«Դրանում վատ բան չեմ տեսնում»․ Զիրոյանը՝ Իննա Խոջամիրյանի հետ համբույրի տեսարանի, իրենց սիրավեպի լուրերի ու «Երկուսով» սերիալում ընդգրկվելու մասին

12:49 • 23.10.19

«Երկուսով» հեռուստասերիալն արդեն «Շանթ»-ի եթերում է: Tert.am Life-ն ավելի վաղ իր ընթերցողներին պատմել է նախագծում տեղ գտած փոփոխությունների մասին։ Հեռուստանովելի գլխավոր հերոսին այժմ մարմնավորում է Զիրոյանը, ով իր կերպարի, առաջարկը ստանալու և սիրահարված տղա խաղալու բարդությունների մասին առաջինը պատմել է Tert.am Life-ին։

«Առաջարկը ստացա ռեժիսոր Հայկ Վարդանյանից։ Մարմնավորելու եմ գլխավոր հերոսի՝  Մարկի կերպարը, ով չորրորդ կուրսի ուսանող է, իր տարիքին բնորոշ չարաճճիություններ ունի։ Բնավորության գծերն ինքս իմ մեջ եմ ուզում գտնել։ Այսինքն՝ փորձում եմ հասկանալ, թե ինքն ինչ կերպար կարող է լինել։ Շատ կարևոր է տրամաբանական գիծը, որը հիմա ուզում եմ ընկալել։ Մարկը շատ լավ հարաբերություններ ունի իր մոր հետ, հոր հետ՝ շատ վատ։ Ունի քույր, ով իրեն երբեմն բարկացնում է՝ չհամաձայնեցված քայլեր անելով։ Դեռ սկզբնական փուլն է, թե հետո ինչ է սպասվում, առայժմ չեմ կարող ասել»,- ասաց դերասանը։

Զիրոյանի խոսքով՝ փորձում է մեկտեղել բնավորության տարբեր գծերն ու ստեղծել կերպար, որին հեռուստադիտողները կսիրեն լավ ու վատ կողմերով հանդերձ։ «Ես ուզում եմ գտնել շատ համով կորիզ, որը հեռուստադիտողը կսիրի և կասի՝ լավ տղա է, բայց մի քիչ թերություններ ունի։ Թերությունների մասը շատ կարևոր է, որովհետև ոչ ոք անթերի չէ։ Այդ գծերը հեռուստադիտողին հասցնելով՝ ասում ենք, որ պետք չէ այդպիսին լինել։ Շատ եմ կարևորում կերպարի միջոցով հաղորդագրություն տեղ հասցնելը»,- նշեց Զիրոյանը։

Դերասանն անկեղծացավ ու ծիծաղելով ասաց՝ դժվարանում է սիրահարված տղայի կերպար խաղալ․ «Ինձ համար դժվար է սիրահարված տղայի կերպարի մեջ մտնել։ Ասում են, թե սիրահարված տղա ես, քեզ այսպես պետք է պահես, սա պետք է անես, բայց մի հարց կա՝ Զիրոյանը դեռ չի պատկերացնում, թե ինչպես սիրահարված տղան կանի նման քայլեր, հաջորդ պահին՝ այլ քայլեր։ Ինքս իմ մեջ ծիծաղում եմ, բայց կփորձեմ մի բան անել։ Առաջին օրը, երբ պետք է նկարահանեինք սիրահարված զույգի տեսարանը, ծիծաղում էի, բայց ոչ միայն դերի համար։ Ես 28 տարեկան եմ ու ինձ դժվարությամբ եմ պատկերացնում նման ռոմանտիկ բաներ անելիս։ Հենց նման պահերին է, որ մտածում եմ՝ սիրահարված տղան նման բաներ չէր անի։ Այսինքն՝ իմ պատկերացրած կերպարը, որքան էլ սիրահարված լիներ, աղջկա հետ այգում թռվռալով ման չէր գա»։

Ըստ դերասանի՝ այստեղ բախվում է հոգեբանականի դժվարության, քանի որ մտածում է՝ ամեն մարդ իր ձևով է սիրում։ «Ըստ իս, երբ տղան սիրում է, իրեն ավելի ծանր է սկսում պահել։ Համենայն դեպս, ես սիրահարված ժամանակ այդպիսին չեմ դառնում։ Նման պահերին ես ավելի քչախոս եմ, դեմքիս միշտ ժպիտ է, աչքերիս՝ փայլ։ Որքան էլ ներսից ինձ լավ եմ զգում, արտաքուստ չեմ կարողանում ցույց տալ։ Ֆիլմում պետք է արտահայտեմ զգացնունքներս։ Սա հոգեբանական հարց է, որովհետև սիրահարված մարդու կերպարն ուղղակի չես կարող ինչ-որ տեղից վերցնել, ամեն մեկը դա յուրովի է ապրում։ Կարող է շատախոս մարդը սիրահարված լինելու շրջանում դառնալ քչախոս, քչախոսը՝ շատախոս։ Քանի որ ինքդ ժամանակին դա ապրել ես, հիմա փորձում ես զգացածդ դնել կերպարի մեջ։ Չգիտեմ, ինչպես կստացվի»,- ասաց Զիրոյանը։

