«Դավիթ Չախալյանը որոշել է ինքնահաստատվել` ինքն իր դեմ հայցեր հրահրելով և տուգանվելով»․ «Շանթ»-ը հայտարարություն է տարածել՝ Դավթին 12.5 մլն դրամ տուգանելու մասին
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Շանթ» հեռուստաընկերությունը դատի է տվել X Factor նախագծի մասնակից Դավիթ Չախալյանին։ Ավելի քան երկու տարի ձգված դատական գործընթացն ավարտվել է։ Դատարանը բավարարել է հեռուստաընկերության հայցը՝ բոլոր կետերով և Դավիթ Չախալյանին տուգանել 12.5 մլն դրամի չափով։
Դավիթ Չախալյանի հարցազրույցը Tert.am Life-ը ներկայացրել է իր ընթերցողներին: Դեռ մայիսի 27-ին թեմայի վերաբերյալ հարցում էինք ուղարկել նաև «Շանթ» հեռուստաընկերություն: Հեռուստաընկերության PR բաժնից պարբերաբար ասում էին, որ կպատասխանեն հարցմանը, սակայն այսօր «Շանթ»-ը հայտարարություն է արել:
Հայտարարությունը պատասխանում է մեր հարցերի մի մասին, սակայն որոշ հարցեր մնում են անպատասխան:
Հայտարարության մեջ ասված է․
«Քանի որ «Շանթ» հեռուստաընկերության կողմից ներկայացված դատական հայցն ընդդեմ X Factor նախագծի մասնակից Դավիթ Չախալյանի վերջին օրերին կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հարկ ենք համարում տեղեկացնել. ինչպես յուրաքանչյուր մասնակցի դեպքում, Դավիթ Չախալյանի հետ ևս մրցույթի սկզբում կնքվել է պայմանագիր:
Սա X Factor միջազգային նախագծի կանոնակարգի պահանջ է, որը գործում է բոլոր երկրներում: Այս պայմանագրով հստակ նշվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Ի թիվս մի շարք կետերի՝ պայմանագրում նշված է նաև, որ մասնակիցները պարտավոր են զերծ մնալ հեռուստաընկերության և նրա աշխատակիցների հասցեին վիրավորական և վարկաբեկիչ հայտարարություններից, չեն կարող, առանց «Շանթ» հեռուստաընկերության համաձայնության, կնքել որևէ այլ պայմանագիր, մասնակցել որևէ երաժշտական մրցույթի կամ միջոցառման:
Պայմանագրում նաև նշված է, որ վերոնշյալ կետերը խախտելու դեպքում մասնակիցը կարող է ենթարկվել պատասխանատվության: Այս դեպքում Դավիթը խախտել է պայմանագրով սահմանված միաժամանակ մի քանի կետ: Վերջինս հեռուստաընկերության կողմից սկզբում ստացել է բանավոր զգուշացում, սակայն չի դադարեցրել իր մասնակցությունը տարբեր միջոցառումների և մրցույթների:
Դավիթին մինչև դատական գործընթաց սկսելն ու դրանից հետո էլ առաջարկվել է հեռուստաընկերությանը և աշխատակիցներին ուղղված վիրավորական և վարկաբեկիչ հայտարարությունների համար ներողություն խնդրել, սակայն երկարատև բանակցություններից հետո նա հրաժարվել է: Դատական գործընթացի միակ նպատակը ոչ թե ֆինանսական փոխհատուցումն է եղել, այլ Դավիթին պայմանագրային պարտավորությունները բարեխղճորեն կատարել տալը:
«Շանթ» հեռուստաընկերությունը, հավատարիմ մնալով գործարար պարկեշտության սկզբունքին, մինչև այսօր էլ պատրաստ է հրաժարվել Դավիթից որևէ տուգանք գանձելուց, եթե վերջինս ընդունի իր մեղքը և ներողություն խնդրի թույլ տված խախտումների համար:
Սակայն, դատելով վերջին հրապարակային հայտարարությունների վիրավորական և հայհոյախառն բովանդակություններից, Դավիթ Չախալյանը որոշել է ինքնահաստատվել ինքն իր դեմ հայցեր հրահրելով և տուգանվելով, հետևաբար «Շանթ» հեռուստաընկերությունը, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու պարբերաբար դիմել դատարան՝ Դավիթ Չախալյանին ներողություն խնդրել պարտադրելու և կարգի հրավիրելու նպատակով»:
Հայտարարությունը պատասխանում է որոշ հարցերին, օրինակ, թե որ դեպքում Դավթին կներեն տուգանքը, սակայն մյուս հարցերը, որոնք կպարզաբանեին թեման, անպատասխան են մնացել: Հեռուստաընկերության PR բաժնից այսօր հայտնեցին, որ X Factor նախագծի պրոոդյուսեր Աննա Թադևոսյանը հրաժարվել է պատասխանել հարցերին:
Մասնավորապես, անպատասխան են մնում հետևյալ հարցերը․
◘ Դավիթը նշել է, որ հեռուստաընկերությունն իրեն թույլ չի տվել մասնակցել այլ նախագծերի, մինչդեռ մյուս մասնակիցների հանդեպ նման սահմանափակում չի եղել։ Դավիթը դիմե՞լ է այլ նախագծերի մասնակցելու համար։ Ինչպե՞ս են մյուս մասնակիցների հետ կարգավորում նման հարցերն ու ինչո՞ւ Դավթի դեպքում չգործեց փոխհամաձայնության գալու տարբերակը։
◘ Դավիթը նաև ասել է, որ ի սկզբանե «Շանթն» իրեն թույլ է տվել մասնակցելու Լեհաստանում կայանալիք համերգին, սակայն հետո «Շանթը» պաշտոնական նամակ է ուղարկել լեհական կողմին և գրել, որ Դավթին չի թույլատրվում մասնակցել համերգին։ Այդպե՞ս է եղել։ Եթե այո, ապա ինչն է ստիպել փոխել որոշումը, եթե ոչ, ապա ինչպես է եղել իրավիճակը։
◘ Դավիթը հերքում է մեղադրանքը, որ ինքը մենահամերգ է ունեցել և Van music awards-ի ժամանակ մրցանակ է ստացել՝ ասելով, որ մենահամերգը չեղարկվել է «Շանթի» արգելքով, իսկ Van music awards-ին ինքը պարզապես հյուր է եղել։ Փաստեր կա՞ն, որ մենահամերգը կայացել է, իսկ Van music awards-ին նա մասնակցել է։
Եթե հեռուստաընկերությունը պարզաբանի, կհրապարակենք նաև այս հարցերի պատասխանները:







