Դիանա Գրիգորյանը՝ «Անհասցե ծնվածների» ռուսաստանյան նկարահանումների և դեպի Հունաստան հաջորդ ուղևորության մասին

12:51 • 29.05.19

Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի հերոսները նախորդ մի քանի օրերին եղել են Մոսկվայում։ Դերասաններ Աշոտ Ղազարյանը, Կարեն Ասլանյանն ու Թելման Խաչատրյանը խիտ գրաֆիկով, բայց առանց հոգնելու, օր ու գիշեր նկարահանվել են հեռուստասերիալի ռուսաստանյան տեսարաններում։

Նկարահանման հրապարակից Դիանա Գրիգորյանը  Tert.am Life-ին տրամադրել է լուսանկարներ ու զրուցել արտերկրում նկարահանումներ իրականացնելու բարդությունների, հետաքրքիր դրվագների և դերասանների մասնակցությամբ հաջորդ ճանապարհորդության մասին։

«Երբ սյուժեն դեռ նոր էր ծնվում, արդեն մտահղացումը կար, որ նկարահանումներ իրականացնեինք, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Հունաստանում։ Չնայած նախնական որոշել էինք, որ առաջին ճանապարհորդությունը լինելու է դեպի Հունաստան, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով դա հետաձգվեց և սյուժետային գծով Մոսկվայի նկարահանումներն առաջ եկան։ Մեր սյուժեն դեռ սկզբից այնպես էր կառուցված, որ հերոսներից մեկը կոտրվածք ստացավ ու վիրահատությունն արտերկրում անելու անհրաժեշտություն եղավ»,- նշեց Դիանա Գրիգորյանը։

Ռուսաստանյան նկարահանումները որքան էլ գեղեցիկ են, նույնքան էլ դրանք ստանալը բարդ է։ Դիանա Գրիգորյանի խոսքով իրենք չեն ունեցել նախնական պայմանավորվածություն և ամեն ինչ իրակաացրել են սեփական ուժերով։

«Նկարահանումներ իրականացրել ենք Մոսկվայի ամենամեծ հիվանդանոցներից մեկում՝ «Բոտկինսկիում», Մոսկվա գետի հատվածում՝ նավի վրա, եղել են  նկարահանումներ «Մոսկվա սիթիում», օդանավում ենք ունեցել նկարահանումներ, Գորկիի անվան այգում, Կարմիր հրապարակում, Մոսկվայի Մեծ թատրոնում և տարբեր փողոցներում։ Մենք  փորձել ենք մեր ընկերներով, եղբայրներով, ծանոթներով  իրականություն դարձնել այն, ինչը նախապես ծրագրել ենք և ասեմ, որ ստացանք ավելին»,- ասաց Դիանան։

Վերջինիս եղբայրը բնակվում է Մոսկվայում ու նա ևս իր աջակցությունն է ցուցաբերել․ օգնության են հասել նաև դերասան Կարեն Ասլանյանի ընկերները։

«Կարեն Ասլանյանն իր ընկերների միջոցով կարողացել է բերել նույնատիպ երեք մեքենա ու արդյունքում ստացել ենք մի շատ շքեղ տեսարան։ Նկարահանումներ չէինք նախատեսել տեղի հայկական եկեղեցում և անգամ չէինք էլ  կարող պատկերացնել, որ «Բոտկինսկի» հիվանդանոցում կարող ենք տեսարաններ ունենալ, բայց  եղբորս աջակցությամբ կարողացանք ստանալ»,- ասաց Դիանան՝ ավելացնելով, որ ուղղակի փողոցներում նկարահանումներ իրականացնելն ամենաքիչն էր, ինչը կարող էին անել։ 

Տեսարաններից մեկի հետ կապված մտավախություններ են եղել՝ նախ ծավալի, ապա անհրաժեշտ դետալների հետ կապված։ «Այնտեղ մի տեսարան կա, երբ ըստ սցենարի, Կարենին պետք է առևանգեն։ Բավականին ծավալուն տեսարան է, զենքեր կան և այլն։ Բայց իրենց հաջողվեց այնտեղ ինքնուրույն և՛ զենքեր ձեռք բերել, և՛ ավետոմեքենաների հարցը լուծել, իսկ նկարահանումն արել են ոչ ավել, ոչ պակաս, Մոսկվայի պետական համալսարանի շենքի դիմաց»,- ծիծաղելով ավելացրեց Դիանան։

Տեխնիկական դժվարություններից բացի արտերկիր մեկնելն ու նկարահանումներն իրականացնելը մատչելի հաճույք չէ։  Խոսելով ֆինանսական դժվարություններից՝ Դիանան նշեց․ «Իհարկե ֆինանսպես ծախսն ավելի մեծանում է, բայց իմ թիմով արեցինք ամեն ինչ, որպեսզի այդ գումարը կարողանանք գտնել։ Իմիջայլոց, դա նույնպես արել ենք ինքնուրույն։ Ինչ-որ բան չենք անում միայն անելու ու ցույց տալու համար՝ մենք անում ենք այն, ինչն այդ պահին նախատեսված է սցենարով և սյուժեի զարգացմամբ։ Եթե շատ հնարավորություններ ունենաս, ինչու ոչ, կարող ես քեզ թույլ տալ գնալ և գեղեցիկ վայրերում նկարահանումներ անել։ Մենք  այդ հնարավորությունները չունենք, որպեսզի կարողնանք նմանատիպ ճոխություններ մեզ թույլ տալ»։

Խոսելով հետաքրքիր դրվագների մասին Դիանան առանձնացրեց, այն, որ դերասանները, չնայած գերծանրաբեռնված գրաֆիկին, ամեն դեպքում, չեն հոգնում։ Նրանք բացի այն, որ առույգ են, նաև հասցնում են հետաքրքիր ժամանակ անցկացնել։

«Ինքս իմանալով իրենց գրաֆիկը պարբերաբար հետաքրքրվում եմ, թե արդյո՞ք Աշոտ Ղազարյանը չի հոգնել։ Կարենն ասում է՝ հակառակը, իրենք հոգնում են, ուզում են նստել, բայց պարոն Ղազարյանը գալիս ու ասում է, թե գործը մնաց՝ չենք եկել այստեղ նստելու։ Կարենի խոսքով իրենք են ուզում մի քիչ հանգստանալ, բայց Աշոտ Ղազարյանը հորդորում է առույգ լինել և աշխատել»,- ասաց Դիանան։

Անդրադառնալով ապագա հաջորդ ճանապարհորդությանը՝ Դիանան նշեց, որ դերասաններից Էմմա Մանուկյանը, Ժաննա Բուտուլյանը և Կարեն Ասլանյանը մեկնելու են Հունասատան։ Նրա խոսքով այդ տեսարանի  մասին հիշատակվել է դեռ առաջին սերիայում․ «Այնպես չէ, որ մենք ինչ-որ բան ընթացքում ենք որոշել։ Առաջին սերիայում հերոսուհին ասում է, որ իր ծնողները Հունաստանից են, ինքը եկել է Հայաստան բժշկություն սովորելու, սակայն սիրահարվել, ամուսնացել և մնացել է այստեղ»։

Բացի նշված դերասաններից, Հունաստանի տեսարաններում հայտնվելու են հեռուստադիտողներին լավ ծանոթ ու հայտնի երկու դերասան, բայց թե ովքե՞ր են նրանք՝Դիանա Գրիգորյանն առայժմ փակագծերը բացել չցանկացավ։

Դիանա Գրիգորյանը՝ «Անհասցե ծնվածների» ռուսաստանյան նկարահանումների և դեպի Հունաստան հաջորդ ուղևորության մասին