«Ամենաբարդը ժողովրդի կենցաղի մասին հումոր անելն է». Արմուշը` «Հումորի լիգայում» որպես ժյուրի ներկայանալու և նոր սերնդի հումորիստների մասին

15:22 • 18.05.19

«Հումորի լիգա» նախագծի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին, այս շաբաթ նախագծում կընտրվեն եզրափակիչ անցնող թիմերը։ Վճռորոշ թողարկման հրավիրված ժյուրիի անդամն Հայաստանի առաջատար հումորային ակումբների անդամ Արմուշն էր, ով այս օրերին կարճատև այցով Երևանում էր։

Tert.am Life–ը եղել է նախագծի նկարահանումներին և ներկայացնում է բեքսթեյջ լուսանկարներն ու մանրամասները։

ԱՄՆ–ում բնակություն հաստատած Արմուշը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի առաջատար հումորային ակումբների հիմնական անդամ, մեզ հետ զրույցում իր գնահատականը տվեց նոր սերնդի հումորիստներին, ինչպես նաև պատմեց, իր մասնակցությամբ իմպրովիզային համարի մասին։

«Որպես բավականին երկար ճանապարհ անցած, փորձառու ու հայկական հումորի ասպարեզում ավանդ ունեցած մարդ` հրավեր ստացա լինել նախագծի ժյուրիի կազմում։ Շնորհակալ եմ տնօրեն Արամ Մելիքյանին և նրա ստեղծագործական խմբին, որ Հայաստանում կայացնում են նոր սերնդի հումորը։ Հետաքրքիր էր տեսնել նոր սերնդի ներկայացուցիչների հումորը, ծանոթանալ նրանց մտածողությանը, երիտասարդների բավականին մեծ թիմ է աշխատում նախագծում։ Մասնակցեցի 2 նկարահանման։ 6 թիմ ներկայացան, որոնք պայքարում էին եզրափակչի ուղեգրի համար»,– ասաց Արմուշը։

Դերասանն իր նկատառումներն ասել է ոչ միայն եթերում, այլև դրանից հետո։ Նկարահանումներից հետո նա քննարկումներ է ունեցել թիմերի հետ, տվել իր խորհուրդները։ Միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե հումոր անելը հեշտ է, դերասանը շեշտեց, որ հումորային ասպարեզում իրենց հաջողության գրավականը կարդացած ու ինֆորմացված լինելն է եղել։ Ասում է` տարիներ շարունակ Հայաստանի առաջատար հումորային ակումբներում իրենց դիրքերը պահել են հենց ինֆորմացված լինելու շնորհիվ։

«Կան երիտասարդներ, որոնք կարդում են, դա զգացվում է իրենց մատուցած հումորից։ Այս փաստն ինձ շատ ուրախացրեց։ Կային թիմեր, որոնք հումոր ասվածն այլ կերպ էին պատկերացրել, թիմեր էլ կային, որոնք ճիշտ ուղու վրա էին։ Ես մասնակիցներին խորհուրդ տվեցի ավելի շատ սցենար գրել և դրամատուրգիա մտցնել հումորների մեջ։ Հումորային ժանրն իր կանոններն ունի, մարդկանց ծիծաղեցնելու ձև կա։ Մասնակիցներին խորհուրդ տվեցի քիչ կենտրոնանալ քաղաքականության և ցենզուրայից դուրս հումորների վրա։ Դա մարդկանց ծիծաղեցնելու ամենահեշտ ձևն է»,– ընդգծեց դերասանը, որը սկսած Հայաստանի ՈւՀԱ բարձրագույն լիգայի խաղերի հաղթող դառնալու տարիներից` 2001 թվականից մինչև «32 ատամ» և «Վիտամին» ակումբներում իր գործունեություն, գրեթե, ամեն օր ամեն օր սցենար է գրել, ջնջել և հմտացել այս ասպարեզում։

Տարիներ շարունակ էկրանից ու բեմից հանդիսատեսին ժպիտ պարգևած դերասանը շեշտեց, որ ամենաբարդը կենցաղի ու ժողովրդի կյանքի մեջ մտնելն է, այդ մասին կատակ գրելը, բայց հումոր գրելիս կարևոր է նկատել մանրուքները, որոնք մեր կենցաղում են։

Նախագծի ժամանակ դերասանի համար նաև անակնկալ էին պատրաստել. հեռուստադիտողները հնարավորություն կունենան տեսնելու Արմուշի մասնակցությամբ իմպրովիզային  համարը։

««Հումորի լիգայի» առաջին եթերաշրջանում Ջեմմա տատիկի կերպարը աստղ էր դարձել։ Այդ տատիկի շուրջ բավականին շատ հումորներ են սկսել անել նաև այլ թիմեր։ Քանի որ շատ կերպարներ եմ մարմնավորել, փորձեցին ինձ անակնկալի բերել։ «Թամադա» թիմի անդամներն ինձ կանչեցին բեմ, ասացին, որ  հիշում են տարաբնույթ կերպարներս թե՛ «Վիտամինից», թե՛ «32 ատամից» և առաջարկեցին մենամարտել աստղ դարձած Ջեմմա տատիկի հետ։ Նա ներս մտավ ու սկսեցինք մենամարտել։ Ես նրան հարցրեցի, թե ինչ կարող է անել, որ ես չեմ կարող անել, բայց պարզվեց` ես ունեի ամեն ինչ, ինչ ինքը»,– ծիծաղելով ու հաղթանակած նկատեց Արմուշը։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

«Ամենաբարդը ժողովրդի կենցաղի մասին հումոր անելն է». Արմուշը` «Հումորի լիգայում» որպես ժյուրի ներկայանալու և նոր սերնդի հումորիստների մասին