«Հնարավորություն եմ տվել դերասաններին ի ցույց դնել իրենց բնությունը՝ առանց սեքսիզմի»․ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Թողություն» 18+ դրաման՝ Խորեն Լևոնյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ
Առաջին ալիքի եթերում շուտով կցուցադրվի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Թողություն» հեռուստասերիալը։ Նախագիծ, որի պատմությունն, ըստ ռեժիսորի, սկիզբ է առել սովորական տաքսու մեջ։ Դրվագ, որ հիմք դարձավ մի ամբողջ հեռուստանախագծի, որը եթերում կլինի նախ որպես 16 մասից բաղկացած ֆիլմ, ապա որպես լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։
Tert.am Life-ը զրուցել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ։ Վերջինս պատմել է ֆիլմի նախապատմության, սցենարական լուծումների և դերասանական անձնակազմի ընտրության մասին։
«Ձմեռային մի երեկո փողոցում երիտասարդ, շատ գրավիչ մի կին մոտեցավ ինձ ու խնդրեց իրեն տաքսիով տուն հասցնել, հավանաբար իմ դեմքը ծանոթ թվաց՝ վստահություն ներշնչելու իմաստով։ Մեքենայում ինքն ինձ ասաց, որ եկել է կրծքի հետազոտության, հերթի պատճառով ուշացել է ու հիմա պետք է արագ հասնի տուն, որպեսզի ընտանիքում չիմանան դրա մասին։ Ասաց ուղղակի, որ ասի այդ մասին ինչ-որ մեկին։ Այս կարճ դրվագն է եղել «Թողություն» ֆիլմի ազդակը։ Կինը, որ իր կյանքին սպառնացող առողջական խնդիր ուներ, գրավիչ ու երիտասարդ այդ կինը, մտահոգված էր իր ընտանիքից իր խնդիրը թաքցնելու հարցով։ Այս տիեզերական անճշտությունը, կնոջ այս ինքնազոհությունը դարձավ ֆիլմի ստեղծման ազդակը։ Հետո այն բազմաթիվ տրասֆորմացիաների ենթարկվեց, բայց իմ ֆիլմի հերոսն արդեն կար»,- ասաց ռեժիսորը։

Հերոսուհին կար, որից պետք է սկիզբ առներ պատմությունը, ինչը հետո կդառնար սցենար։
«Սցենարը գրել ենք ես և Մարինե Զաքարյանը։ Հեռուստատեսային տարբերակի համար իր սիրալիր մասնակցությունն է բերել Անահիտ Աղասարյանը։ Սցենարը ֆիլմ դարձնելը իմ մասնագիտությունն է, ես ռեժիսոր եմ, սցենարը գրելիս համադրում եմ դրամատուրգիայի կանոնները մտքումս եղած պատկերների հետ։ Ես պետք է տեսնեմ գրելուց։ Պատկերներով մտածող մարդ եմ։ Այդ պատճառով ինձ հեշտ է նկարել իմ գրած սցենարով։
«Թողություն»․ վերնագիր, որը հեռուստադիտողներին հնարավորություն կտա երևակայել և պատկերացնել՝ ինչ՞ մասին էլինելու այս ֆիլմը։ Հովհաննես Գալստյանը պատմեց․ «Նախնական տարբերակում ֆիլմի վերնագիրը «Ռեմիսիա» էր․ սա անբուժելի հիվանդության հետ կապխված բժշկական տերմին է՝ օրինակ քաղցկեղի կամ շիզոֆրենիայի դեպքում։ Լինում են հիվանդության դադարի շրջաններ, հայերեն դրան ասում են նաև «Լուսավոր շրջան»։ Մեր հերոսուհու մոտ ռեմիսիայի շրջանն է, բայց մենք խուսափեցինք նեղ մասնագիտական շրջանակի համար հասանելի վերնագրից, որոշեցինք վերցնել «ռեմիսիա» տերմինի այլ թարգմանություն՝ «Թողություն», որն ավելի ընդգրկուն է»։

