Հայտնիները՝ Միքայել Պողոսյանի նոր ֆիլմի պրեմիերային
Պարզ, հասարակ ֆիլմ, որը նկարահանվել է սիրով և սիրո մասին. այսպես բնութագրեց Միքայել Պողոսյանն իր նոր՝ «Արև, սարեր և սեր» ֆիլմը, որն արդեն մեծ էկրաններին է։ Երեկ ֆիլմի պրեմիերան էր, որի հետաքրքիր դրվագներն առանձնացրել է Tert.am Life-ը։
Մոսկվայում սկսվող և Հայաստանում՝ Ենոքավանի բնաշխարհում շարունակվող գործողությունները պատմում են մի աղջկա մասին, որը մեծացել է մանկատանը, բայց պատահաբար իմանում է, որ հայրն ապրում է Ենոքավանում։
Հայրիկի համար «ուրախ կյանք» ապահովելու մտադրությամբ Հայաստան ժամանած աղջիկն ինքն է հայտնվում արկածների կենտրոնում՝ հասցնելով նույնիսկ սիրահարվել։
Ֆիլմի ռեժիսորները Միքայել Պողոսյանն ու Գարիկ Մաշկարյանն են։ Ֆիլմի հերոսների ընտրությունն այնքան մանրակրկիտ է արված, որ հավատում ես յուրաքանչյուրի իրական լինելուն։
Միքայել Պողոսյանը մարմնավորում է գլխավոր հերոսին՝ նկարիչ Զատիկ Մանչուրյանին։ Դերասանը պատմեց, որ կերպարը կերտելիս իր աչքի առաջ ունեցել է իրենց ֆիլմի նկարչի՝ Արմեն Աթանյանի կերպարը և նույնիսկ նրա հագուստով է նկարահանվել։
Ֆիլմի հերոսուհուն մարմնավորում է Ելենա Պոլյանսկայան։ Արդեն որպես ռեժիսոր՝ Միքայել Պողոսյանը նրան տվեց իր գնահատականը՝ կերպարը կայացել է։ Հերոսին, որին սիրահարվում է Ելենայի կերպարը, մարմնավորում է Ռուբեն Մուրադյանը։ Ֆիլմում խաղում են նաև Տիգրան Գյուլումյանը, Գրետա Մեջլումյանը, Ժաննա Բուտուլյանը, Միքայել Արամյանը և այլք։
Պրեմիերային ընդառաջ Միքայել Պողոսյանը հուզված էր։ Առաջին անգամ չէ, որ ֆիլմ է հանձնում հանդիսատեսի դատին, բայց ինչպես ամեն անգամ, սպասում է արձագանքներին, հուսով է՝ ֆիլմում ներդրված սերը կհասնի հանդիսատեսին։
Օրը նշանավորվեց նաև ռեժիսորի նախորդ՝ «Լորիկ» ֆիլմում կերտած կերպարի մրցանակի հանձնմամբ. «Дух Огня» կինոփառատոնում նա մրցանակին է արժանացել տղամարդու լավագույն դերակատարման համար: Միքայել Պողոսյանը հույս հայտնեց, որ «Լորիկը» դեռ կվերադառնա մեծ էկրաններ, քանի որ ոչ բոլորն են հասցրել դիտել այն։












Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