Դերասանը նշեց, որ Մարկի հետ առաջին հանդիպումը դեռ չի եղել, քանի որ առայժմ հոգեբանական տեսանկյունից փնտրտուքների մեջ է։ «Դեռ չենք ծանոթացել․ Զիրոյանը Մարկի հետ բանակցությունների մեջ է։ Տեսարանից առաջ մեկ անգամ էլ սցենարին ծանոթանալով՝ մտածում եմ՝ ինքը նման բան կանե՞ր, կասե՞ր։ Հիշում եմ իր արած քայլերն ու հասկանում, որ նա իրեն այդպես չէր պահի, որովհետև նախկինում այսպիսի բան է արել»։

Զիրոյանն ասաց, որ բացասական կերպարում իրեն ավելի լավ կզգար․ «Բացասական դերերը թևերն ավելի լայն բացելու հնարավորություն են տալիս։ Երբ մտնում ես սիրահարված տղայի կերպարի մեջ, թևերդ մի փոքր կտրվում են, չես կարողանում անել այն, ինչ կանեիր»։

Հանգամանքը, որ իրենից առաջ նախագծում նկարահանվել է Բեն Ավետիսյանը, դերասանի խոսքով, իր վրա որևէ ազդեցություն չի ունեցել․ «Իմ խաղի վրա, բնականաբար, դա չի ազդում, որովհետև ես անում եմ իմ աշխատանքը, ինձնից առաջ այլ դերասան է խաղացել այդ դերը, թե ոչ, ինձ չի վերաբերում։ Առհասարակ, դերասանական անձնակազմը շատ լավն է՝ առաջին անգամ եմ համագործակցում այս կազմի հետ»։

Նախագծում Զիրոյանի խաղընկերուհին Իննա Խոջամիրյանն է։ Ավելի վաղ դերասանուհին հրապարակել էր համատեղ լուսանկար, որը բուռն արձագանքի արժանացավ, քանի որ նրանց սիրավեպ վերագրեցին։ Դերասանն ասաց, որ ինքը հանկարծակիի է եկել այսպիսի արձագանքից․ «Անկեղծ եմ ասում, երբ Իննան հրապարակել էր լուսանկարը, որտեղ, ի միջի այլոց, իմ դեմքը չէր երևում, չէի էլ սպասում, որ կարող է նման արձագանք լինել։ Դա նկարահանման հրապարակում արված աշխատանքային լուսանկար էր։ Հարցնում էին՝ արդյոք անձնական կապ ունենք, չեմ մեկնաբանել, որովհետև մեկնաբանելու բան էլ չկա։ Աշխատանքային լուսանկար է»։

Անդրադառնալով իր և Իննայի համբույրի տեսարանին՝ դերասանն ասաց․ «Համբույրի տեսարանն իրական է։ Փորձել ենք այնպես անել, որ տեսարանը գեղեցիկ լինի։ Մենք դերասան ենք, դա աշխատանք է, որի մեջ մտնում է նաև համբույրի տեսարանը։ Ես դրա մեջ ոչ մի վատ բան կամ խնդիր չեմ տեսնում»։

Սերիալի ձևաչափում հեռուստադիտողները դերասանին տեսնում են որոշակի ընդմիջումից հետո։ Ըստ Զիրոյանի՝ հեռուստասերիալն այն հարթակն է, որտեղ դերասանը կարողանում է միշտ ռիթմի մեջ մնալ․ «Սերիալը ռիթմի մեջ է պահում քեզ՝ հեռուստադիտողներին անընդհատ հիշեցնելով քո մասին։ Չէի մտածում, որ հիմա երկարաժամկետ սերիալում կնկարահանվեմ, գրաֆիկի խնդիր ունեի, բայց բոլոր հարցերն արդեն լուծված են։ Իհարկե, եթե զգամ, որ ֆիզիկակապես չեմ կարողանում հասցնել ու հոգնածությունս անդրադառնում է կերպարիս վրա, թույլ չեմ տա, որ նկարահանումները տուժեն։ Եթե նման բան լինի, ես ուղղակի իմ գործերից մեկին կասեմ ցտեսություն»։

Նշենք, որ դերասանը հանդես է գալիս մի քանի նախագծում, վարում է կորպորատիվներ ու աշխատում Կամերային թատրոնում։ Հարցին՝ ո՞ր ոլորտին է Զիրոյանը պատրաստ ասել ցտեսություն, նա պատասխանեց․ «Սերիալին, որքան էլ դա ցավալի ու դժվար լինի։ Ունեմ պայմանագիր, բայց, եթե նման բան լինի, վստահ եմ, կկարողնանք համաձայնության գալ։ Այս առումով որևէ խնդիր չկա։ Ինչ վերաբերում է հեռուստադիտողների արձագանքին, կփորձեմ նրանց էլ բացատրել, որ ֆիզիկապես ուղղակի չեմ հասցրել, հոգնած եմ եղել և այլն։ Սա, իհարկե, ենթադրություն է, որովհետև աշխատանքն ընթացքի մեջ է ու դեռ ամեն ինչ հասցնում եմ»։