«ԱրմենիաТV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ մեդիադաշտում գոլ խփելու և թիրախային լսարան ձեռք բերելու մասին

18:51 • 20.07.19

Մրցակցի դարպասը գրավելու համար նախ պետք է տիրապետել իրավիճակին՝ լինի Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» «Էմիրեյթս» մարզադաշտում, թե՞ հեռուստաարտադրանք ստեղծողը՝ մեդիադաշտում:

Tert.am Life-ը ներկա է եղել «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի՝ «Ինչպե՞ս գոլ խփել մեդիադաշտում» խորագրով վարպետության դասին։

Վերջինս մասնակիցներին առաջարկեց անցկացնել մտավոր մարզում «Մեդիան`որպես բիզնես հաջողելու և մեդիադաշտում մրցակցի դարպասը գրավելու» թեմայով։

«Թեմաները պատահական չեն ընտրված. սրանք այն սկզբունքներն են, որոնք տալիս են մեդիադաշտում զարգանալու և զարգացնելու հնարավորություն: Այս թեմաները չեմ հորինել ես, չեն հորինել մեդիայում աշխատող այլ մարդիկ՝ սրանք այս դաշտում սահմանադրության պես մի բան են: Ամբողջ աշխարհում նույն սկզբունքներն են, որպես հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհ»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը:

Նրա համար վարպետության դասն անցկացնելու վայրի ընտրությունը սկզբունքային է. «Ուզո՞ւմ եք մասնակցել, եկեք Գյումրի»։ Մխիթարյանը վստահեցնում է՝ սա առաջին, բայց ոչ վերջին փորձն է․ «Սեմինարը Գյումրիում անցկացնելու որոշումը պայմանավորված է այն բանով, որ ես, լինելով գյումրեցի, պարտավոր եմ իմ համաքաղաքացի երիտասարդներին տալ բիզնես ինֆորմացիային առաջին ձեռքից տիրապետելու հնարավորություն: Սա ինֆորմացիա է, որը հետագայում իրենց կբերի հաջողություն: Որքան էլ կարելի է ինձ այս բիզնեսում համարել հաջողակ մարդ, ես հավերժ չեմ, նոր գյումրեցիներ են պետք այս ոլորտում, որովհետև փորձը ցույց է տվել, որ գյումրեցիները մեդիաոլորտում շատ ուժեղ են,- ասաց նա, ապա անդրադարձավ խորագրի ընտրությանը,- Փառք Աստծո, հորս ազգանունը Մխիթարյան է։ Շատ երկար պետք չէր մտածել, թե ինչպես անվանեմ վարպետության դասը»։

Ըստ Ռուբեն Մխիթարյանի՝ թիմի աշխատանքն ամենակարևորն է: Մեդիաոլորտում կարևոր է ինչպես քո, այնպես էլ ճիշտ փոխանցում անող խաղընկերոջ մարզավիճակը. «Եթե նույնիսկ դու Մխիթարյանն ես, երբ դաշտում չլինեն Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, քեզ շատ դժվար կլինի գոլ խփել»։

Պրոդյուսերը, որպես վարպետության դասի հիմնական կետեր, առանձնացրել էր երեք հարց՝ ո՞վ է ստեղծում, ի՞նչ է ստեղծում, ո՞ւմ համար է ստեղծում։ Հարցերին Ռուբեն Մխիթարյանն անդրադարձավ հակառակ հաջորդականությամբ։ Ըստ պրոդյուսերի՝ առաջնային կարևորություն ունի, թե ինչպե՞ս է մեդիաոլորտի մասնագետն ընտրում իր թիրախային լսարանը, որքանո՞վ է ճանաչում նրանց և նրանց նախասիրությունները։
Ավելի քան 4 ժամ տևողությամբ դասն ընթացքում վերածվեց երկխոսության՝ մեդիայի թեմաներից մինչև մշակութային արտադրանք տալը։ Հեռուստատեսության՝ ժամանց ապահովելու հիմնական գործառույթից ստացված շահույթը յուրաքանչյուր հեռուստաընկերություն բաշխում է՝ ըստ իր նախասիրությունների։ Պրոդյուսերը վստահ է՝ մասնավոր հեռուստաընկերությունը բիզնես է, որն իր թիրախային լսարանի հետ ճիշտ աշխատելու արդյունքում կարողանում է շահույթ ապահովել։ Այստեղ կարևոր է հեռուստատեսության վարած քաղաքականությունն ու հավասարակշռությունը՝ ժամանցային հաղորդումների կողքին և դրանց ապահոված շահույթով հեռուստադիտողներին տալ արտադրանք ճանաչողական ու կրթական ձևաչափերով։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

«ԱրմենիաТV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ մեդիադաշտում գոլ խփելու և թիրախային լսարան ձեռք բերելու մասին