«Մեր նպատակն է մեր գիտնականին առաջ բերել՝ որպես մերօրյա հերոսի»․ Նազենի Հովհաննիսյանն ու Հրաչ Քեշիշյանը՝ «Գիտության ուժը» նոր նախագծի մասին
«Գիտության ուժը» նոր հաղորդաշար է, որն ամեն երկուշաբթի կլինի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։ Նախագծի պրոդյուսերն ու ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Ըստ նրա՝ շարունակում են ներկայացնել ուժի գաղափարը տարբեր ոլորտներում։ Հաղորդումը վարում է Նազենի Հովհաննիսյանը։
Tert.am Life-ը նախագծի մանրամասների մասին զրուցել է պրոդյուսերի և հաղորդավարուհու հետ։
«Աշխարհի ստեղծման պահից սկսած գիտությունը, որպես ուղղվածություն, եղել է, կա ու կմնա։ Այսօր գիտությունն աշխարհի թելադրող ուժն է, բայց Հայաստանի Հանրապետությունում մենք շատ դեպքերում ոչ միայն չգիտենք մեր գիտնականներին, այլև կարծում ենք, թե չունենք գիտություն, մինչդեռ եթե մենք չգիտենք, չի նշանակում՝ չկա։ Այս հաղորդաշարով նպատակ ենք դրել զարգացնելու ոչ միայն գիտության մասին տեղեկությունը, ներկայացնելու այն, ինչ ունենք, այլև աշխարհին ցույց տալու, որ ունենք ներուժ, ԽՍՀՄ-ից մինչև այսօր ունեցել ենք գործող, աշխատող բացառիկ գիտնականներ։ Այդ գիտնականներն աշխարհին կարող են և թելադրում են նորարարություններ, անում են կարևոր և օգտակար հետազոտություններ, ստեղծում են նոր մեթոդիկա, ենթադրենք, քաղցկեղի դեմ պայքարից մինչև նանոմասնիկների հետ աշխատանք, նանոտեխնոլոգիաներ։ Սրանք ուղղություններ են, որոնք մենք ամեն շաբաթ հատ-հատ փորձում ենք բացել»,- ասաց Նազենին։

Նա նշեց, որ հաղորդաշարի ընթացքում ներկայացնում են Հայաստանում գործող այն օջախները, որոնք կերտում են ուղեղներ․ «Ներկայացնում են մեր ինստիտուտները՝ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը, Օրբելիի անվան ինստիտուտը, Պոլիտեխնիկական ազգային համալսարանը։ Ունենք մեկը մյուսից տարբեր գիտական հաստատություններ՝ օջախներ, որոնք ստեղծում են համաշխարհային ուղեղ։ Մեր երիտասարդներն այսօր շատ հաճախ դրսից հրավերներ են ստանում․ մեր նպատակն է զարգացնել այս դաշտն այնքան, որ մեր գիտնականին առաջ բերենք որպես մերօրյա հերոսի՝ մարդու, որը կերտում է նոր աշխարհ կամ աշխարհի մասին պատմում է նորովի՝ գիտության տեսանկյունից, զարգացնում է աշխարհը»։
Հաղորդավարուհին նկատեց, որ Հայաստանը, ունենալով փոքր տարածք, ունի ահռելի մեծ գիտական ներուժ․ «Մեր նպատակն է ցույց տալ գիտական այդ ներուժը, անհատներին, որոնք նվիրյալ են՝ մնում ու աշխատում են այստեղ, սակայն նրանց անուննները չգիտեն։ Ցանկանում ենք մարդիկ իմանան և հպարտանան, ուրախանան, որպեսզի երիտասարդը, դպրոցահասակ երեխան սկսի մտածել գիտնական կամ ինժեներ, ոչ թե մոդել կամ դերասան դառնալու մասին: Ես չեմ թերագնահատում որևէ մասնագիտություն, սակայն գիտնականն է այն ինժեները, որը ստեղծում է նոր աշխարհ, և մենք պարտադիր պետք է մեծարենք նրանց, տանք հարթակ, պատմենք նրանց մասին։ «Գիտության ուժը» նախագիծն այս ամենի մասին է»։

Նախագծի պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, շարունակելով հաղորդավարուհու խոսքը, ասաց, որ խոսելու են մերօրյա հերոսների մասին․ «Ունենք գիտություն, որը լայն քայլերով զարգանում է, մրցունակ է աշխարհում, ունենք գիտնականներ, մարդիկ, որոնք արել են բաներ և մեր կյանքն ավելի լավն է դարձել։ Ունենալով այս ամենը՝ մենք սրա մասին չենք խոսում։ Մենք մեր հերոսներին փնտրում և կերտում ենք այլ տեղերում, այնինչ հերոսներն այլ տեղում են։ Եթե այսօր հայ գիտնականը կարողանում է բացահայտել քաղցկեղի դեմ պայքարի միջոց, արհեստական մաշկ ստեղծում, մաթեմատիկական բարդ անալիզներ անում, որոնք աշխարհը վերցնում և օգտագործում է, ապա իրենք են իրական մերօրյա հերոսները։ Իրենց մասին պետք է խոսել, պետք է ասել՝ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը պետք է և կարող ենք օգտագործել»։
Նախագծի հեղինակների խոսքով՝ հաղորդումը պատրաստվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և PMI Science-ի աջակցությամբ։










