Գայանե Ասլամազյանն ԱՄՆ-ում 2 նոր նախագիծ ունի

13:45 • 09.08.19

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, ով ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, շուտով լսարանին կներկայանա նոր նախագծերով։ Տևական դադարից հետո Գայանեն միանգամից 2 նորություն ունի, որոնց մասին պատմել է Tert.am Life-ին։

ԱՄՆ-ում գործող հայկական հեռոււստաալիքի՝ «Հորիզոն TV»-ի եթերում հաղորդավարուհին շուտով կներկայանա «P.S․ Գայանե Ասլամազյանի հետ» հաղորդման շրջանակում։

Տևական ժամանակ եթերից բացակայելուց հետո Գայանեն կարոտով ու հուզմունքով է վերադարձել նկարահանման հրապարակ։

«Երկարատև դադարից հետո սրտի թրթիռով էի սպասում առաջին հաղորդման նկարահանմանը։ Նախագիծն իրենից ներկայացնում է բաց ձևաչափ, որն ամեն հյուրին անհատական մոտեցում է ցույց տալիս։ Ծրագիրը նպատակ ունի մի հարթակ բերել իրարամերժ տեսակետներ, մարդկային մտքի ու ճակատագրի բազմախորհուրդ շերտեր։ Հուսամ՝ իսկապես հետաքրիր կլինի»,- ասաց նա։

Գայանեի մյուս նորությունը որպես դերասանուհի է։ Նա նկարահանվում է «Թշնամու անկողնում» կոչվող հեռուստասերիալում, որտեղ իր հերոսուհու անունն էլ Գայանե է։

Դերասանուհու մարմնավորած կերպարն ԱՄՆ է եկել նոր կյանք սկսելու։ Ավելին բացահայտել նա զգուշանում է։ «Չեմ կարծում, որ փակագծերը բացելը ճիշտ կլինի, քանի որ հեռուսադիտողները պետք է իրենք անեն իրենց բացահայտումները»,- ասաց նա ու հավելեց, որ խաղում է սիրված դերասաններ հետ։

2017-ին՝ ամուսնությունից հետո, ԱՄՆ տեղափոխվելուց հետո տեղի կենսակերպին  հարմարվելու խնդիր դերասանուհին չի ունեցել։ Նա նկատեց, որ միշտ սիրել է Միացյալ Նահանգները։ Հայաստան գալու մտադրություն հաղորդավարուհին առայժմ չունի։

Գայանե Ասլամազյանն ԱՄՆ-ում 2 նոր նախագիծ ունի