Անդրադառնալով սյուժեին՝ ռեժիսորը ժպիտով ասաց, թե չի պատմի որևէ բան, հատկապես, որ եթերին քիչ ժամանակ է մնացել․ «Միայն կասեմ, որ մենք նկարում ենք ժամանակակից պատմություն՝ մեր օրերի մասին ու շատ մարդիկ հեռուստադիտողներին ճանաչելի կլինեն։ Դուք կասեք՝ վայ սա այս մարդն է, նա՝ նա է։ Դուք կտեսնեք հայկական հեռուստատեսության համար անսովոր, արվեստի շատ մեծ չափաբաժնով, տեխնիակական և դրամատուրգիական բարձր չափանիշներով արված հեռուստասերիալ։ Կտեսնեք միջազգային դերասանական կազմ, կլսեք գերմաներեն, ֆրանսերեն տեքստեր, կլսեք նաև Շուբերտ, Լեոնկավալոյի «Պայացներից» հատված։ Միևնույն ժամանակ սա շատ կենցաղային պատում է՝ մեզ ծանոթ կյանքն է, սիրո, սիրային եռանկյունու, դավաճանության և ներման մասին, որ պատմելու ենք գուցե մի քիչ անսովոր, մի փոքր ոչ կարծրատիպային։ Ինչպես ասում է Դոստոևսկին՝ «ճշմարտությունը երբեք ճշմարտանման չի լինում»։
Ռեժիսորն, ավելի վաղ, իր խոսքում նշել էր՝ գեղարվեստական դրամայի տարբերակում ֆիլմը լինելու է 18+։ Նրանից պարզեցինք՝ ի՞նչ ասել է 18+․ խոսքը բաց տեսարանների, թե՞ սյուժետային առավել հասուն թեմաների մասին է․ «Այո՛, կլինեն բաց տեսարաններ, եթե բաց ասելով հասկանում ենք սեքսուալ կամ էրոտիկ տեսարանները։ Բայց էրոտիզմը միայն բաց տեսարանները չեն։ Իմ կարծիքով կինը ինքնին սեքսուալ է, պահեք կնոջ վրա կինոխցիկը մեկ րոպե անշարժ ու կտեսնեք, որ սեքսուալությունը կնոջ բնության մեջ է»։

Ռեժիսորն ընդգծ է նաև շքեղ և սեքսուալ կանանց ներկայությունը։ նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ազդեցություն կունենան նրանք նախագծի վարկանշային ճակատագրի վրա։
«Ինձ համար չկան սեքսուալ և ոչ սեքսուալ կանայք։ Շքեղ և ոչ շքեղ կանայք նույնպես չկան։ Խնդիրը նայողի, «գնահատողի» մեջ է։ Ցանկացած կին պատրաստ է շքեղ լինել, հարցն այն է՝ ու՞մ համար։ Ֆիլմում ես պարզապես հնարավորություն եմ տվել մեր դերասաններին՝ ի ցույց դնել իրենց բնությունը, առանց սեքսիզմի։ Դուք իսկապես կտեսնեք մեկ տասնյակ կին դերասանների, որոնք չափազանց գրավիչ են, սեքսուալ, միևնույն ժամանակ բացառիկ են ու ոչնչով չեն կրկնում միմյանց։ Ես որպես հանդիսատես կինոէկրանին միշտ փնտրում եմ կանանց։ Հիմա որոշել եմ նրանց նաև ցուցադրել։ Ու պետք է ասեմ, «Թողությունով» իմ այդ ցանկությունը չի պարպվել։ Ես կարծում եմ, որ հայկական կինոն պարտք է հայ կանանց և բավարար չափով չի պատմել աշխարհին այն մասին, թե որքան բացառիկ են հայ կանայք, որքան շքեղ ու անկրկնելի»,- ասաց ռեժիսորը։
Ռեժիսորն ասաց՝ ֆիլմի դեպքում իրենք կունենան շուկա՝ հատկապես եվրոպական շուկա, որի համար իրենց գործընկերեներն ամեն ինչ անում են։

