Դիանա Գրիգորյանը եթեր է վերադառնում որպես հաղորդավարուհի՝ գիտահանրամատչելի նախագծով
Պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը շուտով հեռուստադիտողին կներկայանա «Իմացիր ավելին» նոր նախագծով, որը եթեր կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Ըստ հեղինակ-վարողի՝ ճանաչողական հաղորդաշարը հայտնի թեմաները ներկայացնելու է անհայտ փաստերի բացահայտումներով։
Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան պատմել է նախագծի մանրամասները. «Գիտահանրամատչելի հաղորդաշար է, որում տարբեր թեմաներ խորացված մատուցելու ենք հեռուստադիտողին։ Մենք ունենք ուղերձ՝ ինֆորմացվա՞ծ եք, հրաշալի է, սակայն մեզ հետ հնարավորություն կա իմանալու ավելին։ Յուրաքանչյուր թեմա ներկայացնելու ենք առավել բաց՝ պահպանելով թեթևությունը, որպեսզի հեռուստադիտողը հաճույքով դիտի այն»։

Նա նշեց, որ տարիքային սահմանափակում չունեն, ներկայացվելիք թեմաները բազմազան են և կարող են հետաքրքրել բոլորին․ «Թեմաները տարբեր են՝ սերիալային համաշխարհային արտադրություն, հայ թատրոն, հայ կինո, միստիկա և աստղաբանություն, Սերգեյ Փարաջանով, Շարլ Ազնավուր, Բոլիվուդ, Հոլիվուդ ու այսպես շարունակ։ Թեմաները, իսկապես, տարբեր են, ինչի արդյունքում նախագիծը տարիքային սահմանափակում չունի»։
Դիանայի խոսքով՝ հաղորդաշարի գաղափարը վաղուց կար, սակայն իր զբաղվածությունը թույլ չէր տալիս այն իրականություն դարձնել: «Վաղուց ցանկանում էի նման նախագիծ ներկայացնել, սակայն սերիալն իր տիտանական աշխատանքով չէր թողնում շունչ քաշել: Գրեթե, մեկ տարի է, ինչ նկարահանում ենք այս հաղորդաշարը, սակայն դադարներով ենք աշխատել, որովհետև ես միշտ զբաղված եմ։ Ի վերջո, հասանք հաղթական այն կետին, երբ նախագիծը եթեր է գնալու»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հեռուստադիտողների արձագանքին՝ Դիանան կարծում է, որ այն դրական է լինելու: «Հեռուստադիտողը հաճախ ասում է, որ եթերում չկան ճանաչողական հաղորդումներ, հիմա կլինի նման հաղորդում։ Կարծում եմ՝ հաղորդաշարը կարժանանա միայն լավ արձագանքների։ Որքան էլ տիրապետես թեմային, այդ 30 րոպեի ընթացքում կգտնես թաքնված մի շերտ, որը քեզ համար անհայտ է, հաստատ ինչ-որ նոր բան կիմանաս, ինչը, ըստ իս, շատ կարևոր է։ Մեզանից յուրաքանչյուրն էլ, անկախ տարիքից, սովորելու կարիք ունի»,- եզրափակեց նա։















