Մարիամ Ադամյանի, Դավիթ Աղաջանյանի, Անի Պետրոյանի մասնակցությամբ «Թղթե երազանք» նոր հեռուստաֆիլմի առաջին կադրերն ու ստեղծման նախապատմությունը

15:34 • 19.08.19

«Շանթ» հեռուստաընկերությունը շուտով ներկայացնելու է 24 մասից բաղկացած «Թղթե երազանք» հեռուստանովելը։ Դեպքերը զարգանում են Գյումրիում և պատմում անապահով պայմաններում ապրող, բայց մեծ աշխատասիրությամբ օժտված երեխայի մասին։

Մոտիվացիոն ֆիլմի առաջին մանրամասները «Թղթե երազանք» հեռուստանովելի բամադրող-ռեժիսոր Գարրի Զաքարյանը և սցենարիստ Անի Մաղաքյանը պատմել են Tert.am Life-ին։

Կերպարը, որին հեռուստադիտողները կտեսնեն էկրանին՝ հավաքական է, որը ստեղծելիս սցենարիստն ու բեմադրող-ռեժիսորը օգտվել են 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Ապագայի համար» հեռուստամարաթոնի ռեպորտաժներից, որոնք պատմում էին իրական պատմություններ՝ անապահով պայամաններում ապրող գյումրեցի երեխաների երազանքների և առօրյայի մասին։  

«Ֆիլմի գաղափարը «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր Արթուր Եզեկյանինն է։ Առաջարկվեց գրել պատմություն, որտեղ կստանանք օրինակելի հերոս, սակայն ոչ միայն երեխաների շրջանում, այլև այնպիսի կերպար, որն իր ուժով կարող է մոտիվացնել նաև մեծերին։ Երբ ես նայեցի ռեպորտաժներից մի քանիսը, արդեն ինձ համար  պարզ էր, թե պատմությունն ուր է գնալու և ինչպիսինն է լինելու։ Իհարկե այդ երեխաներից ամեն մեկի պատմությունը մի առանձին ֆիլմ է, սակայն ես վերցրի երկու պատմություն, որոշ դետալներ ու  մեր հերոսը ստացվեց այդ բոլոր երեխաներից հավաքական կերպար։ Մենք տեղային այս մի պատմությամբ բարձրացնում ենք ընդհանուր խնդիր»,- ասաց սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը։

Վերջինս խոսելով պատմության մասին ասաց, որ այն մոտիվացնող մեծ ուժ ունի և պատմում է ոչ թե գերբնական կարողություններով օժտված երեխայի այլ ամենասովորական կերպարի մասին։  

«Սա պատմություն է երեխայի մասին, որն ի հեճուկս իրեն շրջապատող վատ պայմանների, կարողանում է իր  ձգտումների, նպատակասլացության, աշխատասիրության շնորհիվ հասնել ավելիին։ Սա իսկապես օրինակ է, որովհետ չենք վերցրել յուրահատուկ ունակություններով, գերբնական ընդունակություններով  հերոսի։ Մեր հերոսը սովորական երախա է, ում գերբնականությունը իր աշխատասիրության մեջ է։ Նման պայամաններում ապրող երեխաների համար սա օրինակ է՝ տես դու էլ  կարող ես, քանի որ կարողացել է քեզ նման մեկ այլ երեխա։ Հայաստանի մարզերից մեկում՝ իրենց տնակում նստած, անապահով պայմաններում ապրող երեխան պետք է տեսնի մեր հերոսին ու հասկանա, որ ինքն էլ կարող է ունենալ ավելին, հասնել ավելիին, եթե լինի աշխատասեր այնպես, ինչպես մեր հերոսն է»,- նշեց սցենարի հեղինակը։

Ռեժիսոր Գարրի Զաքարյանի խոսքով պամելու են մարդու ուժի մասին, իսկ իր ռեժիսորական լուծումներով ինքը փորձել է ամեն ինչ, իր խոսքով, ուրիշ կերպ ներկայացնել․ «Շատ վաղուց չի եղել ֆիլմ, որտեղ կցուցադրվի գյումրեցիների իրական կերպարները, որովհետև այդ կերպարները սովորբար գրոտեսկային մետացմամբ են և հիմնականում հումորային ձևաչափով։ Իսկ ես ուզում էի  ստանալ բոլորովին հակառակը՝ ցույց տալով, թե որքան իսկական են, որքան բնական են։ Եվ շատ կարևորել ենք նաև բարբառի օգտագործումը և դա հնարավորինս բնական ներկայացնելու համար է։ Հեռուստադիտողը պետք է հենց առաջին խոսքերից հավատա, որ էկրանին իրական մարդիկ են, իրական խնդիրներով, մտքերով, երազանքներով։ Ռեսիսորական իմ գլխավոր նպատակը այն էր, որ այդ ֆիլմում ամեն ինչ մատուցվի ուրիշ կերպ, տարբերվի, որ մարդիկ տեսնեն իսկական գյումրեցի»։

Սցենարիստը ևս անդրադարձավ ֆիլմում բարբառի օգտագործմանը նշելով․ «Քանի որ ես չէի կարող գրել գյումրեցիների բարբառով, ադապտացիայի հարցում օգնել է դերասանուհի Նառա Սանթոյանը, որին ևս կտեսնենք հեռուստանովելում։  Երբ սցենարը գրում էի առանց բարբառի՝ դեռ չէի պատկերացնում, թե ինչ եմ գրում և ինչ եմ ստանալու։ Սակայն երբ առաջին անգամ Նառան այն կարդաց բարբառով՝ այդ ժամանակ էլ Գյումրու ամբողջ շունչն ու տրամադրությունը հստակեցվեց։ Իսկապես այդ պահին ահսկացանք, թե որքան լավ բան ենք ստացել»։

Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանն, ապա ռեժիսորն ասաց, որ իրենք հնարավորինս բնականությունը պահպանելու միտումով գյումրեցի կերպարները մարմնավորելու համար ընտրել են արմատներով գյումրեցի դերասանների։

Ֆիլմում նկարահանվել են Անի Պետրոսյանը, Դավիթ Հակոբյանը, Մարիամ Ադամյանը, Ելենա Բորիսենկո, Դավիթ Աղաջանյան։