«Հեռուստահանդիսատեսի դեպքում մի քիչ այլ է։ Մենք ունենք շատ ցածրորակ հեռուստաարտադրանքով կարծրատիպեր ձևավորված հեռուստահանդիսատես։ Մեր ֆիլմի դրամատուրգիական կառուցվածքն այդքան պարզունակ չէ։ Բայց ես մեծ հավատ ունեմ հանդիսատեսի հանդեպ։ Գիտեմ, որ հանդիսատեսը սպասում է և կարող է ըստ արժանվույն գնահատել լավ աշխատանքը։ Ես չեմ հասկանում ինչպես կարող է որակյալ հեռուստասերիալը լինել ռիսկային։ Այո ռիսկային է, եթե ուզում եք, որ մեր հանդիսատեսը մշտապես հնդկական սերիալներ նայի։ Բայց մենք չպետք է երկակի ստանդարտներ կիրառենք։ Չի կարելի նորմալ վերաբերվել այն պնդմանը, որ հայկական հեռուստասերիալները սա են ու վերջ, իսկ եթե ուզում եք լավ բան նայել, նայեք ռուսական, եվրոպական, ամերիկյան սերիալները։ Սա շատ վատ, վտանգավոր բան է, մենք ինքներս մեզ չպետք է գավառական, երրորդ կարգի երկրի տեղ դնենք։ Մենք կարող ենք և պետք է այնպիսի արտադրանք մատուցենք մեր հեռուստադիտողին, որ ամոթ չի նաև միջազգային շուկա հանել։ Պետք է ազատվել լոկալ մտածողությունից»,- նշեց Հովհաննես Գալստյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե որքանով է ռիսկային դաշտում նկարահանել այսպիսի նախագիծ։
Դերասանական կազմի մասին խոսելիս ռեժիսորն ասաց․ «Գլխավոր հերոսին մարմնավորել է Խորեն Լևոնյանը, Գերմանիայում բնակվող, Հանովերի պետական Օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի Լիլիթ Հակոբյանը։ Գաբրիելի կնոջը, ուռուցքաբան Մարիին՝ Վիվյեն Բաստաջյանը։ Գաբրիելի գործը քննող քննիչին՝ Սոս Ջանիբեկյանը։ Դերասանների հետ աշխատելու իմ միակ սկզբունքը իր՝ դերասանի պատրաստվածությունն է, համապատասխանությունը կերպարին, նրա տաղանդն ու նվիրվածությունը իր աշխատանքին ու ֆիլմին։ Այլ սկզբունք չկա։ Ես խնամքով եմ ընտրում դերասաններին ու միշտ հոգ եմ տանում, որ նրանք լավ զգան իմ նկարահանման հրապարակում, բայց կախվածություն կամ կապվածություն չունեմ, եթե աշխատանքը չի ստացվում, շատ հանգիստ ընդհատում եմ համագործակցությունը»։

Ռեժիսորի խոսքով՝ իրենց հեռուստաարտադրանքը նրանց համար է, ովքեր ուզում են տեսնել լավ պատմություն, կիսել հերոսների հույզերի։ Նրա խոսքով իրենք չունեն նաև չհասկացվելու անհանգստություն, քանի որ․ «Չկա այնպես, ինչպես չկար անհանգստություն, որ իմ հացադուլի օրերին հասարակությունը անհաղորդ կմնա իմ բարձրացրած խնդրին։ Հասարակությունը շատ ճկուն, իմաստուն, խոհեմ օրգանիզմ է, որը շատ արագ արձագանքում է անկեղծությանը»։
Նշենք, որ ֆիլմի ձևաչափը փոխվել է նախնական տարբերակից։ Ռեժիսորն այս հանգամանքը բացատրում է, որ կինոկենտրոնն իրեն հասկացրել է՝ ինքն անցանկալի է անձ է (persona non grata) և իր համար փակ են կինոյին տրվող պետական միջոցները։ Հովհաննես Գալստյանը նախորդ տարի դատական երկու գործ է հարուցել ընդդեմ կինոկենտրոնի։
Ռեժիսորը՝ ձևաչափը փոխելուց հետո սկսել է ֆինանսավորման այլընտրանքային տարբերակներ փնտրել և իր նախագծով հետաքրքրվել են մի շարք հեռուստաընկերություններ, սակայն ինքը նախապատվությունը տվել է Առաջին ալիքին, քանի որ, ըստ նրա, Հանրային հեռուստաընկերությունն իր համար հարազատ կառույց է, որտեղից ինքը սկսել է ռեժիսորի իր կարիերան։
Հիշեցնենք՝ ավելի ուշ հասանելի է լինելու նաև այս ֆիլմի լիամետրաժ գեղարվեստական տարբերակը։












