառներ»:

Զառա Ղազարյան

«Սոֆյայի հետ խնդիրներ լինում են, ինչը նորմալ է». Աշոտ Տեր-Մաթևոսյանը` նոր հեռուստասերիալի, ռեժիսորական դեբյուտի և կնոջ հետ աշխատանքի մասին