«Ազնիվ գողերը» ֆիլմի ամերիկյան պրեմիերայից հետո մեծ պրեմիերա է նախատեսվում նաև Հայաստանում
Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը նախորդ տարի ամռանը Հայաստանում նկարահանեց «Ազնիվ գողերը» կատակերգությունը։ Այս օրերին ստեղծագործական թիմը խոսում է ֆիլմի ամերիկյան պրեմիերային մասին, որը կկայանա օգոստոսի 4-ին։
Tert.am Life-ը Գոռից հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Պարզվում է՝ չնայած հայաստանյան պրեմիերայի մասին դեռ չեն հայտարարել, օրն արդեն հայտնի է:
«Սեպտեմբերի 19-ին կկայանա երևանյան պրեմիերան: Մեծ պրեմիերա ենք նախատեսում: Աշխատանքային թիմով գալու ենք Հայաստան: Մեկ ամիս առաջ այդտեղ կլինենք, որպեսզի զբաղվենք ֆիլմի առաջխաղացմամբ»,- ասաց Գոռը, ով լսարանին առավել հայտնի է «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգությամբ:
Ֆիլմի գլխավոր դերերում են Արամ Mp3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արտակ Գասպարյանը, Արտաշես Մխիթարյանը և այլք:
Արամի մարմնավորում է քաղաքի մաքրությամբ զբաղվող տղայի, որը շատ է սիրում իր աշխատանքը, բայց հասկանում է, որ միայն դա քիչ է։
«Կերպարս ռիսկերի գնալ շատ չի կարողանում, քանի որ մինչև այդ կյանքը նման հնարավորություն չի ունեցել։ Ընկերոջ խորհրդով սկսում է ռիսկային քայլերի գնալ։ Ուզում է ավելի զարգացնել իր մասնագիտությունը և սկսում է աշխատել այդ ուղղությամբ,– պատմել է Արամն ու նկատել, որ իրենց ընկերախումբը հետաքրքիր գույներ ունի,– միշտ չէ, որ ընկերական շրջապատում բոլորը հաջողակ են։ Միշտ կա մեկը, որը ծիծաղելի է, մյուսը անտեղի բաներ է ասում, երրորդը բարձր է խոսում։ Հավաքված են կյանքից վերցրած կերպարներ, իհարկե, մի քիչ գրոտեսկ կա, քանի որ կատակերգություն է»։







